«Բանակում և բաղդասարյաններ կան և մելիքսեթյաններ». Վահագն Սիմոնյան

Ժորժ Բրակը կարծում էր, որ գիտությունը ստեղծված է հանգստացնելու, իսկ արվեստը հուզելու համար: Թե ինչու հանգստարար գիտությունը թողնելով Վահագն Սիմոնյանի պրպտուն միտքը հուզելու արվեստին հակվեց, մանրամասնում է ինքը` Արմեն Էլբակյանի և «Պատանի Հանդիսատեսի» թատրոնների դերասան Վահագն Սիմոնյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է որպես «Բանակում»-ի «Մելիքսեթյան»:

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր դերասանական կարիերան:

-Ծնվել եմ Գավառի Կարմիր գյուղում և  սովորել եմ թիվ 2 միջնակարգ դպրոցում: Մինչև չափահաս տարիքս ապրել եմ Գավառում: Դպրոցս ավարտելուն պես ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի  կիրառական ծրագրավորման ֆակուլտետ: Ինչու՞: Որովհետև հայրս, մայրս, մեր ամբողջ ազգը ուսուցիչներ են (հայրս մաթեմատիկայի լավագույն մասնագետներից է Գավառում, մայրս էլ իմ դասղեկն է եղել տարրական դասարաններում) և որոշել էին որ իրենց որդին էլ պետք է գիտության ուղով գնա: Համալսարանում, չնայած, գերազանց ուսանողներից էի, (մինչև հիմա էլ գերազանց գիտեմ մաթեմատիկա և  ֆիզիկա) սակայն սովորեցի ընդհամենը մեկ տարի:

Հաջորդ տարի, առանց ծնողներից իմացության  համալսարանից վերցրեցի փաստաթղթերս ու գործերս տվեցի Թատրոնի և Կինոյի պետական Ինստիտուտ` դերասանական բաժին:

-Ինչո՞ւ կայացրեցիք այդ կտրուկ որոշումը և ինչպես արձագանքեցին դրան Ձեր ծնողները:

-Ասեմ, որ Գավառում թատրոն կա, սակայն ներկայացումներ չեն լինում: Ըստ այդմ, ես մինչև ինստիտուտում սովորելը երբեք կենդանի ներկայացում չէի տեսել, բայց միշտ երազում էի դառնալ թատրոնի դերասան: Երբ մտա ինստիտուտ իմանալու թե ինչ քննություններ պետք է հանձնեի, անգամ չգիտեի թե ինչ է էտյուդը: Առաջին քննությունից` բեմական խոսքից, ստացա 15 բալ: Իսկ էտյուդից ստացա 18 բալ`ամենաբարձր նիշը: Սովորել եմ, ի ուրախություն ինձ, Արմեն Էլբակյանի կուրսում: Հետագայում չորս տարի սովորեցի վերջինիս արվեստանոցում:

Միայն  ընդունվելուց հետո ասացի ծնողներիս, որ նման քայլ եմ արել: Սկզբում հորս չէի համարձակվում ասել, խնդրեցի, որ մայրս ասի, բայց հետո հայտնեցի որոշմանս մասին, ու չնայած, շատ ավելի վատ արձագանքի էի սպասում, բայց հայրս փորձեց հասկանալ ինձ: Հիմա նա լիովին վստահում է ինձ ու պատրաստ է աջակցել իմ ամեն որոշմանը:

-Որոնք էին դեպի մեծ բեմ տանող ձեր առաջին քայլերը :

-2004  թվականին, երբ ես ընդունվել էի ինստիտուտ, նույն թվականին Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի 60 ամյակն էր և կազմակերպվել էր փառատոն-մրցույթ, որին մասնակցում էին առաջինից չորրորդ կուրսերը: Մենք որպես ցածր կուրս ներկայացնում էինք էտյուդ, որտեղ ընդհամենը 15 վայրկյանանոց դեր էի խաղում: Վերջում ժյուրին ինձ հանձնեց «Լավագույն երկրորդ պլանի դերասան» մրցանակը: Դրանից հետո, հենց առաջին կուրսից Արմեն Էլբակյանը ինձ տարավ թատրոն ու «Դոն Կիխոտ» ներկայացման մեջ ինձ ջորեպանի դերը տվեց:

Դա իմ  մուտքն էր  թատրոն, առաջին շփումն էր մեծ դերասանների հետ…ուրիշ զգացում էր :

-Եվ ինչպե՞ս շարունակեցիք այդքան հաջող ու հարթ սկսված ուղին:

-Դրանից հետո Էդգար Էլբակյան կրտսերի  պիեսը բեմադրվեց, որտեղ նույնպես դեր ստացա: Ինստիտուտում էլ խաղում էի բոլոր կուրսերում: Իսկ մեր կուրսում բեմադրվեց  Բորիս Վասիլեվի «Իսկ Արշալույսներն այստեղ խաղաղ են» պիեսը, որտեղ գլխավոր դեր էի խաղում: Հայաստանում այդ պիեսը  բեմադրվեց երկրորդ անգամ ու մեծ հաջողություն ունեցավ. մի քանի ամիս այդ բեմադրությունը հեռուստաընկերությունները հաճախ ցուցադրում էին:

2008 թվականին ավարտական ներկայացումից անմիջապես  հետո ինձ մոտեցավ թատերական  միության գործիչների նախագահ Հակոբ  Ղազանչյանը և առաջարկեց աշխատել Պատանի Հանդիսատեսի Թատրոնում: Աշխատանքի ընդունվելուց  ընդամենը մեկ շաբաթ հետո գնացի բանակ:

Ծառայում էի Ղարաբաղում, մեր զորամասը 200 մետր էր հեռու Դաշուշեն գյուղից, մի գյուղ, որտեղ ապրում են 35 ընտանիք, բայց  ունի Մշակույթի  Տուն: Այդ ժամանակ Արցախի հանրապետության մասշտաբով մրցույթ էր կազմակերպվել , որին մասնակցեցին այդ գյուղի երեխաները իմ  բեմադրած ներկայացումով  ու գրավեցին առաջին հորիզոնականը: Մշակույթի տան հին շենքը այդ հաղթանակի շնորհիվ վերանորոգվեց: Մի խոսքով  երկու տարի եղա գյուղի «կլուբի վարիչը»:

-Իսկ մուտքը դեպի «Բանակում» հեռուստասերիալ ինչպե՞ս ստացվեց:

- Երբ բանակից վերադարձա նորից աշխատանքի անցա Պատանի Հանդիսատեսի Թատրոնում: Ինձ կինոն, անկեղծ ասած, երբեք չի հրապուրել, իսկ սերիալ իմ բանակ գնալուց առաջ չկար:

Այդ սերիալում մեծ մասամբ իմ ընկերներն էին ու երբ իմացան, որ վերադարձել եմ, ինձ Շանթ կանչեցին:

Երբ ծանոթացա կերպարին սկզբում ուզում էի հրաժարվել, քանի որ զգացի, որ իմը չի: Ես միշտ խաղացել եմ դրական կերպարներ.  «Պեպո» ներկայացման մեջ խաղացել եմ Կակուլի, «Ռոմեո Ջուլիետ»-ում Մերկուցցիո, «Ռնգեղջուրը» ներկայացման մեջ Բերանժե, «Լքված կանգառներ»-ում Պերճ…ու էլի շատ ներկայացումներ, որտեղ միշտ դրական կերպարներ եմ մարմնավորել: Մելիքսեթյանի կերպարը առաջին բացասական դերն  էր, որը ի վերջո որոշեցի  խաղալ:

Հիմա Արմեն Էլբակյանի բեմադրած «Տերը» ներկայացման մեջ արդեն խաղում եմ իմ երկրորդ բացասական դերը:

-Ումի՞ց եք ոգեշնչվել այդ բացասական կերպարը կերտելիս:

-Ծառայության ընթացքում մի սպա կար, ում հետ երկու տարի լեզու չգտա ու այսօր դրա համար շատ ուրախ եմ, քանի որ այդ ընթացքում հասցրեցի վերլուծել նրա հոգեբանությունը: Այսօր երբ ինձ ասում են «ինչ վատն ես», դա ասում են այդ սպային, այ իսկ երբ ասում են «լավ ես խաղում,  լավ ես ներկայացնում», այ դա իմ գնահատականն է:

-Բանակային հիշողությունները շատ թարմ են: Ի՞նչ կապ ունի սերիալի ներկայացրած բանակը հայկական բանակի իրականության հետ:

-Նայած ինչ խնդրով ես նայում այդ ամնեին: Սերիալը չի ասում, որ «այսպես է ծառայությունը», այլ հուշում է.«կարող է և այսպես լինել»: Տարբերվում է բանակից, բայց շատ չէ: Էստեղ հումորն է շատ ու ընկերությունը ներկայացված է այնպիսի բարձր մակարդակի վրա, որը իրականում հրաշալի կլիներ, որ այդպես լիներ: Բայց մեր զորամասի հրամանատարը եղել է Բաղդասարյանի կերպարի  նման մարդ, որին ամբողջ զորքը սիրել է, ում հետ մինչ օրս կապ ենք պահում: Այսինքն բանակում և բաղդասարյաններ կան և մելիքսեթյաններ:

-Ձեզ որպես դերասանի ի՞նչ է տվել սերիալում նկարահանվելը:

-Այսօր դերասանները վատ են ապրում, թատրոնը դերասանին պահել  չի կարողանում: Թվեր չասեմ,բայց եթե դերասանը սերիալում չնկարահանվի ու համարձակվի ծխախոտի վրա էլ գումար ծախսել, ուրեմն հաստատ տրանսպորտի 100 դրամն էլ չի ունենա, որ հասնի թատրոն: Սերիալը այդ 100 դրամն է տալիս դերասանին: Ես երկու թատրոնում եմ աշխատում, բայց երկուսի աշխատավարձը միասին կազմում է սերիալի աշխատավարձի 25%-ը:

-Տարբեր ռեժիսորների հետ աշխատելիս  Ձերը ստեղծելու մտահաղացում չե՞ք ունեցել:

-Փորձել եմ բեմադրել Գորկու «Հատակում»-ը, բայց մի բան ինձ չգոհացրեց, ես շատ բծախնդիր դուրս եկա ու  կիսատ թողեցի: Հետո կանդրադառնամ, անպայման: Ընկերոջս հետ գրել ենք մի պիես երիտասարդ ռեժիսորի մասին, որն անվանել ենք «Գիժը», բայց դեռ չգիտենք թե ում պետք է դիմենք, որ համաձայնվի հովանավորել, քանի որ հիմա մեծամասամբ ֆինանսավորվում են վատ, քուչի հայերենով ներկայացումները, որոնցում խաղում  են չկայացած դերասաններ, ովքեր թատրոնի հետ կապ չունեն:

-Կա՞ մի դեր, որ միշտ երազել եք ու դեռ չեք խաղացել:

-Կա: Միշտ երազել եմ խաղալ  Սիրանո Դե Բերեժերակ: Կարելի է ապրել, աշխատել, միայն հասնեմ այն պահին, որ այդ դերը խաղամ: Երբ կարդացի այդ գործը, հասկացա, որ իմ դերն է դա ու պետք է խաղամ:

-Նշեցիք որ դերասանի կյանքը լեցուն է բազմաթիվ դժվարություններով, սակայն ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում, որ հավատարիմ մնաք Ձեր մասնագիտությանը:

-Պատասխանեմ Վիլիամ Սարոյանի խոսքերով, որ շատ հարազատ է ինձ. «Եթե ինչ-որ գեղեցիկ և լուսավոր բան եմ տեսնում, ինչ-որ բանի մեջ, կամ ինչ-որ մեկի հոգում, ես զգում եմ թե ինչ հրաշալի է աշխարհի երեսին ապրելը»:

 

Մնում է հուսալ, որ Վահագն Սիմոնյանը իրականացնի իր առջև դրված խնդիրները և իր երկրպագուներին ու թատերասեր հասարակությանը կուրախացնի իր նոր ստեղծագործություններով ու կերտած կերպարներով:

 

Սուսի Միսակյան

 

loading...

Նմանատիպ նյութեր