Image default
Մշակույթ

Հայի հայ մնալու համառության պտուղները

Հարցազրույց «Hovik Studio»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի հետ

 

Այսօր Մոսկվայում, ոչ պաշտոնական տվյալներով ապրում է, ավելի քան մեկ միլիոն հարյուր հազար հայ: Իսկ ի՞նչը կարող է միավորել այդքան մեծ թվով արտագաղթածներին, եթե ոչ մշակույթը, արվեստը, պարը: «Hovik Studio»-ն գործում է արդեն 6 տարիներ` առաջնային նպատակ ունենալով հենց  այդ առաքելությունը:

Անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի համառ ջանքերով, իրականացվել է Ռուսաստանում հայկական մշակութային օջախ ունենալու տեսիլքը: Դիվանագետ-պարային էսթետ երիտասարդը այժմ ղեկավարում է Մոսկվայի մարզում գտնվող «Hovik Studio»-ի չորս մասնաճյուղերը: Նա համարձակորեն կերտել է նոր ուղղություն, նոր ոճ, նոր խոսք, նոր մարտավարություն ու իր վրա է վերցրել 260 սաների հայեցի դաստիարակության դժվարին խնդիրը` հիմնականում պարի միջոցով, սակայն գործում են նաև  երգի, դհոլի ու դուդուկի խմբակներ: Իսկ այժմ խումբը Երևանում է, պատրաստվում է հուլիսի 28-ին կայանալիք համերգին, ինչն էլ առիթ հանդիսացավ Իշխան Գասպարյանի հետ զրուցելու անսամբլի գործունեության ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

 

– Ո՞ւմ անունն է կրում ստուդիան:

-Հովհաննես Գասպարյանի`հորս, հայկական պարային օջախ ստեղծելու գաղափարը պատկանում է նրան: Հայրս երկար տարիներ պարել է «Բերդ», Պարի Պետական անսամբլներում, հետո որոշ ժամանակ սոցիալական խնդիրների պատճառով հեռացել է բեմից, ապա երկրից: Իսկ երբ արդեն 2000 թվականից Մոսկվայում էինք, սկսեցինք ուսումնասիրել այնտեղի պարային բազան ու հասկացանք, որ թերևս գործում էին 10-15 տարվա հայկական անսամբլներ, սակայն մի բան կար, որ չէր գոհացնում թե ինձ թե  հորս. դրանցից ոչ մեկը  չուներ բավական  մեծ մասշտաբ հսկայական մեգապոլիսում հայկական արվեստը ներկայացնելու համար:

Սակայն, դժբախտաբար 2003 թվականին անժամանակ կանքից հեռացավ հայրս և նրա երազանքը, որը նաև իմն էր, կարողացա իրականություն դարձնել միայն 2005 թվականին: Բնական է, որ այս օջախը պետք է կոչվեր  հենց նրա անունով:

_Իսկ ի՞նչպես, ի՞նչ միջոցներով ստեղծվեց անսամբլը:

_Մոսկվայում մի քննարկման ժամանակ, տարբեր մարդկանց ներկայությամբ երբ խոսեցի  հայկական մեծ  պարային օջախ ստեղծելու  իմ երազանքի մասին, անմիջապես արձագանքեց Գորդոն Սթիդմանը, ով ապրում էր Կանարյան կղզիներում, չուներ հայկական ծագում, հայկական  արմատներ, սակայն սիրահարված էր հայկական պարին և մեկ տարի միայն ֆինանսապես աջակցեց նախագծին, ապա ես արդեն կարող էի ինքնուրույն հոգալ գումարային բոլոր խնդիրները: «Hovik Studio», թերևս, այժմ էլ ունի հովանավորներ, ինչը այժմ կրում է զուտ սիմվոլիկ բնույթ:

_ Ստուդիայում պարողնե՞րն են վճարում ձեզ, թե՞ դուք նրանց:

_ Ես նախ վճարում եմ պարուսույցներին, որոնց ընտրում եմ շատ զգուշությամբ. իմ պարուսույցները միայն լավ պարողներ չեն, առաջին հերթին նրանք ազնիվ մարդիկ են, ապա հրաշալի մասնագետներ (Հարություն Դավթյան`գլխավոր խորեոգրաֆ, Արմինե Գասպարյան, որը միաժամանակ փոխ. գեղ.ղեկավարն է, Գևորգ Քեշիշյան`հայկական ժանրերի պարուսույց, պարուսույց-բեմադրողներ Սյուզաննա Աբրահամյան, Վիկտորիա Գասպարյան և այլոք):,

Վճարում եմ նաև այն սաներին, ովքեր տարբերվում են խմբում, ունեն հատուկ տաղանդ և անսամբլի  հիմնական պարող դառնալու պոտենցիալ :

Իսկ մեզ վճարում են բոլոր սիրողական պարողները: «Hovik Studio»

կարող են ընդունվել բոլորը, առանց տարիքային կամ ազգային սահմանափակման(կան հրեաներ, եզդիներ, ռուսներ), կարող են վճարել, գրանցվել և ծանոթանալ հայկական պարերին:

_Ո՞րտեղ են հանդես գալիս լավագույն սաները:

_Տարվա մեջ երկու անգամ ունենում ենք մենահամերգ Մոսկվայում, բայց նպատակ կա ավանդույթ դարձնել գոնե երկու տարին մեկ անգամ նաև Հայստանում ներկայանալը:

_ «Hovik Studio»-ն ունի մասանճյուղեր նաև Մոսկվայից դուրս: Իսկ Հայաստանո՞ւմ  մտադրություն չունեք այդ օջախը զարգացնելու:

_Գուցե պատասխանս մի փոքր պրովոկացիոն հնչի, սակայն նշեմ, որ երբ անցյալ տարի նման մտադրություն ունեի, այնպիսի ծիծաղելի  նկարագրեր լսեցի այստեղի իրավիճակների մասին, որ որոշեցի առայժմ թողնել այդ ծրագիրը: Երբ սպասում էի, որ Հայաստանում այս հայանպաստ գործունեության համար բացառություններ պետք է լիներ, ոչ մի աջակցության չհանդիպեցի: Կան նաև այլ հաշիվներ, որոնց ,անկեղծ ասած, անսովոր եմ…

 

_ Իսկ հուլիսի 28-ին ի՞նչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին:

_Ծրագրում լինելու են մեծամասամբ հայկական պարեր, որոնք թերևս ավանդական հիմքի վրա են , սակայն ներկայացված են մեր պատկերացված գույներով: Կլինի նաև դուդուկի նվագակցություն, կմասնակցեն հայկական երգարվեստից մեր ընկերները` Նունե Եսայանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Լիանան, որոնց երգերի ներքո ունենք բեմադրություններ:

Իսկ մնացած անակնկալների մասին, կիմանաք հուլիսի 28 –ին Սունդուկյանի անվան թատրոնում մասնակցելով  «Hovik Studio»-ի մենահամերգին:

 

 

Հովհաննես Գասպարյանի երազանքը իրականություն է դարձել, բազմաթիվ հայորդիներ շնորհիվ Իշխան Գասպարյանի անմիջականորեն շփվում են հայկական մշակույթի հետ: Մեզ մնում է մասնակցել, մեր ներկայությամբ նրանց ոգևորել ու ոգևորվել հայի հայ մնալու համառությունից:

 

Հարցազրույցը` Սուսի Միսակյանի

 

loading...

Կարդացեք նաև

«Գայթակղված և լքված»

admin

«Խաղք» տիկնիկային թատրոնի վերազինման ծրագիր է սկսվել

admin

Բրեթ Փիթթը կազատի կոլումբիական ռազմագերիներին