«Հայաստանում ամենաշահութաբերը թուրքամետ երաժշտությունն է». Ռուբեն Բագրատունի (Հախվերդյան)

Գյումրեցի Ռուբեն Հախվերդյանը, ով ավելի շատ հայտնի է Ռուբեն Բագրատունի անունով ավելի քան երկու տասնամյակ շարունակ ստեղծագործում է: Ռուբեն Բագրատունու ամենահայտնի ստեղծագործություններն են «Կտակ», «Կուզեի այսօր մի քիչ անձրև գար», « Օրը նորից կսկսվի»,«Աղոթք» և էլի մի շարք երգեր:

-Պարոն Բագրատունի, պատմեք թե ինչպես սկսեցիք ձեր բառերով ասած «ոլոր-մոլոր» ճանապարհը երաժշտական աշխարհում:
-Սկիզբը եղել է 1987 թվականին, երբ սկսել եմ գրել իմ առաջին երգերը և հանդես եկել, որպես հեղինակ կատարող: Երկրաշարժից հետո մի քանի տարի բնակվել եմ Արմավիրում, էնտեղ էլ ընկերներիս հետ ստեղծեցինք Կիլիկիա համույթը, որտեղ նվագում էի բաս կիթառ և երգում էինք մեր ստեղծագործությունները: Առաջին ձայներիզը թողարկեցինք 1992 թվականին Տիգրան Առաքելյանի գործիքավորմամբ: Արդեն սկսվել էին մութ և ցուրտ տարիները , այդ ժամանակ սկսվեց մեր ոլոր մոլոր ճանապարհը: Ընկերներս չշարունակեցին այս ճանապարհը, ես չկարողացա…
- Ձեր անունն ու ազգանունը համընկնում է նույնպես հեղինակային երգեր կատարող Ռուբեն Հախվերդյանի անվան հետ: Ձեզ հավանաբար հաճախ շփոթում են: Ինչպես եք արձագանքում նման պահերին:

-Առաջին երկու ալբոմներում ես ներկայացել եմ գյումրեցի Ռուբեն Հախվերդյան և ալբոմներում տեղ գտած երգերի մեծ մասը եղել են փոփ ժանրում : Վերջին 11 տարիներին ես ներկայանում եմ այն ժանրով, որով սկսել եմ` հեղինակային երգեր կիթառի նվագակցությամբ: Անուն ազգանվան շփոթություն լինում էր հաճախակի և 2000 թվականից ներկայանում եմ Բագրատունի ազգանվամբ, որը իմ հայրանունն է:



-Շոուբիզնեսի շուկայից դուրս են մնում հեղինակային երգերը: Որն է պատճառը, որ դրանք շահութաբեր չեն: Միթե հեղինակային երգը սպառողներ չունի:

-Այս ժանրի ունկնդիրները շատ չեն Հայաստանում, հետևաբար համերգները լինում են ակումբներում փոքրաթիվ հանդիսատեսների համար: Շոու շուկայում բոլոր երգերը հարմարեցված են հանդիսատեսին հաճելի լինելու տրամաբանությամբ, իսկ մեր երկրում ամենաշահութաբերը թուրքամետ երաժշտությունն է , դա փողատերերի սիրելի ժանրն է, դրա համար էլ ռաբիսը ծաղկում է ապրում էս տգետ հասարակության մեջ: Էն ինչ որ հայկական հեռուստաալիքները եթեր են տալիս դա էլ պահանջված է:

 

-Վերջերս «Ուրբաթ» ակումբում ձեր մամլո ասուլիսի ժամանակ, կատարեցիք  ձեր նոր երգը` «Էսպես եղել է, էսպես կմնա» : Դուք իրո՞ք այդքան վատատեսորեն եք տրամադրված գալիքին: Եվ չե՞ք վախենում դա փոխանցել ունկնդիրներին:

-Մենք տարիներ շարունակ սպասում ենք, որ ինչ որ բան կփոխվի մեր երկրում, բայց տարիներ անց կրկին համոզվում ենք. էսպես եղել է, էսպես կմնա…. Էսպես եկել է, էսպես էլ կգնա: Ես չեմ ստեղծել այս տողը, դա ժողովրդի ամենօրյա համոզմունքն է և այն կարող եք լսել շատերից:

 

- Դուք նաև գրում եք երաժշտություն հայտնի բանաստեղծությունների հիման վրա և կատարում: Ինչպես եք ընտրում հեղինակներին:

-Գրել եմ տասը երգ Մուշեղ Իշխանի բանաստեղծություններով: Մուշեղ Իշխանի պոեզիային ծանոթացել եմ Արթուր Մեսչյանի երգերի միջոցով: Ես ընտրել եմ ինձ շատ հոգեհարազատ բանաստեծություններ, որոնց մեջ կան թաքնված մեղեդիներ, երբ զգում ես այդ մեղեդին, փորձում ես կորզել տողատակերից, այն ի վերջո դառնում է երգ: Լինում են պահեր, երբ երգը գրվում է ինքն իրեն, կարծես ինչ որ ուժ քեզ օգնում Է գրելու պահին, նման դեպքերում ասում եմ, ոչ թե գրեցի այլ արժանացա այսպիսի լավ երգի: Մեկ քառատողը կարող է սկիզբ դառնալ ամբողջ երգի, ինչպես եղավ Հովհաննես Շիրազի «Ես կուզեի» բանաստեղծության պարագայում, մեկ քառատողի հիմքով գրեցի ամբողջ երգը:


-Դուք ունեք նաև աշակերտներ: Որն է այն կարևոր խորհուրդը, որ տալիս եք այս ասպարեզ մտնող ձեր սաներին:

-Ամենակարևոր խորհուրդը իմ աշակերտներին այն է, որ լինեն աշխատասեր: Առանց աշխատասիրության, եթե նույնիսկ շատ շնորհալի են, ցանկացած ասպարեզում կարող են կորցնել իրենց ձեռք բերած կարողությունը : Եվ ամենակարևորը լինեն արդարամիտ մարդիկ, ինչը այսօր շատ է պակասում մեր հասարակության մեջ: Ինձ համար արդարամիտ Մարդը կարող է լինել լավ երգահան, լավ շինարար, լավ ղեկավար: Կեղծ բարեպաշտների մի ամբողջ սերունդ այսօր զբաղված է շինծու երգեր ստեղծելով և տարածելով: Երաժշտության ասպարեզում ինձ վրա մեծ ազդեցութուն ունեցել են Ռուբեն Հախվերդյանի և Արթուր Մեսչյանի երգերը, հետևաբար իրենց ստեղծածն եմ աշխատում սովորեցնել իմ աշակերտներին, ինչպես նաև այլ երգահանների երգեր և մեղեդիներ: Մերօրյա երգահաններից շատ կարևորում եմ Վահան Արծրունու արվեստը, իր անկրկնելի “Կոմիտաս. Տասը Հայտնություն” շարքով և ինքնատիպ ստեղծագործություններով:

 

-Ինչով է լցված այժմ ձեր առօրյան և ինչ պլաններ ունեք:

-Ներկայումս զբաղված եմ կիթառի դասավանդմամաբ Երևանում և Էջմիածնում և աշնանը կունենամ մենահամերգներ

 

Հարցազրույցը վարեց Սուսի Միսակյանը

 

 

loading...

Նմանատիպ նյութեր