Image default
Շաբաթվա դեմքերը

«Մենք կգանք ու կգնանք, բայց հայ երգը միշտ կապրի»-, Արսեն Գրիգորյան(Մրո)

Արսեն Գրիգորյանը այն երգիչներից է ում գործունեությունը չի սահմանափակվում տեսահոլավակներ ու ալբոմներ թողարկելով: Երգիչը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ, հաճախ կարելի է տեսնել նրան  երիտասարդների կողքին, որպես քաջալերող և աջակցող: Իսկ նրա երգերը մաքուր ակունքներից բխող կաթիլներ են, որոնք միտում  ամեն հայի տանել դեպի իր արմատները:

– Դուք  ձեզ   համարո՞ ւմ   եք   հայակական    շոու – բիզնեսի     ներկայացուցիչ, չէ՞-որ   ամեն դեպքում   շատ   եք    առանձնանում   ձեր   ոճով:
– Առաջին հերթին   ես  երգիչ  եմ, ով փորձում է  իր անձը միջոց դարձնելով   ծառայել հայ մաքրամաքուր երգին: Ես երգում եմ այն երգերը, որոնք իրենց մեջ  հայի տեսակը պահելու ուժ ունեն` դա լինի կատակերգ, հայրենասիրական թե լիրիկական: Իսկ ինչ վերաբերում է ոճով շատ առանձնանալուն.  ապա ասեմ, որ դա հատուկ արված չէ.  իմ ոճը  իմ ներաշխարհից,  իմ մտքից ու ապրելակերպից է բխում:  Իսկ շոու-բիզնեսի ներկայացուցիչ  եմ թե ոչ , կթողնեմ  ձեր և  ընթերցողի  հայեցողությանը:

 

Ինչպե՞ս   եք   վերաբերվում   ժողովրդական, ազգագրական  երգերի  ժամանակակից մեկնաբանումներին:
– Ես ինքս էլ, որոշ երգերի ժամանակակից շունչ եմ տալիս, այդ ամենին դեմ չեմ, որովհետև ժամանակները փոխվում են , ժամանակի հետ փոխվում է նաև մեր հագուստը, կարևորը  էությունը չփոխվի: Դեմ չեմ ջինս հագնելուն, կարևորը մեր ներսը, հոգին ջինսոտ չլինի :  Նույնն էլ երգն է:  Սակայն այս ամենով պիտի  զբաղվեն այն մարդիկ, ովքեր այդ միջավայրից են, ովքեր հասկանում են թե ինչ է նշանակում   հայկական հնչերանգ (ինտոնացիա) , հայկական  ձայներանգ (տեմբր) և  որ ամենակարևորն է`  ինչ է նշանակում առհասարակ հայերեն:  Այս  մարդիկ պետք է զգուշությամբ  վերաբերվեն հայ երգին, որ ամեն ինչ չկորչի, որ հայերենի շեշտադրությունը  փոփոխության չենթարկվի: Պետք է ճանաչեն հայ ազգային երգն իր բոլոր ճյուղերով: Պետք է գիտակցեն այն, որ այդ երգերն  ավելի արժեքավոր ու թանկ են, քան յուրաքանչյուրս, պետք է  գիտակցեն , որ  երգն ավելի երկար է ապրում քան մենք:  Մենք պարտավոր ենք  նպաստել հայ երգի պահպանմանն ու  կամուրջ հանդիսանալ այդ երգերի փոխանցման համար:

 

Երգչի   առաքելությունը   միայն   երգելը    չէ: Խոսենք   ձեր  հասարակական ակտիվ գործունեության մասին:
– Երգից բացի իմ մնացած գործունեությունը ոչ թե հասարակական գործունեություն է, այլ հասարակական վերաբերմունք: Իմ ապրելաձևն է այդպես,   իմ քաղաքացիական և  մարդկային  վերաբերմունքն ունեմ  հասարակության նկատմամբ:  Յուրաքանչյուրս, չգրված  օրենքներով   պարտավորություններ ունենք:  Ընդամեը մի քանի տարի է,  որ   մեր պետությունը  ոտքի է կանգնել, և բնական է, որ որոշակի սոցիալական և այլ խնդիրներ կարող ենք ունենալ:  Ամեն մեկս մեր դերը պիտի ունենանք  մեր հասարակության խնդիրների լուծման և պետականության կայացման  հարցում:

-Երգը  արդեն  իսկ   պատգամ  է, ի՞նչ   եք   ձգտում  փոխանցել   երգերի    միջոցով:
–  Եթե խոսքը  ազգային երգի մասին է, ապա  ոչ թե երգը պիտի ծառայեցնենք ինչ որ նպատակի , այլ  այն  արդեն  նպատակ է , որին պիտի ծառայենք  : Մեր երգի մեջ մի ուժ կա,  որը մեզ սովորեցնում է ամեն ինչ հայերեն անել. հայրենիքը  սիրելը, ծնողասիրությունը և  այլն:  Դարերի խորքից եկող, մեր մշակույթի  կարևոր մաս կազմող հայ երգը  պիտի   պահպանենք և  փոխանցենք մեր զավակներին:   Մեր երգը մեր նկարագիրն է`   մեր անցյալն է,  մեր ներկան և մեր ապագան:  Մենք կգանք ու կգնանք, բայց հայ երգը միշտ  կապրի :

-Ինչպե՞ս   եք  գնահատում   երիտասարդների մասնակցությունը  հասարակական մշակութային  կյանքում:
– Մենք ունենք հրաշալի շնորհալի երիտասարդություն, ովքեր իրենց դրական և ազգանվեր   մասնակցությունն  են ունենում մեր հասարակական, մշակութային  կյանքում: Այլ հարց է , թե  հեռուստատեսությունը, մամուլը, մեր երիտասարդության  որ   «հատվածին»  է  անդրադառնում :  Այսօր ավելի շատ  պրոպագանդվում   են այն երիտասարդները, ովքեր  դրամից  ու  հովանավորից բացի  ուրիշ ոչինչ չունեն  ( այս դեպքում կարևոր չէ  շնորհքով են թե ոչ): Սա մի խնդիր է,  որը  բոլորինս է, որովհետև այս նույն   ապաշնորհ և անտաղանդ   երիտասարդներին սատարելով  , եթերի և այլ  հնարավորություններ տալով  ,  մենք ինքներս  մասնակից ենք դառնում  նրանց պատուհաս դարձնելու  մեր և մեր պետության գլխին:  Իսկ շնորհալի երիտասարդները, ովքեր  զբաղվում են լուրջ գործով  և ուզում են  նվիրյալ լինել  մեր մշակույթին`   նրանց   նկատմամբ  չգիտես ինչու   անուշադիր ենք : Արժեքային համակարգի մեծ խնդիր ունենք:

Դուք  ունենք   նաև   սաներ, ի՞նչ  կարևոր    խորհուրդ  եք   փոխանցում   նրանց:

-Իմ դպրոցի,  իմ սաների միջոցով  փորձում եմ  հավատարիմ մնալ  վարպետիս` երջանկահիշատակ Հովհաննես Բադալյանի պատգամին : Երիտասարդներին   փոխանցում եմ  այն  ամենն,  ինչ ես ժառանգել,  սովորել եմ  մեր մեծ վարպետներից` Հովհաննես Բադալյանից և հայ երգի հայրիկ` Հայրիկ Մուրադյանից:   Փորձում եմ, նրանց իբրև երգիչների դաստիարակել այնպես, որ նրանք երգի  մեջ կարևորեն խոսքի իշխանությունը: Նրանք գիտակցում են, որ ծառայելով հայ երգին, ոչ միայն պահում ու պահպանում են  մեր  գանձերը,  այլև   նրանց  միջոցով  գալիք  սերնդին ճանաչել են տալիս իրենց արմատները:   Քանզի  հայ  երգն  ինքնին  արդեն պատմություն է, որն իր մեջ ամփոփում է մի մեծ ժողովրդի մի  մեծ պատմություն:

 

 

Հարցազրույցը` Սուսի Միսակյանի

 

 

 

loading...

Կարդացեք նաև

«Բանակում և բաղդասարյաններ կան և մելիքսեթյաններ». Վահագն Սիմոնյան

Սուսի Միսակյան

Մարտին Յորգանցը համերգներով կլինի Հայաստանում: Հարցազրույց ֆրանսահայ անվանի արտիստի հետ

admin

Շաբաթվա դեմքեր: Նաիրա Համբարձումյան

admin