Ամանորյա ընթրիք. Ի՞նչ են ուտում Ամանորի գիշերը տարբեր երկրներում

Ամանորյա ԸնթրիքՀայաստանում ամանորյա սեղաններին հիմնականում նույնն է. խոզի ազդր. դոլմա, նրբաբլիթ, աղցաններ ու կոտլետներ:

Շատերն են բողոքում սեղանների կրկնվող սննդամթերքներից, սակայն այլընտրանք առաջարկվող սուպերմարկետների  նորությունները ևս ընդունելի չեղավ հասարակության համար:

Իսկ մի՞թե կարիք կա որևէ արտասովոր ու ցնցող նորամուծության ամանորյա ընթրիք պատրաստելու համար:

Հետաքրքիր է մոլորակի պտույտը ինչպես են տոնում Երկրի մյուս քաղաքացիները:

Ամսագիր.am-ը հետաքրքրվել է թե որ երկրում ինչպես են դիմավորում Ամանորը և մասնավորապես, թե ինչ ճաշատեսակներ են  մատուցվում տարվա գլխավոր տոնի ժամանակ:

Վաշինգտոն

Վաշինգտոնում , որպես կանոն գրեթե ոչ ոք չի մնում, բոլորը գնում են իրենց ծննդավայրերը, որպեսզի Ամանորը դիմավորեն ընտանիքի հետ:

Սուրբ ծննդյան ընթրիքից առաջ շատ ընտանիքներում ընդունված է աղոթք անել և երգել: Ընթրիքի ժամանակ սովորաբար ուտում են ռոստբիֆ կամ հնդկահավ, սակայն քանի որ  հնդկահավ որպես  ավանդույթ ուտում են Երախտագիտության օրը` նոյեմբերի վերջին, ապա հաճախ այն փոխարինում են հավով կամ ապխտած մսով:

Որպես աղանդեր մատուցվում է սուրբծննդյան փուդինգ կամ քացղր թխվածք խնձորներով, դդումով, ընկույզով կամ քաղցր կոնֆետներով:

ԱՄՆ-ում թեյը ընդունված ըմպելիք չէ, դրա համար աղանդերի հետ օգտագործում են սուրճ կամ թեյ:

Քանի որ ոչ բոլոր ամերիկացիներն են համարում ամանորը տոն, ամանորի գիշերը անցնում է թեթև ֆուրշետով` քաղցրեղենով և մրգերով:

Ըմպելիքներից նախընտրում են գարեջուր, գինի, շամպայն կամ պունշ:

Երեկույթները հիմնականում BYOB (bring your own booze-յուրաքանչյուրը բերում է իր ալկոհոլը) ոճի մեջ է  և հետևաբար  ավելի է մեծանում շանսը կոկտեյլներ պատրաստելու: Ժամը 12-ին լցնում են շամպայններ և դիտում են նյու-յորքյան Թայմս-սքվերը ուղիղի միացմամբ, որտեղ ամբոխի մեջ է ընկնում հսկայական բյուրեղյա գունդը:

Իտալիա

Իտալացիներն ասում են. «Սուրբ ծնունդը` ընտանիքիդ հետ, Ամանորը`ում հետ կուզես»— Natale con i tuoi, Capodanno con chi vuoi :

Այդ իսկ պատճառով բոլորը Սուրբ Ծնունդին և Զատիկին, անգամ եթե աշխատում են ուրիշ երկերներում, պարտադիր վերադառնում են ընտանիքի մոտ, միասին նշելու:

Սուրբ Ծնունդին չի կարելի ուտել միս, այդ պատճառով սովորաբար իտալական տոնական սեղանը ձկնային է:

Տոնը սկսվում է դեկտեմբերի 24-ին: Այն կոչվում է cenone di Natale –Սուրբ Ծննդյան մեծ ընթրիք:

Հաջորդ օրն  արդեն միս կարելի է և այդ ժամանակ կազմակերպում են ճաշ:

Որպես կանոն, և ճաշին և ընթրիքին ավանդական մակարոնն է: Իսկ որպես աղանդեր մատուցվում է panettone տորթը շաքարաչրով, չամիչով, շաքարի փոշիով:

   Կատալոնիա

Ի տարբերություն արևմտյան Եվրոպայի շատ բնակավայրերի, Կատալոնիայում Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին և 26-ին (և ոչ թե 24-ին): Դեկտեմբերի 25-ին նշվում է Սուրբ Ծնունդը, իսկ 26-ին` Սուրբ Էսթեվի, կամ որ նույնն է, Սուրբ Ստեփանոսի օրը: Ավանդաբար տոնական ճաշն ավելի կարևոր է, քան ընթրիքը: Դեկտեմբերի 25-ի  գլխավոր ճաշատեսակը տոնական ապուրն է` «սոպա դե գալետսը», արգանակով ու մակարոնով: Կատալոնյան խոհանոցի գիտակները  նշում են, որ ապուրը պետք է պատրաստել չորս տեսակի  մսից`խոզի, հորթի, ոչխարի և հավի, որոնք  խորհրդանշում են չորս սրբերի: Հաջորդ օրը, տնտեսող իսպանացիները, մնացած միսն օգտագործում են որպես լցոն  Սբ Ստեփանոսի տոնին պատրաստվող կաննելոնի համար: Տոնական սեղանի քաղցրավենիքը հանդիսանում է նուշի հալվան`տուրրոնը և նեուլես վաֆլին:  Այս ամենի հետ նրանք ըմպում են կատալոնական փրփրագինի, որը շատ նման է շամպայնի: Եթե Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է, և գերադասում են անցկացնել մտերիմների հետ, ապա Նոր Տարին ընկերներով հավաքվելու առիթ է և հիմնականում այն նշում են որևէ հաստատությունում, ուրախ ընկերախմբով:

Շատ ռեստորաններ տոնից դեռևս մեկ-երկու ամիս առաջ փակցնում են իրենց տոնական ճաշացանկը, ինչպես նաև ժամանցային ծրագրերի ցանկը: Ուստի ազգային ուտեստներին այդ օրը չեն անդրադառնում: Այդ օրվա խորհրդանիշը միայն խաղողի 12 հատիկներն են, որոնց պիտի հասցնել կուլ տալ այն պահին, երբ լսվում են ժամացույցի 12 զարկերը: Ըստ ավանդության, դա նախանշում է խաղողի բարձր բերք այդ տարում: Միևնույն ժամանակ բոլորովին պետք չէ պահեստավորել կամ այդ օրը գնել ողկույզներով խաղող, ձեռներեց տեղացիները այդ օրվա համար վաճառում են առանձին փաթեթավորված կամ պահածոյացված 12 հատիկներ:

  Մակեդոնիա

Մակեդոնիայում Նոր Տարին  կարևորվում է այնքան, որքան Սուրբ ծնունդը: Այստեղ մարդիկ ավելի շատ զվարճանում են հրավառությամբ ու գունագեղ շրխկաններով և հատուկ ուտել-խմելու չեն հավաքվում:

Սակայն բոլորովին այլ բան է Սուրբ Ծննդյան տոնը, որն այստեղ անվանում են Բոժեկ: Անտեսելով  առկա հարավսլավական կոնֆլիկտն ու կոմունիստական անցյալը, մակեդոնիայում բարձրացել է աստվածվախության մի նոր ալիք:

Այստեղ Սուրբ Ծնունդը նշում են ընտանեկան շրջանակում, առատ սեղանի շուրջ: Տոնի հիմնական կերակրատեսակը սարման է` բրնձով լցոնած կաղամբի տերևներ, որը հիշեցնում է մեր տոլման: Սուրբծննդյան ընթրիքին մատուցում են այս տարբերակը, իսկ հաջորդ օրը կաղամբը լցոնում են մսով:

Կա նաև մի այլ ավանդություն. այդ օրվա համար թխում են բոքոն հաց, որի մեջ մետաղադրամ են դնում: Հետո հացը բաժանում են ընթրիքի մասնակիցների միջև մի կտոր թողնելով սեղանին: Ում որ նաժին է ընկնում դրամը, նա էլ ակնկալում է այդ տարում լինել ամենահաջողակը, սակայն պայմանով, որ դրամն իր հետ պիտի պահի ողջ տարվա ընթացքում: Այս ավանդությանը Մակեդոնիայում  շատ լրջորեն են մոտենում, ուստի այդ օրվա համար փռերում թխվում են մեծ քանակությամբ և լցոնած պիրոգներ նրանց համար, ովքեր չեն հասցնի թխել այն տանը:

Մյուս ավանդական ճաշատեսակը մսաջրի դոնդողն է, որն ուտում են սուրբծննդյան ընթրիքից հետո, հաջորդ օրը, երբ ավարտվում է պահքը: Սուրբ Ծննդյան ընթրիքից հետո սեղանը չեն հավաքում, դա անում են հաջորդ օրը:

Օտարեկրյա մեր բարեկամների ամանորյա ավանդույթներից այսքանն էինք առանձնացրել:

Ամսագիր.am-ը հավատացնում է, որ Դուք որքան էլ որ ջանք թափեք Նոր Տարվա սեղանին ճոխ ու յուրահատուկ տեսք տալու համար, ապարդյուն կլինի, եթե չլինի Ձեր տան ներքին խաղաղությունը, հոգու ներդաշնակությունը, տոնի իրական իմաստի խորը գիտակցումը:

Սեղանի լիությունը չէ, որ երաշխավորելու է մեզ համար հաճելի ու ուրախ տոներ, այլ սեղանակիցների անկեղծ երջանկությունը:

Երջանիկ եղեք: Թող տոների նախապատրաստությունը ոչ թե հոգնություն այլ հաճույք պարգևի Ձեզ:

 

 

 

 

 

loading...

Նմանատիպ նյութեր