Image default
Հասարակություն

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը:

ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդմամբ, ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված: Այսօր աշխարհում մեծահասակների 10 տոկոսը մահանում է ծխելու հետեանքով:

Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում) ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:

Նախկինում ողջ աշխարում ծխախոտի օգտագործման երևույթը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս ծխող չափահաս տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը քչանում է: Վերջին տարիներին քիչ չեն այն երկրները, որոնք հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազեցում:

Առողջապահության համաշխարհային ասամբլեան Առանց ծխախոտի միջազգային օրը հիմնել է 1987թ.-ին՝ համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռելու ծխախոտի համաճարակին և դրա մահացու հետևանքներին: Այս օրը կոչ է արվում աջակցել ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի պահպանմանը: Ծխախոտի օգտագործումը հիմնական կանխվող համաճարակն է, որին բախվում է առողջապահության ոլորտի հանրությունը:

Պատմությունից

Շատերն են ծանոթ «Մալբորոյի» կովբոյին, բայց թերեւս քչերը գիտեն, որ նրան պատկերող Ուեյն ՄակԼարենը մահացել է թոքերի քաղցկեղից 51 տարեկանում: ՄակԼարենը Phillip Morris ընկերության ամենահաջող գովազդային քայլն էր։ Նա ծխախոտ է գովազդել ավելի քան 27 տարի։ Իսկ հետո հասկացել է, որ մահանում է հենց ծխախոտի պատճառով։ ՄակԼարենը շատ մեծ դժվարությամբ է կարողացել թողնել ծխելը, սակայն արդեն չափազանց ուշ էր։ Քիմիաթերապիայի կուրսն անցնելուց եւ մեկ թոքը կորցնելուց հետո ՄակԼարենը հասկացավ, որ դատապարտված է մահվան։ Մինչեւ թոքը կորցնելը մահացող կովբոյը ձեռնարկել էր լայնամասշտաբ հակածխախոտային պայքար։ Ստորեւ ներկայացնում ենք մի շարք նշանավոր մարդկանց, որոնց նույնպես սպանել է ծխախոտը:
Ալեքսանդր Աբդուլով, դերասան։ Մահացել է թոքերի քաղցկեղից 54 տարեկան հասակում։ (1953-2008)

Եվգենի Եվստիգնեեւ, դերասան։ Մահացել է 65 տարեկանում։ (1926-1992)

Արչիլ Գոմիաշվիլի, դերասան։ Եղել է Օստապ Բենդերի դերակատարը Գայդայի «Տասներկու աթոռ» ֆիլմում։ Մահացել է թոքերի քաղցկեղից 79 տարեկանում։ (1926-2005)

Դմիտրի Շոստակովիչ, երգահան։ Մահացել է ձախ թոքի քաղցկեղից 68 տարեկանում։ (1906-1975)

Զիգմունդ Ֆրոյդ, հանրահայտ հոգեբան, հոգեվերլուծության հիմնադիրը։ 83 տարեկանում մահացել է բերանի խոռոչի քաղցկեղից, ինչն առաջացել էր ծխելու հետեւանքով։ (1856-1939)

Գեորգ VI, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավոր։ Ունեցել է թոքերի քաղցկեղ, մահացել է 56 տարեկանում սրտասնույց անոթների խցանման հետեւանքով։ (1895-1952)

Ջորջ Հարիսոն, երաժիշտ, տառապել է կոկորդի եւ թոքերի քաղցկեղով, մահացել է ուղեղի քաղցկեղից 58 տարեկան հասակում։ (1943-2001)

Բորիս Պաստեռնակ, բանաստեղծ, արձակագիր։ Մահացել է թոքերի քաղցկեղից 70 տարեկանում։ (1890-1960)

Ուոլտ Դիսնեյ, նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ։ Մահացել է թոքերի քաղցկեղից 65 տարեկանում։ 1901-1966

Անդրեյ Տարկովսկի, ռեժիսոր։ Մահացել է թոքերի քաղցկեղից 54 տարեկանում։ (1932-1986)

Էդմոնդ Քյոսայան, ռեժիսոր։ Նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Անորսալի վրիժառուները», «Ռուսական կայսրության պսակը», «Խոհարարը»։ Մահացել է կոկորդի քաղցկեղից 57 տարեկանում։ (1936-1994)

Լեւ Յաշին, դարպասապահ։ Մահացել է թոքերի քաղցկեղից 60 տարեկանում: 1984 թվականին ծխելու հետեւանքով զարգացած հիվանդության պատճառով կտրել էին նրա ոտքը։ (1929-1990)

Միքայել Թարիվերդիեւ, երգահան։ Մահացել է 64 տարեկանում։ (1931-1996)

Սլոբոդան Միլոշեվիչ, Հարավսլավիայի նախագահ։ Մահացել է 64 տարեկանում։ (1941-2006)

Մուսլիմ Մագոմաեւ, երգիչ։ Իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Եթե ես ունենայի երկրորդ կյանքի հնարավորություն, ապա միակ բանը, որ կփոխեի, կլիներ չծխելը»։ Մահացել է 66 տարեկանում։ (1942-2008)

 

loading...

Կարդացեք նաև

Շնորհավոր տոնդ, ԵՐԿՐԱՊԱՀ

admin

Ինչի՞ մասին են գրում հայերը Ֆեյսբուքում

Սուսի Միսակյան

Կինո Ճամբար 2014

admin