Կիմ Երիցյանը ծնվել է 1930 թ. նոյեմբերի 22-ին Թբիլիսիում: 1951 թ.-ին տեղափոխվել և ապրել է Երևանում:
1957 թ. գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը։
1955-1973 թթ. որպես դերասան աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ ապրելով ստեղծագործական մեծ առաջընթաց, անձնավորելով բազմաթիվ ուշագրավ և գլխավոր դերեր: Այս թատրոնում տաղանդավոր արտիստին համընդհանուր ճանաչում է բերել Պըլը Պուղու դերը Ա. Բարսեղյանի «Պըլը Պուղի» հերոսական կատակերգությունում, որը Կիմ Երիցյանը խաղացել է 350-ից ավելի անգամ։
1973-2006 թթ. աշխատել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ էլ ավելի է բացահայտվել Կիմ Երիցյանի ինքնատիպ տաղանդը: Նրա խաղաոճին բնորոշ է ողբերգականի և կատակերգականի միասնությունը: Երիցյանը տպավորիչ գունեղությամբ կերտել է բազմաթիվ կերպարներ հայ և համաշխարհային կերպարներից, որոնք դերասանական արվեստի ակնառու նվաճումներ են. Ագրիպաս աղա, գնդապետ, Թովմաս, Սերգեյ Կարպիչ, Մաշու, Ալդոմիրցի և այլն:
Կիմ Երիցյանը նկարահանվել է հայկական կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ֆիլմերում’ «Նվագախմբի տղաները», «Շրթներկ N 4», «Սուտլիկ որսկանը», «Քաոս», «Հող և ոսկի» և այլն։ Կիմ Երիցյանը բազմաթիվ դերեր է խաղացել նաև հեռուստաթատրոնում:
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա մարմնավորել է ավելի քան 100 դեր, արժանացել հանդիսատեսի ջերմ վերաբերմունքին և անկեղծ համակրանքին:
Հայ թատրոնին մատուցած ակնառու ծառայությունների համար Կիմ Երիցյանին 2009թ. շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում։ Վերջերս մեծ շուքով նշվել էր սիրված արտիստի ծննդյան 80-ամյա հոբելյանը, հոբելյարը պարգևատրվել էր ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
Մահացել է 2010թ. դեկտեմբերի 26-ին Երևանում: