Արա Զոհրաբյան. «Պետք է լավ երեխաներ թողնել աշխարհի համար»

Արա Զոհրաբյանը ծնվել է 1978 թվականին Երևանում, սովորել  է  Երևանի թիվ 59 միջնակարգ դպրոցում: Ծառայել է հայոց բանակում: Սովորել է Գլաձոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել է իրավաբանի որակավորում:

 

Այս ամենը և գուցե ավելին գիտենք Արա Զոհրաբյանի մասին: Թեև փաստաբանների պալատի  փոխնախագահը հավատարիմ մնալով իր մասնագիտական հատկանիշներին իր ես-ի մասին խոսում է փաստերով, սակայն մեր զրույցի ընթացքում հաջողվեց պարզել շատ ավելի հետաքրքիր մանրամասներ իրավաբանի կյանքից:

Մեր օրերում հազվադեպ կարելի է տեսնել մարդկանց, ովքեր հավատարիմ են մնացել իրենց մասնագիտությանը, իսկ Արա Զոհրաբյանը հավատարիմ է մնացել նաև իր մանկական երազանքներին ու իրականություն է դարձրել դետեկտիվ գրքերից ոգեշնչված իր երևակայած իրավաբանի կերպարը:

-Չէի ասի, որ ես համալսարանում գերազանց եմ սովորել: 1994թ. գիտելիքին լուրջ չէին վերաբերվում, քանի որ համատարած նիհիլիզմի վիճակ էր` չկար ապագայի նկատմամբ  հավատ: Սակայն 5-րդ կուրսից սկսած բացվել էր երկրորդ շնչառությունս ու  ուսումնասիրում էի մասնագիտական այնպիսի գրքեր , որոնք առաջին կուրսում լավ չէի սերտել: Այդ գիտելիքներն էին, որ օգնեցին ավարտելուց հետո լուծել աշխատանքի տեղավորվելու հարցը: Ինձ հրավիրեցին մի տեխնիկում, որտեղ դասավանդում էի իրավաբանություն: Այնուհետև «Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորում»-ում բացվեց իրավաբանի հաստիք ու դժվար էր կողմնորոշվելը. թողնել արդյոք եղած աշխատատեղը ու անցնել փորձաշրջան, որից հետո կարող էի անգամ չունենալ այդ աշխատանքը:

Ներկայիս կայացած փաստաբանը իր հաջողությունները վերագրում է մի որոշման, որը կայացրել է շատ երիտասարդ հասակում և հպարտ է դրանով, քանի որ եթե կրկին հնարավորություն ունենար ապրել կյանքը,ապա այդ նույն խաչմերուկից աջ կթեքվեր ու կընտրեր նույն ճանապարհը` դժվար ու մաքուր:

-2001 թվականին երբ մտնում էի փաստաբանական ոլորտ գիտեի, որ կան փաստաբաններ, որոնք ներկայանում են որպես միջնորդ ու կոռուպցիոն գործարքներով առաջ են գնում: Դա միանշանակ եկամտաբեր է: Սակայն ես չգնացի այդ ճանապարհով մաքուր պահելով անունս ու թեև դանդաղ, բայց առաջ գնացի: Սկզբնական շրջանում գործեր չունեինք, քանի որ հարց չլուծող փաստաբանը հետաքրքիր չէ հաճաորդի համար: Ընթացքում մեր հաճախորդները դարձան այն անձինք, ովքեր քաղաքական պրոբլեմներ ունեին, կամ նրանց հակառակորդ կողմն արդեն «լուծել» էր իր հարցը: Բայց ինչպես կյանքը ցույց է տալիս, գնալով առավել ընդունելի են դառնում այն փաստաբանները, ովքեր իրենց գումարն աշխատում են բացառապես իրենց գիտելիքներով ու փորձով:

Արա Զոհրաբյանը անցավ փորձաշրջանը ու դա բեկումնային դարձավ երիտասարդ փաստաբանի կյանքում: 2000 թվականին ստեղծված «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ –ում Արա Զոհրաբյանն ընդգրկվեց աշխատելու որպես սեփականության, ժառանգության իրավունքի հարցերով իրավաբան: Իսկ 2002 թվականին նշանակվել է նույն ընկերության գլխավոր տնօրեն:

Այժմ Արա Զոհրաբյանը «Սրետենկա-Կոնսուլ» իրավաբանական գործակալության, որը վերանվանվել է “Զոհրաբյան և գործընկերներ” փաստաբանական գրասենյակ-ի, նախագահն է:

Արա Զոհրաբյանը 2007 թվականից   փաստաբանների պալատի խորհրդի անդամ է և պալատի նախագահի տեղակալ: Երբ և ինչպես է կայացել նրա մուտքը այժմյան փաստաբանների պալատ:

 

-2001 թվականին կային  փաստաբանների 3 միություններ: Ես ընտրեցի Փաստաբանների միջազգային միությունը, քանի որ երիտասարդները շատ էին ու մթնոլորտը ինձ շատ դուր եկավ:  2005 թվականին երեք միությունները միաձուլվեցին ու դարձավ փաստաբանների պալատ և դարձա փաստաբանների պալատի անդամ:

Ուզում եմ հատուկ նշել, որ մեծ մարդկանց բնորոշ համեստությամբ Արա Զոհրաբյանը իր ոչ բոլոր հաջողությունների մասին խոսեց, սակայն հարկ է նշել, որ  նա նաև Երեւանի «Գլաձոր» և «Մանց»  համալսարաններում ` դասախոսում է  «Քաղաքացիական դատավարության իրավունք», ինչպես նաև ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2006թ. նշանակվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Հայաստանի Ջեսափի ակումբ»-ի խորհրդի անդամ:

2005 թվականից առ այսօր համատեղությամբ «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերություն` տնօրենների խորհրդի նախագահն է:

… Եվ սա դեռ մի մասն ենք առանձնացրել:

 

Ծանոթանալով Արա Զոհրաբյանի բուռն աշխատանքային կյանքին ու նայելով աշխատասենյակի պատերը զարդարող իր երկու փոքրիկ տղաների  լուսանկարներին հետաքրքրիր է դառնում, թե երբ  և ինչպես է ստեղծվել այն միությունը, որի արդյունքում  ոչ միայն մասնագիտական մանրամասնություններում բծախնդիր  մարդը  դարձել է  երջանիկ ամուսին ու սիրող հայր:

-Իմ ապագա կնոջը եթե պատահաբար չհանդիպեի, երևի այդպես էլ չամուսնանայի, որովհետև ինչպես հին խոսքն է բնութագրում իմ տեսակի մարդկանց.« մարդաչնման-մարդաչհավան» եմ:

Կինս մասնագիտությամբ բանասեր է: Իրավաբանության հետ կապ չունի ու ուրախ եմ դրա համար, քանի որ չեմ պատկերացնում ինչ կլիներ, եթե մտնեի տուն ու լսեի հակափաստարկներ: Չնայած մեծ տղաս արդեն փաստաբանի թեկնածու է. խոսում է փաստերով, ապացույցներով, խոսքերս հիշեցնելով, նա արտաքինով ինձ է նման, բայց կոկիկությամբ նման է կնոջս, իսկ փոքր տղայիս մոտ լրիվ հակառակն է, նա իմ նման սիրում է թափթփել:

Իմ ընտանիքը ինձ համար մի ուրիշ աշխարհ է, որը ձգտում եմ հեռու պահել արտաքին աշխարհից:  Քանի որ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ երբեք չեն զանգում ու ասում.  «Ոսկի եմ գտել, արի միասին կիսենք», այլ միշտ ահազանգում են իրենց խնդիրների մասին, բնական է, բացասական էներգիաներ եմ ստանում ողջ օրը, իսկ երբ մտնում եմ տուն,անջատվում եմ այդ ամենից ու վայելում ընտանեկան խաղաղությունը:

Սակայն այսուհանդերձ թեկուզ ընտանիքի համար էլ ավելի հարմարավետ կյանք ապահովելու համար էլ չի մտածել երկիրը լքելու մասին: Արմատներով սասունցի Զոհրաբյանը ծնվել ու ապրում է Երևանում, զավակներն էլ ծնվել են ու կապրեն Երևանում ու այդ ամենը չի վերագրում միայն պատրիոտիզմին, այլև հակված է նաև գիտական տեսությանը.

-Մարդը ջրից է կազմված,իսկ ջուրը ոչ միայն քիմիական բաղադրություն ունի, այլև ֆիզիկական կառուցվածք, և մեր մարմնի ջրի կառուցվածքը մոտ է մեր բնակավայրի ջրի կառուցվածքին: Հետևաբար ամեն մեկս մեզ լիարժեք լավ ենք զգում մեր երկրում:

Իր վաղվա օրը Արա Զոհրաբյանը տեսնում է իր երեխաների մեջ: Համոզված է, որ ավելի ճիշտ է լավ երեխաներ թողնի աշխարհի համար, քան լավ աշխարհ իր երեխաների համար:

-Երեխաներին պետք է վերաբերվել ինչպես «բիզնես պլանի». Պետք է շատ ժամանակ ներնդնել, ճիշտ դաստիարակություն տալ` սեփական օրինակով: Այդ ժամանակ մեր վաղը հստակ կլինի…

 

Թեև ճանաչված փաստաբանի համեստությունը չնպաստեց ավելի ծավալուն հարցազրույց ունենալուն ու նրա ես-ի մասին շատ ավելին իմանալուն, սակայն դա միանգամայն հասկանալի է, քանզի  յուրաքանչյուր լուրջ մասնագետ, որքան շատ բան է իմանում ու անում, այնքան նրա համար ավելի պարզ է դառնում, թե որքան շատ բան ունի անելու…

 

 

Զրուցեց  Սուսի Միսակյանը

loading...

Նմանատիպ նյութեր