Արմեն Մկրտչյան: Ոչ միայն բլոգեր

Արմեն Մկրտչյան, ում համարել ուղղակի բլոգեր չի կարելի: Ի վերջո, նրա բլոգում էլ դիպուկ է նշվել «Ոչ միայն բլոգ» : Մասնագիտությամբ ծրագրավորող իմ զրուցակիցը armblog.net կայքի ստեղծողը Աստծո շնորհ է համարում հաջողություները, չի սիրահարվում սոցիալական ցանցերում և ապագա ծրագրավորողներին խորհուրդ է տալիս գրքեր կարդալ: Ավելին Արմեն Մկրտչյանի և իր  բլոգի մասին իմացեք հարցազրույցում:

-Բլոգ բառը սահմանափակ չի՞ այն աշխատանքի համեմատ, որ դու ես կատարում:

Բլոգ բառը որոշ դեպքերում սահմանափակում է աշխատանքս, իսկ որոշ դեպքերում այն ինձ ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Օրինակ բլոգ բառից ընթերցողը ենթադրում է, որ սա մի մարդու աշխատանք է և այստեղ տեղադրվում են այն ամենը, ինչ ցանկացել է հեղինակը կիսվել ընթերցողների հետ: Եվ եթե ընթերցողը այստեղ չի գտնում այնպիսի բան, որը դեմ է իր սկզբունքներին, ապա հետագայում շարունակում է հետևել տվյալ մարդու գրառումներին:

-Շատերին հուզող հարց. Որտե՞ղից ես պեղում այդքան հետաքրքիր նյութեր:

Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ և ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ համակարգչի և ինտերնետի առջև: Նյութերի մեծամասնությունը ստեղծվում են իմ ուսումնասիրությունների և գիտելիքների հիման վրա: Աշխատում եմ միշտ տեղադրել հեղինակային ծրագրեր, խաղեր, ինչպես նաև իմ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներ: Դե որոշ նյութեր էլ գտնում եմ ինտերնետում երկար որոնումներից հետո: Բայց մինչ այդ նյութերը տեղադրելը կատարում եմ որոշակի ուսումնասիրություններ գտածս նյութի վրա և փորձում եմ իմ տեսանկյունից տրամադրել դրանք ընթերցողին: Աշխատում եմ այնպիսի նյութ տեղադրել, որը չկա կամ շատ հազվադեպ է հանդիպում հայկական ինտերնետում:

-Անհղում copy-ներից բնականաբար զայրանում ես ու…

Կայքից պատճենումները դեպի այլ կայքեր գնալով ավելի են շատանում: Արդեն համարյա ամենօր հանդիպում եմ մի երկու կայքի: Չնայած դրանք կայք անվանել չի կարելի: Վերցնում են անվճար հոսթինգ տրամադրող որևէ պլատֆորմ և ամբողջովին copy անում նյութերը: Չեմ հասկանում, թե ինչի համար են մարդիկ գնում նման քայլերի: Եթե իրենց կայքերը օրական այցելում են մոտ 10 հոգի, ապա ինչի համար են այդքան չարչարվում ու պատճենում նյութերը: Մի երկու հոգու միգուցե խաբեն ու հավատացնեն, որ դա իրենք են գրել, բայց ես համարում եմ դա անիմաստ ժամանակի կորուստ: Եթե նրանց հետաքրքրում է այս ոլորտը, ապա copy անելու փոխարեն կարող են նստել և սովորել: Շատ եմ նամակներ ստանում հիմնականում երեխաներից, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորում և այն ամենը, ինչ կապված է համակարգչի հետ: Նրանց միշտ խորհուրդ եմ տալիս, որ այս ամենին տիրապետելու միակ եղանակը գրքեր կարդալն է, ոչ թե սրանից նրանից ինֆորմացիա գողանալը:

- Բլոգդ քեզ եկամուտ բերո՞ւմ է:

Բլոգը իր ստեղծման օրվանից չուներ եկամուտ բերելու որևէ նպատակ: Եվ մոտ մի տարի բլոգը ոչ մի ֆինանսական եկամուտ չէր բերում: Սակայն եթե կայքը գտնվում է հայկական 20 Top կայքերի մեջ, ապա մի տեսակ պարտավորեցնում է դրա վրա ավելի մեծ ուշադրություն դարձնել և փորձել որոշակի օգուտ քաղել: Ունենում եմ բազմաթիվ առաջարկներ գովազդ տեղադրելու համար, սակայն մեծամասնությանը մերժում եմ այն պատճառով, որ գովազդվող ապրանքը կամ կայքը չի համապատասխանում իմ սկզբունքներին ու ինձ դուր չի գալիս: Բայց լավ ու հետաքրքիր առաջարկներ մեծ սիրով լսում եմ ու ընդունում: Կայքերի մեծամասնության իմաստը հենց գումար վաստակելն է: Սակայն դա չի եղել ու չի լինելու իմ բլոգի նպատակը: Ես պարզապես ուզում եմ մարկանց ցույց տալ այս բնագավառի լավ ու գեղեցիկ կողմերը: Ինչպես նաև ցանկանում եմ հայկական ինտերնետում շատացնել լավ ու որակյալ նյութերի քանակը: Թե դա ինչքանով է ինձ հաջողվում, դա արդեն կարող են գնահատել այցելուները:

-Առհասարակ Հայաստանում հնարավո՞ր է ապրել ինտերնետային վաստակով:

Կարծում եմ այս բնագավառը Հայաստանում և ամբողջ աշխարհում շարունակում է զարգանալ և գումար վաստակելու լավ միջոց կարող է հանդիսանալ: Բայց որոշների մոտ սխալ կարծիք կա, որ մի 2 նյութ ես տեղադրում ու ձեռներդ ծալած նստում սպասում, թե երբ են գումարները թափվելու երկնքից: Միանգամից ոչինչ չի լինում և գումար վաստակող կայք ունենալու համար պետք է ունենալ մրցակցային ու օգտակար նախագծեր: Մեծ գումարներ վաստակելու համար Հայաստանում ճիշտն ասած չգիտեմ ինչ կարելի է ստեղծել, որպեսզի մրցակցի համաշխարհային գիգանտ կայքերի հետ: Սակայն վերջին մի քանի տարում այս բնագավառը մեծ ուշադրություն է գրավում Հայաստանում և դա ինձ ուրախացնում է:

-Ամենաշատ դիտումները վստահ եմ Odnaklassnik-ի մասին նյութերդ են: Ինքդ ինչպես ես վերաբերվում այդ կայքին:

Բոլորի մոտ կարծիք կա, որ բլոգի կորիզը կազմում են հենց օդնոկլասնիկի նյութերը: Սակայն նշեմ, որ օդնոկլասնիկի մասին ունեմ մի քանի նյութ, իսկ բլոգի նյութերի քանակը անցնում է 1000-ի սահմանը: Այնպես որ այդ նյութերը շատ քիչ տոկոս են կազմում ընդհանուր նյութերի մեջ: Ճիշտ է, ամենաշատ դիտված նյութը հենց օդնոկլասնիկի մասին նյութերից մեկն է, բայց դա ինձ ոչ թե տխրեցնում է, այլ ուրախացնում: Քանի որ օդնոկլասնիկից այցելողը մտնում է այդ նյութի համար, բայց նրան սկսում են աստիճանաբար գրավել այլ նյութեր: Շատ են պատահել դեպքեր, երբ տեսել եմ, որ օդոնկլասնիկից բլոգ այցելող մադրը իր օդնոկլասնիկյան ստատուսում գրում է ոչ թե հիմար նախադասություններ, այլ բլոգից վերցրած բանաստեծղությունից մի հատված (Օրինակ՝ Պ.Սևակի գործերից): Հայաստանում շատերը ինտերնետ ասելով հասկանում են հենց օդնոկլասնիկ, սակայն բլոգով ուզում եմ ցույց տալ, որ ինտերնետը ունի շատ ավելի գեղեցիկ ու գրավիչ կողմեր: Ես ինքս օդնոկլասնիկի կայքին վերաբերվում է որպես սովորական շարքային կայք, որը միջազգային ասպարեզում չի կարող մրցակցել գիգանտների հետ: Ըստ Ալեքսայի միջազգային ռեյտինգի Հայաստանում այցելվող կայքերի մեջ Օդնոկլասնիկին զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Իսկ առաջին երեք հորիզոնականները հաջորդաբար զբաղեցնում են Facebook, Google և YouTube կայքերը: Կարծում եմ Հայաստանում էլ կգա ժամանակ, երբ Օդնոկլասնիկի կայքի հանդեպ հետաքրքրությունը կնվազի
Գիտեմ նաև բազմաթիվ մարդկանց, ովքեր բլոգի միջոցով արդեն կարողանում են բջջային հեռախոսներով կարդալ և գրել հայերեն տառեր, խաղում են հայալեզու խաղեր, տեղադրում են իմ կողմից պատրաստված Հայերեն Աստվածաշունչ բջջային հեռախոսներում, սովորում են տիրապետել համակարգչի տարրական հնարքների և այլն: Կան նաև բազմաթիվ այցելուներ ֆեյսբուքից: Բլոգի ֆեյսբուքյան էջին արդեն միացել են 2500-ից ավել մարդիկ: Այնպես որ օդնոկլասնիկի մասին նյութերը որոշիչ դեր չունեն բլոգում:

- Շա՞տ ես շփվում ընկերներիդ ու անծանոթներիդ հետ սոց ցանցերում:

Սոցիալական ցանցերում շփվում եմ ինչպես ընկերներիս, այնպես էլ անծանոթների հետ, որոնց մեծամասնությունը հետագայում դառնում են ընկեր: Աշխատում եմ պատասխանել բոլոր նամակներին և հասանելի լինել բոլորի համար: Սոցիալական ցանցերի մեջ բացասական բան չեմ տեսնում, եթե իհարկե ամեն ինչ չափի մեջ է արվում: Նախընտրում եմ ավելի շատ իրական կյանքում շփվել քան վիրտուալ:

-Երբևէ սիրահարվե՞լ ես միայն սոցիալական ցանցում զրուցելով ու ի՞նչ ավարտ են ունենում նման սիրավեպերը քեզ մոտ:

Չնայած օրական շփվում եմ մի քանի տասնյակ մարդկանց հետ, բայց սոց. ցանում զրուցելով երբեք չեմ սիրահարվել և ինձ թվում է չեմ էլ սիրահարվի, որովհետև այստեղ իրականությանը շատ քիչ բաներ են հապատասխանում: Այստեղ մարդիկ կարող են թաքցնել իրենց իրական դեմքը և լրիվ այլ մարդ երևալ: Իսկ իրական կյանքում մի քանի անգամ շփվելով արդեն կարողանում ես որոշակի կարծիք կազմել տվյալ անձնավորության մասին: Վիրտուալ ցանցում շփվելու ու անիմաստ ժամանակ անցկացնելու փոխարեն ավելի լավ է շփվել իրական կյանքում: Չնայած կան դեպքեր, որ ինտերնետի միջոցով կազմվել են բազմաթիվ երջանիկ ընտանիքներ: Բայց ես կողմ չեմ այն մարդկանց, ովքեր սիրահարվում են ինտերնետի միջոցով՝ առանց դիմացինին իրական կյանքում ճանաչելու:

-Ինչպե՞ս ես պատկերացնում քո ինտերնետային ապագան:

Իմ ինտերնետային ապագան դեռ անհայտ է: Մի քանի անգամ ցանկացել եմ դադարեցնել բլոգի գործունեությունը, սակայն այցելուների ու ընկերներիս խնդրանքով շարունակել եմ այն: Չգիտեմ դեռ սա ինչքան կարող է շարունակվել: Կան նաև շատ մարդիկ, ովքեր շատ ծանր են տանում բլոգի առաջընթացը, բայց ես նրանց խորհուրդ կտամ թեթև նայել, և եթե այսօր իմ բլոգը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակներում առաջին հորիզոնականները, դա իմ մեջ ոչ մի բան չի փոխում: Ես նույն եմ մնացել բոլորի հանդեպ: Այս հաջողությունները ինձ Աստված է պարգևում, այնպես որ ես այստեղ շատ չնչին դեր ունեմ: Պետք է միաբան լինենք և ստեղծենք օգտակար ու գեղեցիկ հայկական նախագծեր:

Ահա թե որքան համեստ է վարկանշային աղուսյակներում առաջին տեղը զբաղեցնող Արմեն Մկրտչյանը: Փաստորեն նրանից միայն փակ պրոֆիլի նկար նայել չէ, որ պետք է սովորել:

Հարցազրույցը վարեց Սուսի Միսակյանը

loading...

Նմանատիպ նյութեր