«Ֆիզիկական ոչ մի խոչընդոտ ի զորու չէ կասեցնել նպատակներիդ իրագործումը» Արտակ Բեգլարյան

945474_555795221125386_1556755533_nԱմսագիր.am-ի զրուցակիցը ճանաչված երիտասարդ քաղաքագետ,  ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն է:  Արտակ Բեգլարյանը 6 տարեկանում ականի պայթյունից կորցրել է տեսողությունը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատը և կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրան: Սովորել է Սալոնիկի (Հունաստան) Ալեքսանդրի անվան տեխնիկական կրթական ինստիտուտում, Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում, և ԱՄՆ «Թաֆթս» համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

_Տեսողությունը կորցնելուց հետո տարիներ շարունակ ապրել եք լիարժեք կյանքով, ինչը շատ քչերին է հաջողվում: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել և ինչ դժվարությունների եք հանդիպել:

-Իհարկե, լիարժեք կյանքով ապրելու պատճառները կարող են տարբեր լինել՝ բնավորությունից ու կրթությունից մինչև անհատական ազդեցությունները, սակայն ամենահիմնայինը կհամարեի իմ առջև ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարումը, որոնք աստիճանաբար կոփեցին իմ էության տարբեր որակներ: Հայտնի փաստ է, որ ցանկացած դժվարություն հաղթահարելուց հետո մարդն ավելի կոփված է լինում հաջորդ մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Մյուս կողմից, թեև շատերին են կարող այդպիսի դժվարություններ հանդիպել, սակայն ոչ բոլորն են հաղթանակներով դուրս գալիս դրանց հետ առճակատումներում: Այնպես որ իմ կողմից դրա հաջողումը կհամարեի նաև մի շարք այլ պատճառների (թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ) համախումբը: Գլխավոր դասը դրանից այն է, որ ցանկացած դեպքում չպետք է ընկճվել, այլ հակառակը՝ ուժերդ լարել և ավելի ուժեղացած դուրս գալ խնդիրների հետ քո մարտերից:

_Ստանալով առաջին բարձրագույն կրթությունը Հայաստանում, ինչու որոշեցիք շարունակել ուսումը նաև արտասահմանում: Բավարար չէ՞ արդյոք Հայաստանի ուսմանական հաստատությունների հարմարեցվածությունը հաշմանդամություն ունեղող անձանց   լիարժեք կրթություն ստանալու համար: 

-Քանի որ արտասահմանում ես կստանայի այլ որակներ և հմտություններ, որոնք պայմանավորված են թե՛ իմ ընտրած համալսարանների համաշխարհային մակարդակով, թե՛ օտար միջավայրում ապրելու կյանքի փորձով: Այո՛, հայաստանյան իմ կրթությունը ինձ տվեց բավականին շատ գիտելիքներ, սակայն դրանք խորացնելու և լայնացնելու համար ես անհրաժեշտություն էի զգում ստանալ արտասահմանյան լավագույն գիտելիք, որոնք կլրացնեին հայկական կրթությանս բացթողումները:

Ինչպես նշեցի, արտասահմանում ուսանելու ցանկությունս պայմանավորված էր կրթական, ոչ թե ավելի հարմար պայմաններում ուսանելու նպատակներով: Իհարկե, արտասահմանյան իմ ուսանած հաստատություններում անհամեմատ ավելի հարմար պայմաններ էին ստեղծված ինձ համար, քան Հայաստանում, սակայն դա ընդհանրապես դերակատարում չուներ իմ որոշման մեջ, քանզի այդ խնդիրները լուծելի էին հայկական կրթական համակարգում՝ հիմնականում դասախոսական կազմի ըմբռնողական մոտեցման և իմ լրացուցիչ ջանքերի շնորհիվ:

1238858_591988357506072_307590613_n

_2013 թվականին Դուք կատարեցիք ողջ հայության համար երազանք դարձած մի բան` Դլե Յաման երգեցիք Արարատ լեռան վրա: Ինչպիսի՞ն էին զգացողությունները:

Զգացողություններս, նախ, անձնական վաղեմի նպատակի իրագործման հետ էին կապված, քանզի այնքան էլ հեշտ չէ տրվում այդպիսի նպատակը և պահանջում է ուժերի զգալի լարում և նպատակասլացություն: Անշուշտ, այդ երանելի վիճակը (Արարատի գագաթին երգելը) ինքնին ևս հուզական բերկրանքի մեծ աղբյուր էր, քանզի այն մի պատահական լեռ չէ, որը մարմնավորում է մեր ազգի խորունկ ինքնությունը: Զգացողություններիս հաջորդ աղբյուրն այն հանգամանքն էր, որ ես, լինելով չտեսնող, այնուամենայնիվ, կարողացել եմ հաղթահարել այդպիսի ոչ թեթև ֆիզիկական դժվարությունը՝ ապացուցելով, որ կյանքում ֆիզիկական ոչ մի խոչընդոտ ի զորու չէ կասեցնել նպատակներիդ իրագործումը, եթե բավարար ձգտում և կամքի ուժ ունես դրան հասնելու:

_Հասարակության կողմից միանշանակ ոգևորությամբ ընդունվեց Ձեր նշանակումները ԼՂՀ վարչապետի օգնականի, ապա մամուլի խոսնակի պաշտոնում: Գո՞հ եք Ձեր աշխատանքից, հարմարեցվա՞ծ են արդյոք աշխատավայրի պայմանները Ձեզ համար:

Միանշանակորեն գոհ եմ իմ աշխատանքից, քանի որ այն, ընդհանուր առմամբ, տեղավորվում է իմ մասնագիտական կրթության ու հմտությունների շրջանակներում: Բացի դրանից, այն ինձ տալիս է որոշակի ճկունություն և անկախություն՝ նախաձեռնող և ստեղծագործ աշխատանքով զբաղվելու համար: Ինչ վերաբերում է հատուկ պայմաններին, ապա այդպիսի պայմանների կարիք չունեմ այնտեղ, քանզի ես օգտագործում եմ իմ անձնական համակարգիչը պարտականություններս կատարելու նպատակով, իսկ մնացյալ՝ շենքային և այլ հարմարեցված պայմանների հետ երբևէ խնդիր չեմ ունեցել: Այնուամենայնիվ, երբ որոշ դեպքերում բախվում եմ մանր-մունր դժվարությունների, կառավարության ղեկավարությունը միշտ բարձր պատրաստականությամբ աջակցում է ինձ դրանց կարգավորման հարցում:

_Ձեր հաջողության պատմությունը շատերի համար հանդիսանում է որպես հոգու արիության օրինակ, սակայն Հայաստանում դեռևս բավական չլուծված խնդիրներ կան հաշմանդամություն ունեցող մարդկանց հասարակական կյանքին ինտեգրելու ճանապարհին. որոնք են ըստ Ձեզ դրանցից առաջնայինները և ինքներդ փորձում եք նպաստել դրանց լուծմանը: 

-Ցավոք, այդպիսի խնդիրներ շատ կան, որոնք կբաժանեի երկու խմբի՝ հոգեբանական և ֆիզիկական: Հոգեբանական խնդիրները հիմնականում վերաբերում են ինտեգրման հարցերին, որտեղ խնդիրներ կան թե՛ հաշմանդամների, թե՛ նրանց հետ շփվող ոչ հաշմանդամների մոտ: Դրանց վերացման/հաղթահարման գործում ես ավելի շատ կկարևորեի հաշմանդամների դերը, քանի որ իրենք, նախ, պետք է հաղթահարեն իրենց ներքին կարծրատիպերը, ինչի արդյունքում իրենց բնական վարքով կջարդեն նաև հասարակության հոգեբանությունում գործող կարծրատիպերը: Ինչ վերաբերում է ֆիզիկական խնդիրներին, ապա դեռևս բազմաթիվ պայմաններ պետք է ստեղծվեն հաշմանդամների լիարժեք կյանքն ապահովելու համար մեր երկրում՝ սկսած ճանապարհատրանսպորտային պայմաններից մինչև աշխատանքի և կրթության ոլորտներ: Իմ գլխավոր ներդրումը կհամարեի իմ օրինակելի վարքը՝ որպես հաշմանդամ, ինչի արդյունքում ինձ հաջողվել է առնվազն ինձ ճանաչողների մոտ վերացնել մի շարք կարծրատիպեր: Իհարկե, բացի դրանից, ես նաև փորձում եմ իմ աշխատանքի շրջանակներում ևս հնարավորինս նպաստել որոշ խնդիրների լուծմանը, թեև այդ գործառույթը չի մտնում իմ ծառայողական պարտականությունների մեջ: Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ անհրաժեշտ և հնարավոր է ավելի մեծ չափով նպաստել վերոնշյալ հարցերի կարգավորմանը:

 

loading...

Նմանատիպ նյութեր