Թող ձեր այոն լինի այո, և ոչը` ոչ (Մատթ. 5: 37)

Մեր շրջապատում` հատկապես պատանիների և  երիտասարդների մեջ, արմատացած է երդվելու հիվանդագին սովորությունը: Փորձենք հասկանալ, թե որտեղից է ծագում այն և  ինչ տարատեսակներ ունի:
Երդվելը խոսքի հավաստման ամենատարածված միջոցն է: Անձը մտածում է, որ առանց երդման իրեն չեն հավատա: Բայց երբեք ինքն իրեն չի հարցնում, թե որն է դրա պատճառը, ինչու շրջապատը չի վստահում իրեն: Պատասխանն այն է,որ ինքը երբևէ չի դրսևորել իրեն այնպես, որ վստահություն շահի:
Երդումը խոսքի հավաստման ճիշտ տարբերակը չէ, այլ, ինչպես սուրբ հայրերն են ասում, սատանայական սովորություն է, որովհետև առաքինի մտքերից է ծնվում խոսքը, և  ոչ` երդումները: Եթե մարդը ճշմարտախոս է, ինքը չի մտածում երդվելու մասին, քանի որ գիտե, որ իր «այոն այո է, և ոչը` ոչ»: Շատերը թերևս հարցնեն Հին Օրենքում Մովսեսի ասածը .«Երկնչի՛ր քո Տեր Աստծուց. միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետևիր ու նրա անունո՛վ երդվիր»(Բ Օրենք 6:13) :

Այս պատվիրանը միտված էր մարդկանցից հեռացնելու կուռքերի անուններով երդվելու սովորությունը, քանի որ երդումը լինում է կատարելությունների անուններով: Իսկ Միակը և Կատարյալը Աստված է: Այլ խոսքով` այստեղ փորձ է արվում, որ կռապաշտներն ընտելանան երկրպագելու և պաշտելու ճշմարիտ Աստծուն: ՀԻն Օրենքը մեծ մասամբ սրան է ուղղված: Նոր Կտակարանում Քրիստոս ուսուցանում է շնորհի մեջ` ասելով մեզ. «Ամենևին չերդվել. ոչ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ոչ երկրի վրա, որովհետև  նրա ոտքերին պատվանդան է, և  ոչ Երուսաղեմի վրա, որովհետև  մեծ Արքայի քաղաքն է: Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել » (Մատթ. 5:33-36) : Եթե պատվիրում է երկնքի և երկրի վրա չերդվել, ապա ինչպե՞ս կարող ենք Նրա Անվամբ երդվել: Եվ կամ ինչպե՞ս մեր գլխով կերդվենք, երբ որ մեր գլխի տերն Աստված Ինքն է : Այլ պարտավոր ենք զգեստավորվել ազնվության և  ճշմարտության շնորհներով, որպեսզի ավելորդ խոսքերի և  երդումների կարիքը չունենանք: Նմանատիպ զգուշացում է անում Հակոբոս առաքյալը, որ չերդվենք, որպեսզի կեղծավորության պատճառով չընկնենք

(հմմտ. Հակ. 5:12) : Իսկ Պողոս առաքյալն էլ ասում է. « Մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է »(Եբր. 6:15 ):
Կեղծավոր մարդը, ստախոսը, բանսարկուն իր երկդիմի էությունն ու գործերը թաքցնելու համար երդվում է` ի հավաստումն իր ասածների: Այստեղ հակադրություն կա, քանզի սիրտն ու լեզուն տարբեր են գործում: Իսկ հակառակությունն ու առհասարակ բոլոր մեղքերը չարից են, հետևաբար չարից է նաև երդվելը:
Մեր օրերում հանդիպում ենք երդման մի տեսակի, որը պաշտոնական արարողությունների ժամանակ հանդիսավոր կերպով ասում է պետական ծառայողը: Սա միանշանակորեն տարբերվում է այն երդումից, որի մասին Ավետարանում խոսում է Քրիստոս: Այն հիմնականում ունի խոստման իմաստ:
Մկրտության արարողության սկզբում արտասանվում է « Հրաժարիմքը», որով հրաժարվում ենք սատանայից, նրա հրեշտակներից, խաբեություններից, չար գործերից ու մտածումներից: Հետո խոստովանում ենք Սուրբ Երրորդության դավանությունը և մկրտության խորհրդի միջոցով որդեգրվում Աստծուն` խոստանալով նրա արժանավոր զավակը լինել: Սուրբ Հովհան Մանդակունի հայրապետը ասում է, որ սատանան սա տեսնելով մտածեց, որ ինչպես մարդիկ ուրանալով հրաժարվեցին իրենից, այնպես էլ ինքը մարդկանց բերանում երդումը կդնի, որ ուրանան Աստծուն և Նրա ճշմատությունները: Ուստի պետք է ապրենք առաքինի վարքով և որպես քրիստոնյաներ ձգտենք,որ մեր այոն լինի այո և ոչը`ոչ, քանի որ «դրանից ավելին չարից է»:

Արսեն սարկավագ Մաթևոսյան

 

loading...

Նմանատիպ նյութեր