Ինչպես են ռուս աղջիկները Հայաստանում ավտոստոպով ճամփորդել

Համացանցն էինք փորփրում՝ հույս ունենալով ինքնատիպ հոդված գտնել, եւ գտանք Միլա Դեմենկովա անունով մի աղջկա բլոգը: Միլան բազմաթիվ նյութեր է հրապարակել ճամփորդությունների մասին, իսկ ամռանն ընկերուհու հետ Հայաստանում է եղել ու կիսել մայրուղում պատահական ավտոմեքենա կանգնեցնելով (ավտոստոպով) ճամփորդելու առաջին փորձը: Եվ այսպես՝ կարդում ենք:

«Ամեն ինչ ինչ-որ ժամանակ առաջին անգամ է լինում, եւ իմ առաջին ավտոստոպը Հայաստանում էր՝ հենց հայերի եւ հնարամիտ ընկերուհուս շնորհիվ: Ամեն ինչ այսպես եղավ: Ծանոթացանք երկու հայ երիտասարդի հետ, հիացանք Արարատով, թափառեցինք Խոր Վիրապի վանքի տարածքում, խաչապուրի կերանք, շփվեցինք ավանակի հետ եւ Երեւան ուղեւորվեցինք:

Կատյուշայի հետ 3 կմ պետք է քայլեինք՝ ավտոբուսի կանգառ հասնելու եւ այնտեղ շուրջ մեկ ժամ սպասելու համար: Քայլում ենք, չենք շտապում, տաքսի ենք կանգնեցնում: Առաջարկում է մինչեւ մեզ մինչեւ մայրուղի հասցնել միանգամայն անվճար: Ասում է՝ իր ճանապարհին է, տուն է գնում՝ ճաշի:

Ինքն իրեն կանգնած անվճար տաքսին ինչ-որ նոր բան է: Նստում ենք, գնում, զրուցում: Երեք րոպե անց իջնում ենք մեքենայից, հրաժեշտ տալիս: Ինչ եք ասում, փող պետք չէ… Ի դեպ՝ Կատյան նույնպես կյանքում ավտոստոպով չի ճամփորդել: Մինչ այսօր: Ավտոբուսի երկար պետք է սպասենք, շատ շոգ է, մեքենա չկա:

Նկարահանում ենք շրջակայքը, ձեւացնում եմ, որ մեքենա եմ կանգնեցնում (որոնք չկան), հետո շրջվում եմ, սկսում խաղողի այգիները նկարել, հետ եմ դառնում եւ… բեռնատար է մոտենում: Կատյային բղավում եմ՝ կանգնեցրո՛ւ: Որքան եմ զարմանում, երբ համեստ Կատյան բարձրացնում է ձեռքը, մի վայրկյանում մեքենան արգելակում է եւ կանչում ինձ: Wow! Վարորդը՝ Թաթուլը (շատ շնորհակալություն նրան), ավազ է տանում Երեւան, համաձայնում է նաեւ մեզ տեղ հասցնել: Ա՛յ քեզ հաջողություն… Բեռնատարի խցիկում ամեն ինչ ճռճռում է, պատուհաններից քամի է փչում, իսկ իմ դեմքը շողում է երջանիկ ժպիտով:

Իջնում ենք քաղաքում, եւ կրկին փող պետք չէ: Հիմա մեզ երթուղային է պետք՝ Կիլիկիա ավտոկայան հասնելու համար: Երթուղային չենք կարողանում կանգնեցնել: Քայլում ենք ավտոլցակայանի կողքով, աչքի ծայրով նայում եմ լցակայանի աշխատակցին: Մոտենում է.

- Ինչո՞վ կարող եմ օգնել, աղջիկներ:

- Փորձում ենք երթուղային գտնել:

- Հիմա ամեն ինչ կլինի:

Մեզ համար ավտոբուս է կանգնեցնում, որը դուրս է գալիս լիցքավորման կայանից, պայմանավորվում վարորդի հետ.

- Նստեք, ես վճարել եմ,- ժպտում է եւ ձեռքով անում:

Դե ինչ, մեկ ժամվա ընթացքում, ինքներս էլ չծրագրելով, կարողացանք ավտոստոպով ուղեւորվել տաքսիով, բեռնատարով եւ ավտոբուսով: Զարմանալի երկիր է Հայաստանը, եւ դեռ ընդամենը կես օր է անցել»:

loading...

Նմանատիպ նյութեր