40 տարի անբարբառ մանկան լացը վերծանող բժշկուհին

Յուրաքանչյուր աշխատանք  պահանջում է մեծ պատասխանատվություն, սակայն  ոչ ոք չի վիճի, եթե ասենք, որ դժվարագույն մասնագիտություններից մեկն  է ոչինչ չասող երեխայի ցավը հասկանալը` մանկաբուժությունը:  Անհրաժեշտ էր  մեծ խիզախություն դպրոցը գերազանցության մեդալով ավարտած աղջնակին ոտք դնել բժշկական համալսարան ու ընտրել հենց մանկաբույժի մասնագիտությունը. անսահման հետաքրքիր, անսահման պատասխանատու:

3-րդ կուրսից ուսանողուհի Լյուդմիալա Սաֆարյանն աշխատել է մանուկների հետ, սկզբում Երևանի 4-րդ հիվանդանոցի մանկական բաժանմունքում, հետո Սևանում,  Ծաղկահովիտ գյուղում, Աշտարակում, իսկ 1986 թվական-ից Արմավիրի պոլիկնինիկայում …ու արդեն 40 տարի:

Արմավիր մարզում բժշկուհի Լյուդայի անունը բոլորը գիտեն և Աստված մի արասցե, երբ երեխայի ցավը հասկանալ չեն կարողանում շտապում են բժշկուհու մոտ , ով աշխատում է օրը 24 ժամ, ոչ միայն պոլիկնիլիկայում այլև տանը:

_Ինչպես է հաջողվում հասկանալ անբարբառ մանուկի խնդիրն ու օգնել նրան:

_Եթե թերապևտի մոտ գնացող հիվանդը իր ախտորոշման 50%-ը ասում է, մեզ մոտ երեխաներ են, որոնց ծնողներն անգամ հաճախ չեն կարողանում ճիշտ բացատրել թե ինչ է կատարվել երեխայի հետ: Սակայն երբ մեկանում ես երեխայի հետ, սրտանց  ես ուզում բժշկել երեխային,  Աստված քեզ օգնում է, արթնացնում է քո բոլոր իմացած գիտելիքները, փորձը և կարողանում ես օգնել:

_Ինքներդ ունեք երեք երեխա, արդեն նաև թոռնիկներ, երբևէ դիմել եք մանկաբույժի:

_Երբ Սևանում էի,  դեռ նոր էի աշխատում,  մի փոխգնդապետ բժիշկ իր ջրծաղիկով հիվանդ երեխային բերել էր հիվանդանոց և ես շատ զարմացա, հարցրեցի ինչու է այդպիսի հարգված բժիշկը բերել երեխային, վստահում է մեզ: Նա շատ կարևոր բան ասաց. «Բժշուհի ջան, դուք դեռ շատ երիտասարդ եք,-ասաց,- ձեզ խորհուրդ կտամ երբևէ ձեր հարազատներին ու մտերիմներին չբուժել» : Իրոք մայրական բնազդը, էմոցիաները շատ են խանգարում: Ես չեմ վարանել դիմել բժշկի երբ  այլ մասնագետի խորհրդի կամ ստացիոնար բուժման կարիք է եղել:

_Դուք օրը 24 ժամ մանկաբույժ եք, սակայն ինչով եք զբաղվում, երբ ունեք ազատ ժամանակ:

_Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ եմ , Արմավիրի կանանց խորհրդի անդամ եմ , գենդերային հարցեր ենք վերլուծում, գնում ենք գյուղեր , ինչով կարողանում օգնում ենք գյուղաբնակ կանանց,  անվճար բժշկական օգնություն եմ ցուցաբերում, խորհուրդներ եմ տալիս:

_Որոնք են այն կարևոր խորհուրդները , որ տալիս եք առողջ երեխա մեծացնելու համար:

_Առողջ երեխա ունենալու համար անհրաժեշտ է առողջ հղիություն, առանց նիկոտինի, առանց լարվածության, ապագա մայրերին պետք  է ճիշտ սնունդ  և հնարավորինս հեռու մնալ համակարգիչներից : Իսկ երեխայի ծնունդից հետո, միանշանակ, կրծքով սնուցումն է երեխայի առողջության գրավականը: Մոր կաթի խեժի մեջ կան հակամարմիններ, որոնք պաշտպանում են երեխային ինֆեկցիոն հիվանդություններից: Եթե Աստված ստեղծել է կնոջը տվել է նաև կերակրելու շնորհը, իսկ եթե կաթ չկա  ապա պատճառը հիմնականում սխալ ինֆորմացիայից ուղեղում առաջացած  դոմինանտ օջախն է, ինչից  կաթը պակասում է:

Բացի այդ շատ վատ տենդենց եմ նկատում.  ծնողները հրաժարվում են պատվաստումներից , ինչ-որ հակառակ ինֆորմացիա է տարածվել պատվաստումների դեմ: Սակայն ամբողջ աշխարհի երեխաների առողջության հիմքն է պատվաստումը: Չէ որ գտնված է ելքը կարմրուկ, կարմրախտ, փայտացում և այլ հիվանդությունների դեմ: Պետք է վստահել բժիշկին ու ստանալ բոլոր պատվաստումները: Այդպեսչպատվաստված  երեխաները կհիվանդանան ու կվարակեն մյուսներին:

Բժշկուհի Սաֆարյանին դիմած յուրաքանչյուր ծնող  կարող է հավաստել, որ իրոք մանկաբույժը մանուկի հետ մեկանում ու անվրեպ վերծանում է մանկան լացը  և մարդկաց օգնության հասնելը այլևս ոչ թե միայն մասնագիտության առանձնահատկությունն է , այլ 40 տարիների ընթացքում դարձել է էություն ու բնավորություն: Նրան իրոք որ ԱՐԺԵ ՃԱՆԱՉԵԼ:

loading...

Նմանատիպ նյութեր