Image default
Հոգևոր անկյուն

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Ա. Ինչպես որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք, քան խոնարհությունը: Որովհետև առաջինն Աստծու և մարդկանց առջև ատելի է դարձնում, իսկ երկրորդը` սիրելի և հաճելի:
Եթե մարդ խորհի, թե ինքն ինչ էր առաջ, ինչ է այժմ և ինչ է լինելու ապագայում, բնավ չի կարողանա հպարտանալ, քանզի ծնունդը ցավերով է, ապրելը` տառապանքով, իշխանությունը` անօգուտ, փառքը` վաղաթառամ, կյանքը` կարճատև, մահը` հարկադիր, մարմինը` ապականացու և որդերի կերակուր: Այս բոլորից և այլ բաներից ևս մարդ դյուրավ կարող է իր բնության թշվառ լինելը հասկանալ և խոնարհ դառնալ:
Բ. Խոնարհը բարի և շատերին օգտակար գործը սովոր է ծածուկ անել` գովությամբ չհռչակվելու համար, քանզի Տիրոջից է ակնկալում հատուցում ստանալ: Իսկ հպարտը, որ մի փոքր բարի գործ է անում, ցանկանում է հրապարակել, որպեսզի մարդկանցից գովեստներ ստանա` իբրև իր գործերի վարձ. ուստի և Տիրոջից վարձ չի ստանում:
Գ. Կատարյալ խոնարհը որքան էլ մեծամեծ  շնորհներ, ունեցվածք, պատիվ ու մեծություն ունենա, իր մասին նվաստ կարծիք ունի. իր ունեցած առավելությունները չի տեսնում, այլ կամենում է իր թերությունները տեսնել` դրանք շտկելու համար, որով էլ առավել է արժանանում Աստծու շնորհներին:
Դ. Թող ոչ ոք խոնարհությունը չհամարի հոգու անզորություն կամ մտքի հիմարություն կամ կամքի թյուրություն, այլ թող ճշմարտապես իմանա, թե խոնարհությունը ոգու արիության, մտքի իմաստության ու կամքի ուղիղ լինելու նշան է: Քանզի անարին, հիմարն ու մոլին երբեք չեն կարող խոնարհվել, որովհետև ամենքը չէ, որ կարող են ունենալ այնքան մեծ զորություն, որ հաղթեն հպարտության ու բարկության անբան կրքերին և հեզ ու խոնարհ լինեն:
Ե. Ճշմարիտ խոնարհը երբեք չի համարում, թե հասել է կատարյալ խոնարհության, այլ միշտ կրթում է իրեն` դրան հասնելու համար:

Զ. Ճշմարիտ խոնարհն ամեն ժամ և ամենուրեք հանդարտ ու անվրդով է մնում. ոչ պատիվ ստանալիս ամբարտավանում է,որովհետև իրեն երբեք պատվի արժան չի համարում, ոչ էլ արհամարհվելիս վշտանում է, որովհետև գիտի, որ անարգանքի  արժանի թերություններ ունի:
Է. Խոնարհը իր ունեցած բոլոր բարիքներն Աստծո շնորհին է վերագրում, Տիրոջից շնորհակալ լինում և միշտ իրեն անարժան համարում`երկնչելով, թե միգուցե մեծամտանա, բայց սրանով էլ ավելի մեծ պարգևների է արժանանում:
Ը. Նա է հեզն ու խոնարհը, ով թեպետ կարող է վրեժխնդիր լինի իր դեմ արված անիրավությունների համար, բայց աստվածավախ երկյուղածությամբ ներում է: Իսկ հպարտը մի փոքր հանցանքի համար ջանում է վրեժ լուծել, որպեսզի ուժեղ երևա:
Թ. Ով կամենում է մեծամտությունից ձերբազատվել, թող աչքերը բարձրացնի  և նայի հոյակապ  դամբարաններին. թող  մտածի, թե մարդիկ, որ մի ժամանակ  մեծաշուք փառքով  բարգավաճելով  ճոխանում էին երկրի վրա, ինչպես են այժմ, հողի տակ նեխած ու հող դարձած, կոխան լինում ամենքի կողմից:
Ժ. Իշխաններն ու մեծատունները դյուրավ կարող են խոնարհություն ձեռք բերել, եթե մտածեն ինչ բարձր աստիճանի են հասել, որովհետև ով բարձր տեղ է բնակվում, անկումից ավելի պիտի վախենա, քան ներքևում գտնվողը:
Հատված Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու «Խրատի թանգարանից» , համառոտ շարադրեց Տիրայր Դարբինյանը

loading...

Կարդացեք նաև

Ախր ինչ ենք ցանել, որ ինչ էլ հնձենք

admin

Թող ձեր այոն լինի այո, և ոչը` ոչ (Մատթ. 5: 37)

admin

Մարդու դերը բնության մեջ

Սուսի Միսակյան