Image default
Հասարակություն

Հաղթանակների օր. Մայիսի 9

9th-of-may-amՄայիսի լույս 9-ի գիշերը hայ ժողովրդի հաղթանակի, երազանքների ու խաղաղության անմոռանալի օրն է դարձել : Օրացույցների մեջ ոսկե տառերով գրվեց մայիսի 9-ը որպես հաղթանակի օր, համաժողովրդական ցնծության օր: 1945 թվականի այս օրը  հաղթանակորեն ավարտվեց հայրենական մեծ պատերազմը: Բարեբախտաբար, Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաեւ մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաեւ մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված եւ անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր զրկանքներն ու անասելի դժվարությունները հաղթանակի համար:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:

300 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգեւատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից եւ հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը եւ Նելսոն Ստեփանյանը:

27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաեւ 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից եւս 83 հայ սպա:

Բեռլինյան հաղթանակից տարիներ անց  Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես  Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։

Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: