ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈւ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու կատարած աշխատանքներն արդեն նկատելի կերպով անցնում են կրոնական և ծիսական արարողություններից ու արդեն իսկ մուտք են գործում սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներ: Այս ոլորտներում ծրագրերը մշակվում և իրականացվում են Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի բոլոր թեմերում, ինչպես նաև Արցախում` հիմք ընդունելով քրիստոնեական, մարդասիրական և բարեգործության սկզբունքները:
Հայ առաքելական եկեղեցին զգալի ներդրում ունի հայ հասարակության սոցիալական ոլորտում կուտակված հիմնախնդիրների հաղթահարման գործում, և շատ հոգևորականներ իրենց ակտիվ մասնակցությունն են բերում մարդկանց սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծման գործընթացներում (համայնքներում, ծերանոցներում, մանկատներում, ազատազրկման վայրերում, դպրոցներում և այլուր):
Եկեղեցին իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն հոգևորականների կամ հոգևոր սպասավորների կողմից, այլև սուբյեկտ-սուբյեկտ արդյունավետ, մասնակցային համագործակցության շնորհիվ: Այսինքն` այն անհատները կամ անհատների այն խմբերը, ովքեր հանդիսանում են եկեղեցու ծառայություններից օգտվող «կլիենտներ», կարող են իրենց մասնակցությունը, աջակցությունը բերել եկեղեցական կյանքին: Առավել լավ պատկերացնելու համար, թե ինչ ասել է եկեղեցական կյանք և վերջինիս մասնակից լինելը կամ աջակցելը` փորձենք նկարագրել եկեղեցու` որպես սոցիալական ինստիտուտի ներքին կառուցվածքը և նրա գործառույթները:
Յուրաքանչյուր եկեղեցի կազմված է ծխական համայնքից, այսինքն` տվյալ եկեղեցի մշտապես այցելող հավատացյալների խմբից, երիտասարդների միություններից, կանանց միություններից և դպրաց դասից: Առանձնացնենք այն հիմնական ծառայությունները կամ գործառույթները, որոնք կարող են իրականացվել տվյալ խմբերիի կամ միությունների կողմից:
Ծխական համայնքի անդամները կարող են`
1. Բարեգործություններ անել (դրամի, մթերքի, հագուստի տեսքով)
2. Տասանորդ տալ
3. Միջոցառումներ կազմակերպել (ուխտագնացություններ, այցելություններ մանկատներ, ծերանոցներ և այլ հաստատություններ):
Երիտասարդների միությունները կարող են `
1. Կազմակերպել այցելություններ տարբեր հաստատություններ (ծերանոցներ, մանկատներ, դպրոցներ և այլուր)
2. Միջոցառումներ կազմակերպել (հանդիպումներ հոգևորականի հետ, ուխտագնացություններ, տոնական միջոցառումներ, մշակութային այլ միջոցառումներ)
3. Ստեղծել երիտասարդական ակումբներ կամ խմբակներ (ինտելեկտուալների, երգ ու պարի, բանավեճի և այլն)
4. Ճամբարներ կազմակերպել` ինչպես իրենց, այնպես էլ` այլ խմբերի համար:
Կանանց միությունները կարող են`
1. Կազմակերպել եկեղեցու կենցաղը (մաքրություն, կերակրի պատրաստում
/մատաղ կամ աղքատակերակուր/), հետևել եկեղեցու կարգ ու սարքին
2. Այցելություններ կազմակերպել (ծերանոցներ, ինտերնատներ և այլ հաստատություններ)
3. Կազմակերպել միջոցառումներ (ուխտագնացություններ և այլն)
4. Կանանց ակումբներ ստեղծել (ասեղնագործության, բանավեճի, փոխօգնության և այլն):
Դպրաց դասը կարող է`
1. Կազմակերպել և մասնակցել ծեսերին և արարողություններին (պատարագ, ժամերգություն, մկրտություն, պսակ և այլն)
2. Հոգևորականի հետ միասին այցելություններ կազմակերպել (համայնքներ, տներ, հաստատություններ):
Եկեղեցուն կից գործում են նաև կիրակնօրյա դպրոցներ և հայորդաց տներ, որոնք իրականացնում են`
1. Աստվածաշնչյան դասընթացներ
2. Կրթադաստիարակչական ծրագրեր
3. Պատմամշակութային հաղորդակցության ծրագրեր:
Հոգևորականի` «կլիենտի» հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքները իրականացվում են հոգևոր զրույցների, անհատական խոստովանության, աղոթքի, օրհնության և բժշկության կարգի կիրառմամբ:
Այսպիսով` կարելի է նշել, որ այսօր արդեն Հայ Առաքելական եկեղեցին ունի հզոր սոցիալական կապիտալ և կարող է հանդես գալ որպես կայուն և հզոր սոցիալական ինստիտուտ:

                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                      Արմենուհի Հովհաննիսյան

loading...

Նմանատիպ նյութեր