Image default
Մշակույթ

«Միհրը»` մշակութային երկխոսության հարթակ

Լույս է տեսել «Միհր» հայ-իրանական մշակութային հանդեսի 90-րդ համարը: «Խորապես հարգում եմ նախորդ երկու խմբագիրների` Մանուկ Մանուկյանի եւ Հովհաննես Գրիգորյանի ստեղծածը, որը ամսագրի հիմքն է: Նյութի մատուցման որոշ սկզբունքներ էլ  բխում են զուտ իրանական գաղափարաբանությունից, հոգեւոր ժառանգությունը մատուցելու, ներկայացնելու խնդիրներից, սակայն յուրաքանչյուր խմբագիր ունի իր դիտանկյունը, երեւույթներին ու իրերին մոտենում է իր անձնական փորձառությամբ»,- վստահ է հանդեսի գլխավոր խմբագիր, գրականագետ, բանաստեղծ Արթուր Անդրանիկյանը:

– «Միհր» հանդեսը ստեղծվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից, «Միհր» ակումբի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանում ներկայացնել ԻԻՀ անցյալ, ներկա ժամանակաշրջանների գրական-մշակութային, գիտա-տնտեսական եւ այլ  զարգացումները: Այն դիտարկմամբ, որ «Միհր»-ից առաջ չկար որեւէ հանդես, որը կներկայացներ Իրանի վիթխարի մշակութային ժառանգությունը՝ Ա. Անդրանիկյանը մասնավորապես նշեց. «Ցավոք, խորհրդային գաղափարաբանության 70 տարիները պատճառ դարձան, որ հարեւան երկրի հետ մեր հարաբերությունները բացարձակապես շոշոփելի չլինեն: Հիմա նոր ժամանակները նոր հրամայականով պահանջում են այդ հարաբերությունները մի այնպիսի հարթության վրա ներկայացնել, որ փոխհարստացում եւ առաջընթաց տեղի ունենա»: Իմ զրուցակիցը փաստեց, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից եւ Հայաստանի անկախությունից հետո հայ-իրանական առնչություններն ավելի են սերտացել թե  դիվանագիտական, թե մշակութային ոլորտում: Վկայությունը վերջերս նշված Իրան-Հայաստան պաշտոնական հարաբերությունների 20-ամյակն է: «Հայ ընթերցողին պատկերացում տալու համար, թե ինչպիսի մշակութային մեծ ներուժ ունի Իրանը, պարսկական անցյալ եւ ժամանակակից գրականության տարբեր նմուշներ թարգմանվում եւ տպագրվում են ամսագրում հայ թարգմանիչների նվիրյալ աշխատանքի շնորհիվ»,-տեղեկացրեց իմ զրուցակիցը՝ վկայաբերելով թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանին, ում շնորհիվ հայ ընթերցողը կարողացել է ծանոթանալ աշխարհի վիթխարագույն գրքերից մեկին` Սուրբ Ղուրանին:

Ա. Անդրանիկյանը նաեւ ավելացրեց, որ ազգային ժառանգություն ներկայացնող հայ գրողները եւս թարգմանվում են պարսկերեն եւ հրատարակվում Իրանում` հիշատակելով Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» պարսկերեն երկու հրատարակությունները՝ բանաստեղծ, թարգմանիչ Ազատ Մատյանի թարգմանությամբ: «Միհր»-ում անդրադառնում են նաեւ իրանահայ համայնքին, որտեղ գործում են «Ալիք» թերթը, իրանահայ գրողների միությունը Թորգոմ Տեր-Հակոբյանի գլխավորությամբ, բազմաթիվ մարզական, գրական, մշակութային օջախներ:

– «Մենք Հայաստանում չունենք որեւէ թերթ կամ հանդես, որը կլուսաբաներ իրանահայ մտավորականների գործունեությունը: Եղածը ցաքուցրիվ է, հիմնականում կապվում է շոուբիզնեսի եւ այլ ոլորտների հետ»,-իրավացիորեն նկատեց զրուցակիցս՝ նշելով, որ «Միհր» հանդեսը պետք է լինի հարթակ, որը կներկայացնի ոչ միայն Իրանի, այլեւ իրանահայ մշակույթի եւ այլ ոլորտների գործիչներին: Իսկ նրանց Հայաստանում տեղի ունեցող տնտեսական բարեփոխումների մեջ ներգրավելու եւ տարատեսակ ծրագրերն իրագործելու հնարավորություն տալու համար, իմ զրուցակցի դիտարկմամբ, որոշակի պետական հոգածություն է պետք: Հայաստանում չկա նաեւ հանդես, որն ամփոփ կլուսաբանի այսօրվա սփյուռքը: Հանդեսում գործող «Սփյուռք» բաժնում, ինչպես ասաց Ա. Անդրանիկյանը, փորձելու են հնարավորինս ներկայացնել թե անցյալի, թե ներկայի այն սփյուռքահայ գրողներին, մշակույթի երախտավորներին, որոնց ստեղծագործությունները գրական-մտածողական արժեքի առումով կհետաքրքրեն ոչ միայն հայերին, այլեւ իրանցիներին:

 

Նարե Հովհաննիսյան

loading...

Կարդացեք նաև

«Eternal Sunshine of the Spotless Mind» ֆիլմ սիրային դրամաների սիրահարների համար

admin

«Շատ սարսափելի ֆիլմ»-ի շարունակությունը

admin

1948 թվականի այս օրը ինքնասպան եղավ Արշիլ Գորկին

admin