Image default
Հասարակություն

Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում

Բնակչության համաշխարհային օրը՝ հուլիսի 11-ին, «Հասարակություն առանց բռնության» հկ-ում գործող «Հյուր-խոսնակ» ակումբը հյուրընկալել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին: Հանդիպման ընթացքում ՄԱԲՀ-ի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը ներկայացրեց 2012թ. հունիսից 2013թ. հունվար ամիսներին ՄԱԲՀ-ի պատվերով Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող գիտնական Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից իրականացված «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. Ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրությունը, ըստ որի՝ նորածինների հարաբերակցությունը Հայաստանում շեղվել է 1990-ական թվականներից ի վեր՝ 2012 թվականին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց, ինչն աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակներից մեկն է Չինաստանից հետո:

«Մի կողմից խնդիրն ունի մարդկային արդարացումներ և հիմք. չի բացառվում, որ անընդհատ պատերազմական վիճակներում բանակի առկայության խնդիրն է ստիպել նախընտրել տղաներին: Մյուս կողմից էլ մոտավորապես 90-ական թթ. սկզբից նորագույն տեխնոլոգիաները մուտք գործեցին Հայաստան: Տղայի նախընտրությունը ստացավ գործիքներ, որով կարելի է սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներ իրականացնել»,-նշեց Մ. Մանուկյանը:

Ինչպես ներկայացրեց հյուր-խոսնակը՝ Եվրոպայում անհասկանալի խնդիր է տղայի կամ աղջկա նախապատվությունը կամ տղային որպես գերդաստանի շարունակություն դիտարկելը. «Արյունակցական կապը ոչնչանում է, մինչդեռ մեր հասարակությունը դեռևս ամուր կառչած է ավանդույթներից»: Նույնը նաև ուսումնասիրությունն է ապացուցում՝ հայաստանյան հասարակությունը բնույթով հայրիշխանական է և տղա երեխաներին գերադասում է աղջիկներից:

Ուսումնասիրության եզրակացություններն առավել քան տպավորիչ են: Ընտանիքում երկու երեխայից մեկը տղա լինելը բավական է, որպեսզի հայաստանյան ընտանիքները իրենց վերարտադրողական մտադրությունները համարեն իրականացած: Ավելին, տղա ունենալու շարունակական փորձերը հանգեցրել են նրան, որ հայաստանյան ընտանիքների մեծամասնության մեջ տղաները տարիքով ավելի փոքր են, քան աղջիկները: Մինչև 15 տարեկան տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թիվը 39000-ով, տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060թ. կհասնի 2000-ի, և աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով Հայաստանի բնակչությունը մինչև 2060թ. կնվազի 80000 մարդով և այլ հավասար պայմաններում կկազմի 2,6 մլն մարդ:

Մեր երկրում հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները կարող են հանգեցնել ցավոտ հետևանքների՝ հանցավորության աճ, տղամարդկանց արտագաղթ, կանանց առևանգում՝ վտանգ սպառնալով նաև ժողովրդագրությանը՝ ապագա մայրերի կորուստ, ընտանիք կազմելու դժվարություններ, բնակչության նվազում:

«Պետական մակարդակով գիտակցվում է խնդրի կարևորությունը: Նախարարություններում փորձում են ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը լուծումներ կմշակի, քանի որ այս երևույթը սպառնում է մեր մայրական բազային: Մենք այսօր ունենք մինչև 18 տարեկան 39000 ավել տղա, վերարտադրողական տարիքի 90000 ավել կին, քանի որ տղամարդիկ արտագաղթում են: Այսինքն՝ արհեստականորեն կրճատվում է մայրական բազան, մնացած հնարավոր մայրերն էլ զուգընկեր չունեն: Եթե հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, մինչև 2006թ.-ը Հայաստանը կկորցնի 93000 կին կամ պոտենցիալ ապագա մայր»,-ավելացրեց Մ. Մանուկյանը:

Սակայն բանախոսի դիտարկմամբ ժամանակակից աշխարհը ընդհանուր հայտարարի չի կարողանում գալ այս խնդրի լուծման շուրջ. «Պարզ չէ՝ դրանով երեխայի՞, ծնողների՞, թե՞ կանանց իրավունքներն են ոտնահարվում: Մի կողմից ծնողն իրավունք ունի իր երեխայի սեռն իմանալ, մյուս կողմից էլ այդ իրավունքն իրացնելիս ծնողը ոտնահարում է ապագա աղջիկ երեխայի իրավունքը»:

Առաջին արձագանքը տեխնոլոգիաների միջոցով սեռի կանխատեսումը արգելելն է, սակայն Մ. Մանուկյանի համոզմամբ դա ավելի վատթար վիճակի կհանգեցնի՝ մեծացնելով կոռուպցիոն վտանգները, իսկ հղիության արհեստական ընդհատումը թանկացնելը կնպաստի այն ոչ հիգիենիկ միջավայրում իրականացնելուն՝ ճանապարհ բացելով տնային աբորտների կամ դեղահաբային եղանակների համար:

Մհեր Մանուկյանն առավել քան վսահ է, որ լուծումն առաջին հերթին առնչվում է մեր հասարակության ներքին բովանդակությանը. «Մենք փորձելու ենք աշխատել երիտասարների և այն մարդկանց հետ, ովքեր այդ ռիսկային խմբում են՝ նոր ձևավորված զույգեր կամ զույգեր, որոնց առաջին երեխան աղջիկ է, քանի որ Հայաստանում լուրջ խնդիր է հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն առաջին և երկրորդ երեխայի դեպքում: Մենք պետք է կենտրոնանանք մարդ հասկացության վրա, ինչն ավելի վեր է, քան սեռայինը, գենդերայինը»:

Նարե Հովհաննիսյան

«Հասարակություն առանց բռնության» հկ

loading...

Կարդացեք նաև

Կենդանաբանական այգու առաջին խնամակալը

admin

Ի՞նչ են առաջարկում շրջանավարտներին

Սուսի Միսակյան

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

admin