ՇՈՂԱ՜, ՇՈՂԱ՜, ԲԱՐԻ՜ ԱՐԵՎ, ՀԻՎԱՆԴ ԵՄ…

 

   Աստծու արարչագործության թագն ու պսակը մարդն է եւ նա Աստծու ստեղծած սքանչելիքների մեջ ամենաբարձր տեղն է գրավում: Հոգեղեն հրեշտակները, բարձր կարողություններով օժտված լինելով հանդերձ, ունեն առաքելություն` մարդկանց փրկության համար սպասավորելու: Սակայն հրեշտակները իրենց բարձր կարողությամբ հանդես են գալիս հոգեւոր անդաստանից ներս, մինչդեռ մարդը բնության հետ միացած լինելով` առավել փառավոր է իր հոգեւոր հարստություններով: Այս ամենի մասին է վկայում նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը. «Սրանց մեջ է երեւում Աստծու սերը, որովհետեւ հանուն մեզ արարեց երկինքն ու երկիրը եւ նրա մեջ եղած արարածներին»: Սուրբ Գիրքը պատկերավոր ձեւով պատմում է, որ Աստված ստեղծեց մարդուն հողից, փչեց կենդանի շունչ, հոգիացրեց եւ կենդանի հոգով մարդ դարձրեց` ըստ իր պատկերի եւ նմանության: Այդ իսկ պատճառով Ավարայրի երգիչ Սուրբ Եղիշեն ասում է. «Անմահ Աստծու անմահ պատկերը մարդն է» եւ միաժամանակ ցույց է տալիս, թե մարդն ինչով է նման Աստծուն. «Բանական է միայն մարդը եւ հրեշտակը, իսկ Աստված վեր է երկնքից եւ երկրից»: Աստծուց տրված բանականությունը մեր մեջ արտահայտված է երեք կարողություններով` մտածողություն, ազատ կամք եւ խղճմտանք: Այդ պատճառով մարմնով կապված ենք աշխարհի հետ, միեւնույն ժամանակ հոգով աշխարհից ազատ ենք ու անկախ:

   Ամեն բան հանկարծակի փոխվեց, քանի որ մարդը իրեն տրված այդ աստվածային կարողությունները փոխեց մի այլ բանով, որ է մեղքը. մեղք, որը մարդու հոգին վերածեց պատերազմի դաշտի, որտեղ եւ նա պայքարում է անգութ չարի դեմ, որն ուրախանում եւ հրճվում է մարդու ամեն մի ձախողությունով: Նախածնողների անհնազանդությունը կամ պատվիրանազանցությունը հիմք դարձավ եղբայրասպանության: Եւ այսպես շարունակ, մեղք մեղքի հետեւից, որը մարդուն տանում է դեպի մահ: Ոչ թե Աստված սահմանեց մահը, այլ մարդ իր գործած մեղքով ժառանգեց մահը: Սողոմոն Իմաստունն այս առումով գրում է. «Աստված չստեղծեց մահը» (Իմաստ. 1:13), այլ ինչպես Հակոբոս առաքյալն է ասում. «…մեղքը մահ է ծնում» (1:15): Իբրեւ հակառակություն բնության, աստվածպաշտության, սիրո եւ Աստծու նկատմամբ ծառայության` մեղքն առաջին հերթին ամբարշտություն է: Երկրորդ` իբրեւ Աստծու օրենքների եւ մարդու իրավունքնրի բռնաբարություն, մեղքը պատվիրանազանցություն է եւ հանցանք: Երրորդ` իբրեւ խոտորում կամ հեռացում հավիտենականությունից, մեղքը անօրենություն է եւ անարդարություն: Չորրորդ` իբրեւ չար եւ դառն արմատ այժմ գործվող բոլոր պատվիրանազանցությունների, իբրեւ հաղորդակցություն մեր նախածնողների հետ եւ ժառանգություն մեր նախածնողներից, մեղքը կոչվում է «սկզբնական մեղք», որի արդար պատիժը կամ «մեղքի թոշակը մահն է»: Ինչպես գրում է Խոսրով Անձեւացին. «Չար է մեղքի երեւույթը, եւ առավել չար է գործողի համար, այնքան որ մինչեւ իսկ վերացնում է Աստծու երկյուղը մեղանչողի սրտից եւ չի թողնում նայել Արարչի շնորհին, այլ զբաղեցնում է միայն երկրավոր բաներով ու թմրեցնում խավարի խորքերում: Մեկին` աշխարհական ցնորքների, մյուսին` արծաթսիրության, մեկ ուրիշին` փառամոլության, երրորդին` նախանձի եւ ատելության մեջ: Եւ մեր կյանքի թշնամին մղում է մեզ չարիք գործել սիրով եւ հոժարությամբ` իբրեւ թե իրավացիորեն: Որպեսզի, չիմանալով սնոտի սիրո հետեւանքը, ոչ ոք չզղջա եւ ապաշխարությամբ չփրկվի, այլ չարի պատրանքներով զբաղվելով, խոր գիշերվա մեւ թմրածի պես, անգիտաբար խավարն իբրեւ լույս սիրի»:

   Մեղքի մայրը սատանան է, որը ծնողն է բոլոր մեղքերի եւ անօրենությունների: Նա էր, որ սկզբնապես բնակվում էր Աստծու մոտ եւ անդադար փառաբանում էր Աստծու Սուրբ անունը, բայց քանի որ ազատ էր ստեղծված, հպարտացավ, ցանկացավ Աստծու տեղը զբաղեցնել եւ անգամ նրանից էլ ավելի վեր բարձունքներում հանգրվանել ու նույն եւ ավելի փառքի արժանանալ ու փառաբանվել հրեշտակների կողմից, բայց Աստծու կողմից երկնքից արտաքսվեց երկիր եւ ինչպես Եսայի մարգարեն է ասում. «…ահավասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը» (14:15), «Ինչպես աջ ձեռքի մատանի եւ դրախտի պսակ ստեղծեցի քեզ: Դու անարատ գնացիր Իմ աջ կողմում, մինչեւ գտավ քեզ քո իսկ չարությունը: Դրա համար էլ երկիր շպրտեցի քեզ» (28:17), – փոխլրացնում է Եզեկիել մարգարեն: «Այս պատճառով էլ բոլոր սուրբերը նրան կոչեցին չարիք, մեղք անօրենություն, մահ, ապականություն, դժոխք, կորուստ, նաեւ շուն` լրբության, առյուծ` չարաչար պատառոտելու, զվարակ` խփելու պատճառով եւ վիշապ, որովհետեւ մեղքը հեշտությամբ է մոտեցնում մարդուն, տզրուկ կոչեցին նրան, որովհետեւ չի հագենում մեղքերից, որոնք գործվում են աշխարհում, եւ չի ասում. «Բավականացա եւ հագեցա»: Նաեւ լեռ կոչեցին նրան մեծագույն չարիքների պատճառով, որոնք հաստատված են նրա սրտում: Եվ այլ չար անուններ տվեցին…», – գրում է Վարդան Այգեկցին:  Ահա չար բանսարկուն հայտնվեց մարդկանց մեջ եւ ապականեց մարդու անապական հոգին: Մեղքը դարձավ ժառանգական, որը սերնդեսերունդ փոխանցվում է մեզ: Ամեն բան ունի իր սկիզբն ու վերջը: Այսպես է նաեւ մեղքը: Առաջին Եվան, դարձավ մեղքի եւ անկման պատճառ, իսկ Երկրորդ Եվան`Սուրբ Աստվածածինը, շնորհի ու փրկության: Քրիստոսով է, որ մենք մաքրվում ենք մեր մեղքերից: Եւ Քրիստոսին մեր մեջ ունենալու եւ նրանով հաղթանակ տանելու համար` Քրիստոս մեզ պատգամում է ապաշխարել:

   Ապաշխարություն բառն ունի երկակիություն. նախ` մեղքի գիտակցում եւ ի սրտե զղջում, երկրորդ` խոստովանություն եւ մեղքից ազատում:

   Քաղաքակիրթ այս աշխարհում մարդ արարածի ականջին խորթ է հնչում ապաշարություն բառը, որի փոխան մարդու համար մեղքը դարձել է կյանքի անբաժան մասնիկն ու ապրելակերպը: Մեկ խոսքով` գործում ենք մեղքեր, բայց այդ ամենը մեզ համար մեղք չենք համարում: Երջանկահիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոսը վերոնշայլ մարդուն կոչում է անտարբերության կրող, որը լրացնում է յոթ մահացու մեղքերի շարքը եւ դառնում ութերորդը, բայց մեծագույնն ու մեղքերի ծնողը: Դավիթ Սաղմոսերգուն դիպուկ է նկատել՝ մեղքի նկատմամբ անտարբեր ու անզգամ մարդը շարունակ իր սրտում կրկնում է հետեւյալ խոսքը. «Գոյություն չունի Աստված» (Սաղմ. 13:1)` մոռանալով նույն Սաղմոսերգուի այն խոսքը, թե` «մեղավորները կրկին դժոխք կընկնեն, նաեւ բոլոր հեթանոսները, ովքեր մոռացան Աստծուն» (Սաղմ. 9:18): Սակայն, հակառակ այս ամենի, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, ինչպես «ձայն բարբառոյ յանապատի», նորից ու նորից կոչ է անում մեզ. «Ապաշխարեցե´ք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3:2), քանի որ «Աստծու կամքը ա´յս է. որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից. ձեզնից յուրաքանչյուր ոք գիտենա իր մարմինը պահել սրբությամբ ու պատվով» (Ա. Թեսաղ. 4:3-4):

   Մի վանական պատմում է. «Մենք սառած գետ տեսանք եւ դրա ափին բազմաթիվ մարդկանց: Մենք մոտեցանք եւ գետով անցնող վանականների տեսանք: Նրանցից ոմանք գնում էին առաջնորդների հետ, լուսավոր եւ ուրախ դեմքեր ունեին եւ նրանց աջակցում էին նրանց առաջնորդները, ովքեր ուրախությամբ էին ուղեկցում նրանց: Իսկ մյուսները ընթանում էին տխուր տեսք ունեցող իրենց առաջնորդներից հեռու եւ համարյա ամեն քայլափոխին գետն էին ընկնում: Ոմանք գետն անցան եւ շարունակեցին իրենց ճանապարհը, իսկ ոմանք այդպես էլ ջրի մեջ մնացին: Ես իմ ուղեկցին հարցրի. «Ինչո՞ւ են ոմանք գետն անցնում, իսկ ուրիշներ չեն կարողանում»: Նա ինձ ասաց. «Ահա թե ի´նչ է նշանակում սա. ով, երկրի վրա ապրելով, առաջնորդ, այսինքն խոստովանահայր է ընտրել եւ ընդունել նրա խրատները, երբ խոստովանել է, կատարել է մեղքերի դիմաց գրված ապաշխարանքները, ահա դրանց ես դու այժմ տեսնում գետն անփորձ անցնելիս: Իսկ նրանք, ովքեր դրա մեջ են ընկնում եւ խեղդվում, կյանքի ընթացքում խոստովանահայր չեն փնտրել, անփութորեն են խոստովանել եւ ասել. «Մենք ինքներս էլ գիտենք, թե ինչն է մեղքը, ինչը` ոչ»: Ու ահա գետի միջով նրանց ոչ ոք չի ուղեկցում եւ աջակցում… Մենք էլ անցնե՞նք գետը” – ասաց նա:

- Վախենում եմ, – ասացի ես, – գետը կընկնեմ:

- Քո խոստովանահայրը քեզ կպահի» (մի վանականի տեսիլքի պատմությունից):

 Որպես սիրող Հայր` Աստված միշտ սպասում է մեր դարձին: Սրա վառ ապացույցը գտնում ենք Աստվածաշունչ մատյանում, որտեղ Քրիստոս անառակ որդու առակով (Ղուկ. 15:11:32) ցույց է տալիս, որ Աստված ներողամիտ է, բարեգութ ու, Սեր լինելով (Ա. Հովհ. 4:8), միշտ սիրում է մեզ, իսկ մեզանից պահանջվում է դառնալ դեպի տուն, որ է Եկեղեցին, եւ սրտի զղջումով խոստովանել մեր մեղքերը եւ կրկնել անառակ որդու խոսքերը. «Հա´յր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ…» (Ղուկ. 15:21): Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ասում է. «Տիրոջ խոսքը ծանրաբեռնվածներին խոստովանությամբ դեպի ապաշխարության է կանչում, մոլորվածներին` դեպի ճշմարտության գիտություն, արդարության ճանապարհից շեղվածներին ուղղում, խոստովանությամբ մահաբեր վարքը վերստին նորոգում կյանքի մեջ եւ սատանայի բոլոր խարդախությունները լուծարում: Քանզի «Կամենում է, որ ամեն մարդ ապրի», – ասում է առաքյալը, – եւ ճշմարտության գիտությանը հասնի ամենագյուտ սիրո տեսչությամբ»:

 Կարդա´ եւ անգի°ր արա Սուրբ Եղիշեի այս խոսքը, որն իր մեջ բովանդակում է, թե ո՞վ է Աստված եւ թե ո՞վ է մարդը. «Ես [Աստված] Իմ կենդանի պատկերը մարդու կենդանի դեմքի վրա նկարեցի, եւ աշխարհում ոչ ոք չի կարող նմանվել Աստծուն, բայց միայն մարդը, Աստված ոչ մեկին չի երեւում, բայց միայն մարդուն, երկրի վրա Աստված ոչ մեկին այդքան չի սիրում, որքան մարդուն: Միայն Աստված է մարդասեր եւ միայն մարդն է աստվածասեր: Աստված մարդունն է եւ մարդն Աստծունն է, հանուն մարդու է Աստված մարդացել եւ հանուն Աստծու է մարդն աստվածացել» եւ հիշի°ր, որ դու մեղավոր ես եւ Աստված սպասում է քեզ, սպասում է քո դարձին ու քո ապաշխարությանը: Սիրաքի իմաստության մեջ կարդում ենք հետեւյալ տողերը. «Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է» (1:32), իսկ «Ամենակալ Տերն ասում է` կենդանի եմ ես եւ ամբարշտի մահը չեմ ուզում, այլ` նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկ. 33:11): Աստծու Միածին Որդուն է, որ մեզ համար ճանապարհ հարթում,  ճշմարտությունն է ցույց տալիս, ինչպես նաեւ կյանքի է կոչում եւ առավել կյանքի, քանի որ Իր խոսքի համաձայն. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությունը եւ Կյանքը» (Հովհ. 14:7):

Երանի¯ այն մարդուն, ով որ գիտակցում է իր մեղսավոր լինելը եւ ապաշխարելով` խոստովանում է իր մեղքերը,  որովհետեւ փրկություն պիտի գտնի Աստծուց:

Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան

loading...

Նմանատիպ նյութեր