Image default
Հոգևոր անկյուն

Ով չգիտի համբերել, չգիտի նաև մարդավայել ապրել

Ա. Համբերությունն արիության այն զորությունն է, որով դիմակայում են անզուսպ կրքերին: Սա մի զորություն է, որը բնավորված է զսպելու և արգելելու համար այն ամենը, որը խոհեմությունը չի թույլատրում կատարել:

Բ. Համբերողից բացի ոչ ոք չի կարող հաղթել դժվարություններին, և անժուժկալից (անզուսպից) տկար ոչ ոք չկա: Չկա այնքան ծանր ու դժվարին բան, որին կատարյալ համբերությունը չհաղթի, և չկա  թեթև մի բեռ, որն անհամբերությունը չծանրացնի:

Գ. Համբերությունն այնտեղ է երևում, ուր մարդուն անցանկալի բաներ են պատահում` հիվանդություն, ձախորդություն, չքավորություն, անպատվություն , նաև սիրելիների մահ և սրանց նման վշտացուցիչ դիպվածներ:

Դ. Անհնար է, որ մարդը վտանգից ամենևին զերծ մնա, քանի դեռ այս կյանքում կենցաղավարում է: Ուստի արկածներ հասնելու ժամանակ պետք է արիաբար տոկալ ու համբերել և իբրև անդրդվելի վեմ` այս կյանքի ծովի փորձությունների ալիքները փշրել ու հետ դարձնել, որովհետև ավելի լավ է տառապանքներին համբերել, ու ապրել, քան անհամբեր բարքով հուսահատվել և մահվան հանդիպել:

Ե. Մարդ պետք է համբերություն ունենա ոչ միայն իր շահի համար, այլև աստվածսիրության, եղբայրասիրության ու ազգասիրության:  Քանզի անհամբերությամբ պատահում է, որ Աստծու փառքն է խափանվում, պատահում է, որ քո եղբայրը սայթաքում կամ կործանվում է, երբեմն ողջ ազգը պախարակվում կամ վնասվում է: Ուստի պետք է ջանալ համբերություն ձեռք բերել` վարձատրվելու համար այստեղ և հանդերձյալում:

Զ. Տես, թե ծառերն ինչպես գիտեն տերև, ծաղիկ ու պտուղ տալու ժամանակը, և հավերը` ձու ածելու, թուխս նստելու և ձագեր հանելու: Իսկ եթե սխալ ժամանակ են կատարում այն, ինչին  կարգված են բնության կողմից հաստատուն օրենքով, խեղվում ու չքանում են:  Արդարև սովորիր համբերել, ով մարդ, ու պահել բանական բնության կարգը, որպեսզի անզգա ու անբան արարածներից ավելի անզգա ու անբան չերևաս:

Է. Ծանր հիվանդություններ բուժելու համար աշխարհում ոչ մի դեղ այնպես զորավոր չհամարվեց, ինչպես համբերությունը, որովհետև անպիտան էին դառնում  բոլոր դեղերն ու բժիշկների հնարները, եթե հիվանդն անհամբեր էր լինում բժշկի պատվերները  պահելու մեջ: Ուստի համբերությունն է գործի պսակիչը, և ով ձախողակի դիպվածներին , վերջում հաջողակի ելք ու հանգիստ է գտնում:

Ը. Անհամբեր մարդը` թեկուզ նրբամիտ ու խորախորհուրդ լինի, հիմար է և ոչինչ չգիտի, որովհետև չի կարող իրականացնել այն, ինչ նախապես մտածել է:

Թ. Շատերը կարող էին հասնել իրենց բաղձանքին, եթե իմանային համբերել որքան պետք էր, ինչը որպես լավ ուղեկից` անշեղ ճանապարհներով կառաջնորդեր նրանց դեպի նպատակակետը: Իսկ անհամբեր բարքով, ընթացքի մեջ շտապելով` ճանապարհը կորցրին և ծուռումուռ ու անել  շավիղներում  դեգերելով` չկարողացան հասնել իրենց բաղձանքների նպատակին:

Ժ. Չկա ավելի զորեղ բարեկամ, որ կարող է մեկին նեղությունից ազատել, քան համբերությունը: Շատերը ,տառապանքի մեջ ընկնելով, համբերությունն իրենց զորավիգ չունենալով, վհատվելով հուսահատվեցին ու կյանքից զրկվեցին: Եթե սրանք իմանային հույսով համբերել, կարող էին տառապանքից ազատվել և վշտերը մոռանալով` կուրախանային կենդանի արարածների հետ:
ԺԱ. Աշխարհում  շատ բան կա մարդու կյանքը պահպանելու համար, սակայն ոչ բոլորն են նույնքան կարևոր: Կան բաներ, որոնք եթե պակասում են, մարդու կյանքը տակավին պահպանվում է, թեև ոչ վայելչաբար. oրինակ ` աղը, յուղը, միսը, գինին և այլն: Բաներ էլ կան, որոնք եթե պակասում են, պակասում է նաև մարդու կենդանությունը. դրանցից են` օդը, ջերմությունը, հացը, ջուրը: Այսպես էլ մարդուն պետք են բազում առաքինություններ, որոնցից մի քանիսը եթե պակասում են,
մարդը կարող է մարդ լինել, թեև ոչ կատարյալ, օրինակ` իմաստությունը , արիությունը, առատաձեռնությունը, զվարթախոսությունը և այլն, բայց առանց համբերության մարդը չի կարող մարդ լինել, որովհետև համբերությունը մարդուն այնպես է պետք մարդավայել ապրելու համար, ինչպես օդը, հացն ու ջուրը ` կենդանի մնալու համար:

Ուստի ով չգիտի  համբերել, չգիտի նաև մարդավայել ապրել:

Հատված Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու «Խրատի թանգարանից» , համառոտ շարադրեց Տիրայր Դարբինյանը

 

loading...

Կարդացեք նաև

ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ, ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ

admin

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Սուսի Միսակյան

ԶԱՆԳ