Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է դաստիարակության Փոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքին:

Դպրոցում տղան հետաքրքրվում էր էլեկտրական սարքավորումներով: Նա դպրոցում ծանոթացել է իր ապագա գործընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ:

Դպրոցն ավարտելուց հետո`1972թ., Սթիվ Ջոբսն ընդունվում է Օրեգոն նահանգի Ռիդի քոլեջը, սակայն առաջին կիսամյակից հետո ինքնակամ դուրս է գալիս: Որոշ ժամանակ անց նա սկսում է վայելչագրության կուրսերի հաճախել, ինչի շնորհիվ հետագայում Mac OS համակարգը վերազինում է տառաչափերի մեծացման հնարավորությամբ: Այնուհետև Ջոբսը սկսում է աշխատել համակարգչային խաղեր մշակող Atari ընկերությունում:

1976 թվականին Ջոբսը իր դպրոցական ընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ հիմնադրում է Apple ընկերությունը, որը զբաղվում է սեփական դիզայնի և նախագծի հիման վրա համակարգիչների արտադրությամբ: Apple-ի նորույթների հիմնական մշակողը Վոզնյակն էր, իսկ Ջոբսը ավելի շատ մարկետոլոգի դերում էր հանդես գալիս:

Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի առաջին անձնական համակարգիչը Apple I-ն էր, որն արժեր 666 դոլար 66 ցենտ: Apple I-ն ու ավելի ուշ թողարկված Apple II-ը իրենց ստեղծողներին մեծ հաջողություն բերեցին: IPO-ով բորսա դուրս գալուց հետո` 1980 թվականին Ջոբսը դարձավ միլիոնատեր:

1985 թվականին ընկերության նախագահների խորհրդի հետ պայքարում իշխանությունը կորցնելուց հետո Ջոբսը հեռացավ ընկերությունից և հիմնադրեց համակարգչային NeXT ընկերությունը: 12 տարի անց նա վերադարձավ Apple ` որպես ժամանակավոր գործադիր տնօրեն: 1997-ին նա միացրեց ընկերությունները: Վերջին տասնամյակում iPod նվագարկիչների, iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների շնորհիվ ընկերությունը կարողացավ արագորեն ընդլայնել ազդեցության գոտիները: Տեխնոլոգիական նորույթները թողարկման պահից մինչ օրս չեն դադարում վաճառքի նորանոր ռեկորդներ սահմանել:

1986 թվականին Ջոբսը դարձավ The Graphics Group ընկերության սեփականատերը: Ընկերությունը այնուհետև անվանվեց Pixar: Շուտով նա ձեռք բերեց նաև Lucasfilm կինոստուդիան` դրա համար վճարելով 5 միլիոն դոլար, չնայած այն կրկնակի թանկ էր գնահատվում: Նման զեղչը պայմանավորված է ընկերության հիմնադիր Ջորջ Լուկասի ֆինանսական խնդիրներով, որոնք ապահարզանի գործընթացի հետևանք էին:

Սթիվ Ջոբսի ղեկավարման օրոք Pixar-ը թողակել է այնպիսի մուլֆիլմեր, ինչպիսիք են «Խաղալիքների պատմությունը» և «Հրեշների կորպորացիան»: 2006 թվականին Pixar-ի բաժնետոմսերը 7,4 միլիարդ դոլարով գնեց Walt Disney-ը: Ջոբսը մնաց Disney-ի տնօրենների խորհրդում: Նա դարձավ ընկերության ամենամեծ բաժնետեր-ֆիզիկական անձը`ստանալով ստուդիայի բաժնետոմսերի 7%-ը:

Հարկ է նշել, որ Apple-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` գործադիր տնօրենի՝ աշխարհում ամենահամեստ վարձատրությամբ: Նրա աշխատավարձը պաշտոնապես սահմանված է տարեկան 1 դոլար: Որպես խրախուսանք` Ջոբսը Apple-ից ստացել է 43,5 միլիոն դոլար արժողությամբ ռեակտիվ Gulfstream օդանավ: Օդանավի բոլոր ծախսերը ընկերությունն իր վրա է վերցրել:

2003 թվականի աշնանը Սթիվ Ջոբսի որովայնի հետազոտման ժամանակ բժիշկները հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որը ենթակա էր վիրահատության: 2009 թվականին Ջոբսը Շվեյցարիայում ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: 2011 թվականի հունվարի 17-ին ընկերության գործադիր տնօրենը առողջական խնդիրների պատճառով հերթական արձակուրդը վերցրեց, իսկ օգոստոսին հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին:

Սթիվ Ջոբսը մահացել է 2011-ի հոկտեմբերի 5-ին:

loading...

Նմանատիպ նյութեր