ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ, ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ

 «Ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ Մամոնայի» /Մատթ. Զ. 24/

Մարդկային կյանքն ալեբախվում է արդարության եւ անիրավության օվկիանում: Իրար դեմ շարունակ պայքարում են բարին ու չարը, կյանքն ու մահը, դժոխքն ու դրախտը, հավիտենական փրկությունն ու հավիտենական կորուստը: Ի՞նչ անել, ո՞ւմ օգնության կանչել, ինչպե՞ս դուրս գալ այս ծանր կացությունից, մի՞թե Աստված չի տեսնում այս ամենը, ինչո՞ւ է անդադար մեզ փորձում, մեզ հալածում, ինչո՞ւ է ստեղծել մեզ….. սրանք մարդու միտքը զբաղեցնող հիմնական հարցերն են, որոնք շատ ժամանակ մնում են անպատասխան: Բայց եւ ի վերուստ այս հարցերը ստացել են իրենց պատասխանները: Հարցը մարդու կողմից է, պատասխանը՝ Աստծու: Սրա վառ օրինակը Տիրոջ խոսքն է՝ Աստվածաշունչ մատյանը: Մի գիրք, որ սնուցում է մարդու միտքն ու հոգին, մարդուն դաստիարակում քրիստոնեավայել եւ աստվածահաճո կերպով: Սակայն մարդու սրտում բույն դրած չարը չի թողնում, որպեսզի մարդն ապրի այն կյանքով, որ իր համար նախասահմանել է Աստված: Չարը մարդուն ենթարկում է հեշտասիրության, որը դառնում է ամեն չարիքի պատճառ: Հեշտասեր մարդու համար դժվարությունը դառնում է Աստծուց տրված «պարգեւ», հուսահատությունը՝ ապրելակերպ եւ ինքնասպանության պատճառ, կյանքը՝ անտանելի: Ի՞նչ անել:

Երբ մարդ արարածը կորցնում է իր իսկ ինքնությունը՝ ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ գալիս եւ ո՞ւր եմ գնում, կյանքը դառնում է խաղալիք եւ ժամանակավոր զվարճությունների ընթացք: Այս կերպ մարդը ձգտում է երջանկության: Ինչպես Ս. Հովհան Ոսկեբերանն է ասում. «Մարդիկ երջանիկ են համարում նրան, ով ունի երթեւեկության շքեղ միջոցներ, գեղեցիկ կին կամ ամուսին, հարստություն կամ բարօրություն: Սակայն եթե այս ամենը նրանից հեռացնենք, նա ամբողջովին դատարկ եւ միայնակ կմնա»: Իրական երջանկությունը գալիս է մեկ աղբյուրից՝ Աստծուց: Այս իսկ համոզմամբ սրբերը միաբերան ասում են. «Երջանկություն գտնելու համար նախ պետք է գտնենք Աստծուն»: Շատ անգամ տեսնում ենք ընտանիքներ, որոնք կարծես թե երջանիկ են, կան խելոք եւ գեղեցիկ երեխաներ, ապահով աշխատանք: Բայց օրերից մի օր հանկարծ տեսնում ենք, որ մի չնչին պատճառից ամուսինները բաժանվում են, ընտանիքը քայքայվում է, եւ երեխաների աչքերը լցվում են տխրությամբ: Ինչպես առանց կրակի չկա ջերմություն եւ առանց արեգակի՝ լույս, այնպես եւ առանց Աստծու չկա երջանկություն:

Մարդն իր ամբողջ կյանքն անցկացնում է պատերազմական գոտում՝ պայքարելով թե՛ արտաքին աշխարհի՝ իշխանությունների ու տերությունների, թե՛ ներքին աշխարհի՝ սեփական կրքերի ու ցանկությունների դեմ: Սակայն Տիրավանդ խոսքի համաձայն՝ մեր պայքարն ավելի շատ մեր ներաշխարհի դեմ է: Բայց այսօր էլ ակնառու է պայքարն արտաքին ուժերի՝ վաշխառուների, խաբեբաների եւ կաշառակերների դեմ: Ակամայից հիշելի է դառնում Ս. Մովսես Խորենացու «Ողբը», որտեղ մեծն Պատմահայրը ողբում է հայության բոլոր խավերի համար՝ քննադատելով ե՛ւ իշխանավորներին, ե՛ւ դատավորներին, ե՛ւ վաշխառուներին, ե՛ւ քահանաներին…: Անցել են դարեր, բայց կարծես Ե. դարում լինենք: Վաշխառության հետեւանքով մարդիկ զրկվում են իրենց ունեցվածքից, պատվազրկվում, կորցնում սեփական դիմագիծը, ոմանք փորձում են արդարություն հաստատել, ոմանք էլ, ցավ ի սիրտ, դիմում են ինքնակործանման: Դրամաշորթությունը դարձել է մարդկանց կյանքի իմաստը: Մարդիկ չեն գիտակցում, թե ո՛ւմ են ծառայում՝ ընտանիքի՞ն, հայրենիքի՞ն, դրամի՞ն, նյո՞ւթին, մի՞թե Աստծուն: Քսան հազարամյակներ են անցել, բայց Աստծու խոսքը մնայուն է եւ կենդանի: Իրոք, մարդը չի կարող միաժամանակ ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ Մամոնային:

Վաշխառության ախտը տարածված էր հատկապես Իսրայելի ժողովրդի շրջանակում: Այն դեմ էր Աստծու պատվիրանին, քանի որ Աստված Մովսես մարգարեի բերանով ասել էր. «Քո եղբորը վաշխով արծաթ չտա՛ս, որովհետեւ անօրինություն է Աստծու առջեւ» /Բ. Օր. ԻԳ. 19/: Վաշխառությունը մթագնել է այսօրվա մարդու միտքը, ամեն մի քաղաքից եւ գյուղից «վաշխառությունն ու նենգությունը չվերացան» /Սաղմ. ԾԴ. 12/: Վաշխը, ինչպես գրում է Ս. Հովհան Մանդակունի հայրապետը. «մահվան որոգայթ է ստացողների համար,… խեղդող պարան է, հոգու կապանք, գեհենի առիթ, խավարի առաջնորդ եւ բոլոր տեսակի տանջանքներն ու հավիտենական ամոթը նախապատրաստող»: Իսկ նա, ով վաշխ չի տալիս չի սասանվի /Սաղմ. ԺԴ. 5/:Այդ իսկ պատճառով Հիսուս Քրիստոս իր քարոզչության ընթացքում չէր կարող անդրադառնալ փոխատվությանը՝ ասելով. «Եթե փոխ տաք նրան, ումից ետ ստանալու ակնկալիք ունեք. այդ նաեւ մեղավորներն են անում, իսկ դուք, ասում է, փոխ տվեք նրանց, ումից ետ ստանալու ակնկալիք չունեք» /Ղուկ. Զ. 35/:

Քրիստոնեությունը մարդկանց քարոզում է հավասարություն՝ ազդարարելով Պողոս առաքյալի անսուտ խոսքը. «Ձեր առատությունը թող լցնի չքավորի պակասությունը, որպեսզի երկու կողմում էլ հավասարություն լինի»/հմմտ. Բ. Կորնթ. Ը. 14/: Մեծահարուստն անդադար խորհում է այն մասին. «եթե բաժանեմ ունեցածիս ավելորդ մասը, ապա կարհամարվեմ, կաղքատանամ ու կսնանկանամ»՝ առանց ականջալուր լինելու մարգարեին, որ ասում է. «Չտեսա արդարին արհամարհված եւ ոչ էլ նրա զավակին հաց մուրալիս» /Սաղմ. ԼԶ. 25/:

Իմաստունը գրում է. «Դու ատեցիր նաեւ Քո սուրբ երկրի հին բնակիչներին իրենց կատարած գարշելի գործերի, կախարդությունների եւ անսուրբ ընծաների համար» /Իմաստ. ԺԲ. 3-4/: Կախարդությունն ու հմայությունն ատելի են Աստծուն, որովհետեւ դրանք չարի գործերն են: Հուսահատ մարդը, կարիքից դրդված, դիմում է կա՛մ կախարդներին, կա՛մ վհուկներին, կա՛մ էլ խաբեբաներին՝ կարծելով, թե կարող է այդ վիճակից դուրս գալ, այն ինչ խաբվելով եւ կախարդվելով՝ բարեկամանում է դեւերի հետ, որոնք մտնում են մարդու ներաշխարհ, եւ մարդը, ինչպես գրում է Մանդակունի հայրապետը. «սկսում է հորանջել. ձախ կողմում կախարդում է, աջ կողմում՝ փքփքում, անարգում է խաչը, թշնամաբար անարգում է Քրիստոսին եւ չի հասկանում»: Արդ, մարդը հայտնվում է հափշտակության մեջ: Մի արդարամիտ մարդ գրում է. «Ով զրկում եւ ուրիշների ունեցվածքը հափշտակում է, իր ունեցվածքը ժառագելու կորցնում է, ուստի ով ցանկանում էիր ունեցվածքը խաղաղությամբ վայելել, թող հատուցի նրան, ում զրկեց: Որովհետեւ ով զրկանքով ուրիշների ունեցվածքն է ժողովում, ասես իր հագուստի մեջ կրակ է ծրարում»: Դիմելով կախարդներին՝ մարդը դաշինք է կնքում սատանայի եւ նրա չար ուժերի՝ դեւերի հետ: Եւ այս ամենը հիմնականում վախի, հիվանդության, աշխարհայնության եւ այլնի պատճառով: Արդյունքում, «կախարդությունները միայն նեղություն ու ցավեր են բերում» /Ա. Թագ. ԺԵ. 23/: Այս պահին մեզ օգնելու է գալիս Հակոբոս առաքյալն՝ ասելով. «Հիվա՞նդ է ձեզանից մեկը, թող կանչի Եկեղեցու երեցներին, եւ նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եւ հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին» /Հակ. Ե. 14-15/: Աստված պատվիրում է. «Վհուկներին մի՛ հետեւեք եւ ոգեհանների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք» /Ղեւտ. ԺԹ. 31/: Իսկ Եկեղեցին անդադար կրկնում է Պողոս առաքյալի խոսքը. «որովհետեւ անխտիր սուտ աստվածներին ու կախարդներին եք հետեւում, այդ պատճառով էլ ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավագարներ կան, նույն պատճառով էլ շատերը տարաժամ մեռնում են» /տե՛ս Ա. Կորնթ. ԺԱ. 30/:

Ս. Գրքի համաձայն՝ մարդն ստեղծվել է Աստծու պատկերով եւ նմանությամբ /հմմտ. Ծննդ. Ա. 26/: Մեկ այլ տեղ կարդում ենք՝ Աստված մարդուն ստեղծեց հողից եւ նրա դեմքին կենդանության շունչ փչեց /հմմտ. Ծննդ. Բ. 7/: Այստեղից էլ ի հայտ է գալիս մեկ ճշմարտություն՝ մարդ արարածը հողից մարմնեղեն է, իսկ Աստծուց՝ հոգեղեն: Մարմինը հողին է հավասարվում, իսկ հոգին՝ բարձրանալով երկինք՝ միավորվում է Աստծու հետ: Բայց ինչպես հողի մեջ, Տիրոջ խոսքի համաձայն, մեռնում է ցորենի հատիկը եւ հետո բազում արդյուք տալիս, այնպես էլ մարդը մեռնելով՝ հողին է հավասարվում, ապա հառնելով՝ ձուլվում է Աստծու հետ: Փորձություններով լի աշխարհում մարդու գտնվում է իշխանության ներքո: Այո՛, Տիրոջ խոսքի համաձայն՝ մարդը հնազանդվում է իր տիրոջը, բայց եւ է տերերին իրավունք չի վերապահում սեփական հաճույքներին հագուրդ տալու համար չարաշահել անձնազոհ մարդու իրավունքները: Այդպիսի տերերը, ինչպես Ոսկեբերան հայրապետն է շեշտում, ծիծաղելի են, քանի որ իշխանասիրությունը, համբավասիրությունն ու նյութասիրությունը կուրացրել է մարդու հոգեւոր տեսողությունն ու խղճմտանքը: Փառամոլությունը երբեք չի կարող մարդուն լավ բանի հասցնել, քանի որ փառքը Երկնավոր Տիրոջն է, իսկ բարձունքների ձգտող մարդը Տիրավանդ խոսքի համաձայն, վայէջք է կատարում խորը անդունդի մեջ: Աստված արդարության, խոնարհասիրության, հեզության եւ բարության Աստվածն է եւ իր ստեղծած բանական արարածին, որ Իր արարչագործության թագն ու պսակն է, տեսնում է որպես արդար, խոնարհ, հեզ ու բարի մեկին, որ պատրաստ է իր սեփական անձը տալ դիմացինին՝ կատարելով Իր իսկ պատվիրանը. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» /Մատթ. ԻԲ. 39/: Մարդը կոչված է ծառաեյելու իր նմանին: Իսկ ծառայությունն առանց սիրո ոչինչ է: Սիրո քարոզիչ Պողոս առաքյալը գրում է. «որեւէ մեկն ամեն ինչ տա, բայց սեր չունենա, ոչ մի օգուտ չի ունենա» /Ա. Կորնթ. ԺԳ. 3/, քանի որ «սերը պինդ է պատից, ամուր է պողպատից, եւ եթե դու ուրիշ ամուր նյութ ցույց տայիր, սիրո ամրությունը կգերազանցեր նաեւ դրան: Նրան չի կարող հաղթել ո՛չ հարստությունը եւ ո՛չ էլ աղքատությունը» /Ս. Հովհան Ոսկեբերան/: Ի վերջո, ամեն ինչում սերը հաղթանակող է:

Երանի՜ այն մարդուն, ով ապրում է արդարության եւ սիրո մեջ:

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

loading...

Նմանատիպ նյութեր