Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ցավը կանցնի, սպին կմնա

«…Թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում»:
Մեջբերումը հատված է Կոմիտասի` Մարգարիտ Բաբայանին ուղղված նամակից  (1908, 8 դեկտեմբեր, Փարիզ):
Անցել է գրեթե 103 տարի, սակայն դեռ չի կորցրել իր արդիականությունը: Կոմիտասի ապրած ժամանակաշրջանում թերևս կարելի էր կանխատեսել նման վերաբերմունք, բայց այսօր… երբ ողջ աշխարհն է հպարտանում մեծանուն հայորդով, նրա անզուգական ստեղծագործություններով, երբ սևամորթ հայրն անգամ ի պատիվ Կոմիտաս Վարդապետի իր որդուն կնքում է նրա անունով, շարունակում ենք «քար ձգել ու պղտորել»:  Դեռ նոր էին հանդարտվել բուռն քննարկումների շուրջ ծավալված կրքերը` հայ երգարվեստը արևելյան ոճի ազդեցությունից փրկելու հույսով,  երբ գլուխ բարձրացրեց նորը: Ֆեյսբուքյան ակցիա` «Մաքրենք արվեստը, ”Կոմիտաս, ներիր”»: Կոմպոզիտոր-երաժշտագետ Անժելա Ստեփանյանի կազմակերպած հանրային իրադարձությունը նպատակ ունի «թույլ չտալ, որ ժամանակին դիմակայած երգերն աղավաղեն ոչ պրոֆեսիոնալ կատարողները»: Նախաձեռնության համակիրների թիվն աճում է ժամ առ ժամ և արդեն պատրաստ են խոսքերից անցնել գործի:
-Մարդկանց իրազեկելու և նախաձեռնությանը մասնակից դարձնելու նպատակով անդամագրում կանցկացվի նաև փողոցներում` անցորդների շրջանում (կանցկացվի ստորագրահավաք): Որոշակի քանակությամբ ձայներ ունենալուց հետո կգրվի նամակ-դիմում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին,- պարզաբանում է Անժելան:
Իրադարձության նախապատմությունն ավելի խորն արմատներ ունի, ինչն էլ հիմք հանդիսացավ բարձրաձայնելու` ազգայինը միանշանակորեն վեր դասելով անձնականից:
-Լինելով կոմպոզիտոր և երգահան (հատուկ ցանկացա իրարից տարանջատել այս մասնագիտությունները) չեմ կարողանում անտարբեր մնալ երաժշտությանն առնչվող ցանկացած երևույթի նկատմամբ, նամանավանդ, երբ խոսքը վերաբերվում է Կոմիտասի պես հանճարեղ արվեստագետին:
Վերջերս տեղի ունեցավ երգի միջազգային մրցույթ, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհին կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից մեկը: Այնքան վատ և սխալ էր ամեն ինչ արված, որ լռելն ուղղակի անհնար էր: Գրեցի համապատասխան վերլուծությամբ նյութ և տեղադրեցի այն իմ բլոգում, ինչին հաջորդեցին բավականին տհաճ և անձնական վիրավորանքներ պարունակող հաղորդագրություններ, որոնք սպառնում էին ինձ` ստիպելով ջնջել նյութը: Որպես պատասխան իմ հաջորդ քայլը եղավ ևս մեկ նյութ, որն էլ ավելի ծավալուն էր և ավելի մանրամասն վերլուծությամբ:
Հասկանալով իրավիճակի լրջությունը և հայ ազգային երաժշտությանն ուղղված վտանգը, որոշեցի միջոցներ ձեռնարկել:

Միջոցներն արդեն իսկ ձեռնարկված են և սպասում են հաղթական ավարտին, միայն թե սա ստվեր է ձգում մեր բազմամյա մշակույթի, արվեստի հեղինակության վրա`  «Ցաւն անցաւ, սպին մնաց»:
Նույն այդ նամակում Կոմիտասը գրում է . «Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց եւ այնպէս պղտորելուց յետոյ»:
Ամեն դեպքում` Կոմիտասը համակված էր լավատեսությամբ և այն պետք է ուղեցույց դարձնել` իսկապես մաքրելու, և ո՛չ միայն արվեստը…

 

 

Իրինա Հախունց

P.S. Ցանկացողները կարող են միանալ նախաձեռնությանը այս հասցեով:

loading...

Կարդացեք նաև

Ուզում ենք, որ Տաիշան շարունակի գրել

admin

Հիշատակություն Ղազարու Հարության

admin

Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում

admin