Image default
Հոգևոր անկյուն

Քառասուն մանուկների վկայաբանությունը

Սուրբ  և  փառավորյալ  քառասուն  վկաների անուններն են` Դոմետիանոս, Կյուրղիոս, Վաղես, Եւտիդես, Հյուսիքոս, Նոյիկոս, Ելիանոս, Փլավիոս, Սպառագդոս, Քսանթիոս, Սիսիանոս, Ղևոնտիոս, Մելիտոն, Սևերիանոս, Փիլիկտիմոն, Անկեաս, Իրակլիաս, Եկդիաս, Կիպփոն, Ավետիս, Աղեքսանդրոս, Ակակիոս, Վաղերիոս, Նիկողայոս, Եւտիգես, Բիբիանոս, Հոհաննես, Քուդիմոս, Լուսիմաքոս, Գայիոս, Ագղիոս, Իլիոգոս, Գոմնիոս, Աթանասիոս, Պրիսկոս, Կանդիտոս, Սակերդոն, Գորգիանոս, Ադղավիդոս, Գրատիանոս, Թեոդուլոս, Թեոփիլոս: Նրանք Կապադովկիայից էին:

ԵՎ  Լիկիանոս անօրեն արքայի գնդերից մեկում զորական էին կարգված: Հավատով քրիստոնյաներ էին: Այդ պատճառով  անօրեն դատավորը  նրանց բռնադատում էր  ուրանալ Քրիստոսին, զոհ մատուցել կռքերին և հեռանալ Քրիստոսի սիրուց: ԵՎ բազում ողոքումներից ու սպառնալիքներից հետո սրբերին նետեցին բանտ, որտեղ երևաց Քրիստոս  ու քաջալերեց նրանց: ՈՒթ օր հետո եկավ Կեսարիայի դուքսը և դատավորի հետ միասին ատյանի նստեց:  Սրբերին տանելով կանգնեցրին նրանց առաջ ու հարցրին Քրիստոսի հավատքի մասին: ԵՎ  նրանք միաբերան դավանեցին Քրիստոսին Աստված ու հանդիմանեցին կռապաշտների անաստված մոլորությունը: Իսկ դուքսը հրամայեց քարերով հարվածել սրբերի բերաններին: Բայց քարերը նրանց չէին դիպչում, այլ ետ գալով ` նետողներին էին հարվածում: Իսկ դուքսը ավելի մեծ քար էր ցանկանում նետել, բայց տալով ջարդեց դատավորի երեսը:

ԵՎ նորից բանտարկեցին նրանց: Իսկ գիշերը, երբ աղոթում էին սրբերը, երևաց  նրանց  Փրկիչն ու ասաց. «Ով հավատա Ինձ,  թեպետև մեռնի` կապրի: Զորացեք և մի’ երկնչեք նրանց չարչարանքներից, քանզի դրանք ժամանակավոր են: Սակավ համբերե’ք և կընդունեք  երկնավոր պսակը»:  ԵՎ նրանք խոնարհվելով երկրպագում էին Քրիստոսին, գոհանալով փառք մատուցում Նրան: Իսկ Տեր Քրիստոս ,քաջալերելով  նրանց, վերացավ երկինք:

ԵՎ հաջորդ օրը նորից սրբերին կանգնեցրին դատավորի առաջ` ստիպելով ուրանալ Քրիստոսին: Իսկ մանուկներն  ասացին. «Ինչ որ անելու եք, շտապ արե’ք , քանզի մենք Քրիստոսին չենք ուրանա ու ձեր կռքերին զոհ չենք մատուցի» : Իսկ նրանք բարկանալով` սրբերի ձեռքերը պարանոցներին կապեցին և մերկացրած տարան նետեցին քաղաքի մոտ գտնվող լիճը: Իսկ սրբերը քաջալերում էին միմյանց և ասում.«Պի’նդ կացեք, եղբայրնե’ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանա’ն, դու’քսը, և դատավո’րը: Մենք` քառասունս, Քրիստոսի օգնականությամբ կհաղթենք նրանց»:

Այսպես լճի մեջ օրհնում էին Աստծուն : Ու օդի խստությունից սառեց ջուրը, և սառույցները պատռեցին սրբերի մարմինները: Գիշերվա առաջին պահից մինչև առավոտ հեղվեց նրանց արյունը, բայց սրրբերը աղոթելուց և Աստծուն փառաբանելուց չէին դադարում: Նրանցից մեկը չկարողացավ դիմանալ սաստիկ ցրտին և լճից ելավ ու մտավ բաղնիքը, որը նրանց գայթակղելու համար լճի եզրին  պատրաստել ու ջեռուցել  էին անօրենները: Եվ որոշ ժամանակ անց նա բաղնիքի ջերմությունից հալվեց:

Գիշերվա երրորդ պահին արևը , ինչպես ամռանը ,ծագեց սրբերի վրա: Եվ ջերմությունից  հալվեցին ջրերի սառույցները: Եվ զորականները հսկում էին ,որ  սրբերից ոչ ոք լճից չփախչի. նրանցից մեկն արթուն էր և նկատելով լույսը ` ցանկացավ տեսնել, թե որտեղից է սուրբ լույսը ծագում: Նա տեսավ 39 պսակներ, որոնք իջնում էին սուրբ մարտիրոսների վրա: Եվ հասկացավ, որ դեպի բաղնիք փախչող 40-րդը զրկվեց պսակից: Եվ ձայն տալով ընկերներին`  արթնացրեց նրանց, իսկ ինքը  մերկացած վազեց դեպի լճի մեջ գտնվող սրբերը` աղաղակելով .« Ես էլ եմ քրիստոնյա»:

Եվ լուսադեմին նրանց մարմինները  ափ հանեցին և հաստ բրերով ջարդեցին  բոլորի ոսկորները և խորտակեցին(…): Եվ դրանից հետո վերջնականապես բարի հավատով սրբերն իրենց հոգիներն առ Աստված  ավանդեցին :    Բայց նրանց մեջ Մելիտոն անունով մի պատանի դեռևս կենդանի էր:  Նրան հսկողները հավաստիացնում էին նրան, որ կդարմանեն նրա վերքերը, իսկ Մելիտոնի մայրը մոտենալով  աղաչում ու խրատում էր որդուն` ասելով.«Քաղցրիկ որդյակ իմ, մի փոքր համբերիր և  կմիանաս սրբերին: Զորացիր, որդյակ իմ, և մի երկնչիր, քանզի ահա Քրիստոսը հասնում է քեզ օգնության»:

Բոլոր սրբերի մարմինները դրեցին մի սայլի վրա և տարան այրելու, բացի  Մելիտոնից: Բայց  Մելիտոնի մայրը, մոռացած կանացի տկարությունը, վերցրեց որդուն իր ուսերին և վազեց սայլի հետևից: Եվ մինչդեռ մոր ուսերին էր` սուրբն ուրախությամբ ավանդեց իր հոգին առ Ատված: Մայրը որդու մարմինը  տարավ  և դրեց սրբերի կողքին:

Մարմինները տարան Ալիս գետի մոտ, և այրեցին, իսկ մնացած ոսկորները մոխրի հետ գետը լցրին: Բայց նրանց նշխարները ցրիվ չեկան , այլ հավաքվեցին մեկտեղ: Եվ երեք օրից հետո  գիշերով  սուրբ վկաները տեսիլքով  հայտնվեցին Սեբաստիայի եպիսկոպոսին  և հայտնեցին իրենց ոսկորների տեղն` ասելով.« Եկ և հանիր մեզ այնտեղից»:    Եվ եպիսկոպոսը եկեղեցու  ուխտի միաբանների հետ  գիշերով գաղտնի  գնաց գետափ:

Նրանք տեսան , որ սրբերի ոսկրերի նշխարները ջրի մեջ փայլում էին որպես աստղեր:   Եվ թե գետի տղմի և ջրիմուռների մեջ որտեղ էին խրվել դրանք, կարելի էր գլխի ընկնել լույսի ճաճանչներից:  Միաբանները, որոնք Սեբաստիայի ավագների որդիներն էին` զինվորագրված մի գնդում, թվով 100 հոգի , մեծ փափագով դրանք հավաքեցին  տապանի մեջ և մեծ պատվով տարան , ամփոփեցին եկեղեցում:  Եվ ուխտ արած` որոշեցին միասին մարտիրոսվել և վկայել Քրիստոսի մասին: Կանգնելով բռնավորի առաջ ` նրանք  հայտնեցին իրենց հավատքը:  Նրանց աղոթքի մեջ առաջնորդում էր սուրբ Կյուրոնը, իսկ բռնավորին պատասխանելիս` սուրբ Կանդիտոսը, որ իր ընկերներին ասում էր. « Պինդ կացեք, եղբայրներ, որովհետև երեքն են մեր դեմ մարտնչում`սատանան, դուքսը և դատավորը, և քանի որ մենք խնդրում ենք, դուք կհաղթեք նրանց»:

Այսպիսի նահատակությամբ միաբանված` նրանք  մարտիրոսվեցին Կոստանդիանոս Մեծի փեսա Լիկիանոս պիղծ թագավորի օրոք,  մարտ ամսին: Նրա օրոք էլ քառասուն մանուկների վրա  կառուցվեց վայելուչ եկեղեցի` ի փառս մեր Քրիստոս Աստծո: Թող Աստված պահպանի  ստացողի հոգին քառասուն հաղթող նահատակների բարեխոսությոամբ:

Հայսմավուրքից թարգմանեց Գայանե Մանուկյանը

loading...

Կարդացեք նաև

Ով չգիտի համբերել, չգիտի նաև մարդավայել ապրել

Սուսի Միսակյան

Համաշխարհային կառավարման գաղտնիքները

admin

ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ, ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ

admin