<

Քիմիկ բլոգերը: Հարցազրույց Արխանգելոյի հետ

Վերջերս ճանաչված բլոգեր Արխանգելոն հրապարակեց «Իմ վեբ անցյալը» պոստը: Սա մեծացրեց հետաքրքրությունը բլոգերի նկատմամբ և որոշեցինք պարզել թե էլ ի՞նչեր կան բլոգերի վեբ անցյալից ու ներկայից, որ չգիտենք: Միայն նախապես ասեմ, որ այս բլոգերը ոչ միայն իր գրառումներում  է անկեղծ ու հետաքրքիր:

Չհարցնել չեմ կարող, Արամ անունը քեզ դուր չէ՞ր գալիս, թե՞ որպես տարբերվող անուն  ընտրեցիր Արխանգելո կեղծանունը:

Չէ ընդհակառակը, ի տարբերություն շատ-շատերի ես իմ անունը շատ եմ սիրում: Ուղղակի սկզբից հանդես էի գալիս կեղծանունով ու չէի ուզում ճանաչվել,  բայց հետագայում հանգամանքների բերումով ստիպված էի բացվել::) Եթե ուշադրություն դարձնեք կեղծանվանս ապա կնկատեք որ այն մի փոքր «սխալ» է գրված,  բայց դա վրիպում չէ:  Կեղծանվանս առաջին Ar մասնիկը հենց Արամ անունից է X-ը որպես անունները կապող օղակ և angel բոլորն էլ գիտեն, որ նշանակում է հրեշտակ :) o մասնիկն էլ ավելացավ քանի որ երբեմն ինձ նեղ շրջապատում դիմում են Արամո: Այսպիսով ստացվեց ArXangelo:

 

Ին՞չ է Արխանգելոյի համար բլոգը:

Ինձ համար բլոգը դա մի միջոց է, որտեղ կարող եմ ազատորեն կիսել մտքերս, հույզերս մարդկանց հետ: Այն ի սկզբանե ես որոշել էի օգտագործել որպես նեղ անձնական օրագիր, միայն մտերիմների համար: Բայց հետո հասկացա, որ ինձ երբեմն պետք է կիսվել ավելի լայն մասսաների հետ: Հետո բլոգը դարձավ ինձ համար կյանքի անբաժանելի մաս, նույնիսկ ես կասեի հիվանդության նման բան: Ինչքան շատ ես գրառում անում բլոգումդ, այնքան շատ ես ուզում գրել: Եվ երբեմն երբ մուսաները լքած են լինում ու չգիտես ինչ գրես դա նմանվում է նրան երբ ծխող մարդը ուզում է ծխել, բայց ծխախոտ չունի:

 

Քեզ ճանաչում են որպես բլոգեր. ուրիշ ի՞նչով ես զբաղվում, բացի պոստեր գրելը:

Մասնագիտությամբ քիմիկ եմ, աշխատում եմ հենց իմ մասնագիտությամբ ԵՊՀ-ում, որպես ուսումնական լաբորատորիայի վարիչ, նաև քիմիա եմ դասավանդում Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում: Եվ հենց այս փաստն է ինձ ստիպել բլոգումս հաճախ անդրադառնալ քիմիային: Ուզում եմ որպեսզի երիտասարդությունը հասկանա, որ բնական գիտությունները, մասնավորաբար քիմիան նույնպես կարևոր և շատ հետաքրքիր մասնագիտություն է և փորձում եմ հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ :) (բայց կարծես մի փոքր շեղվեցի թեմայից :)):

 

Այսքան տարի գրելով, ո՞ր թեմային է, որ երբեք չես անդրադարձել ու չես էլ անդրադառնա:

Լուրջ և խորը երբեք չեմ անդրադարձել և չեմ անդրադառնա քաղաքականությանը: Ճիշտ է կարող է գրառումներիցս մի քանիսը մի քանի տողով քաղաքական ակնարկ պարունակեն իրենց մեջ, բայց որպես ամբողջական գրառում երբեք չեմ արել: Կարծում եմ առանց այն էլ քաղաքականությունը մի փոքր ավել է մեր կյանքում: Բացի դրանից կարծում եմ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն լուրջ քաղաքագետները:

 

Բանաստեղծություններդ նույնպես  սիրվում են: Ե՞րբ ես սկսել գրել:

Բանաստեղծություններ սկսել եմ գրել դեռևս դպրոցական տարիներից: Այն ժամանակներից ի վեր բանաստեղծություններս հիմնականում սիրո մասին էին, քանի որ ոգեշնչվում էի սիրով և մինչև այժմ դա այդպես է :) Ճիշտն ասած նրանք սկզբում գրում էի միայն ինձ համար և շատ խորը պահում էի, որպեսզի ոչ մեկ չտեսնի, բայց երբ մի անգամ պատահաբար նրանք ընկան իմ ուսուցիչներից մեկի մոտ, ես հասկացա, որ այդքան էլ վատ չեմ գրում և սիրո մասին բանաստեղծություն գրելը այդքան էլ վատ բան չէ:

 

Ի՞նչի պակասն ես նկատում հայկական բլոգներում, պարբերականներում, ի՞նչը կուզենայիր  լրացվեր:

Պակա՞ս, :) չէ պակաս չեմ նկատում :) ավելի ճիշտ դժվարանում եմ պատասխանել,  բայց այ ավելցուկ շատ եմ նկատում: Նկատում եմ, որ մարդիկ բլոգ են բացում ընդամենը նորաձևության ետևից ընկնելով: Նկատում եմ որ մարդիկ փորձում են լսարան գրավել դեպի իրենց բլոգ՝ կատարելով երբեմն անիմաստ կամ երբեմն պրիմիտիվ գրառումներ, այնքան որ այդ օրվա գրառման լիմիտը սպառեն: Մեր հայկական բլոգոսֆերայում կան բազում հրաշալի բլոգներ, որոնք կարդալով ես ուղակի հաճույք եմ զգում և շատ բան ունեմ սովորելու այդ բլոգների բլոգերներից, բայց ցավոք անորակ բլոգները այս վերջերս սնկի պես սկսել են աճել և երևի արդեն քանակով մի քանի անգամ ավել են որակյալ բլոգներից:

 

Արտահայտվելու մեծ հնարավորություն ունենալով, այնուամենայնիվ բառեր մնո՞ւմ են, որ չես կիսի ոչ մեկի հետ:

Ճիշտն ասած լինելով բնույթով բաց մարդ, երբեմն գրառումներումս ավելի շատ եմ կիսվում, քան անհրաժեշտ էր: Բայց այո, կան այնպիսի բաներ, որ երևի երբեք չեմ կիսվի՝ դա հիմնականում նեղ ընտանեկան պրոբլեմներն են:

 

Բացի քո բլոգից ո՞ր բլոգներին ես հետևում և օգնու՞մ ես սկսնակ բլոգերներին:

Բացի իմ բլոգից ինչպես արդեն վերևում նշեցի շատ այլ բլոգներ կան որոնց հետևում եմ ու երևի թե եթե հիմա սկսեմ նշել հարցազրույցը գուցե շատ երկարի :D իսկ ավելի հաճախ հետևում եմ այն բլոգներին,  որոնք դուք կգտնեք իմ բլոգի բլոգռոլում:
Իսկ սկսնակ բլոգերներին օգնելու առիթ դեռ չեմ ունեցել, բայց պատրաստ եմ օգնել հնարավորությանս սահմաններում…

 

 

Ահա ևս մեկ անփոխարինելի մարդ մեր ինտերնետային իրականությունում` քիմիկոս բլոգեր, ում համար չգրելը ծխախոտ չունենալու պես մի բան է: Իսկ հայ բլոգերներին ներկայացնել մեր ամսագրում բարի ավանդույթ է դառնում: Խոստանում եմ շարունակել այդ ավանդույթը:

 

Հարցազրույցը վարեց Սուսի Միսակյանը

 

трафик на сайт купить
loading...

Related posts