1896 թվականին այս օրը ծնվել է հերոս Սողոմոն Թեհլերյանը

Սողոմոն Թեհլերյանը հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ է. ի կատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը: 
 
1394885918_arm136333237480Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան)  1912 թ-ին ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը, 1918–19 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:
1913 թ-ին մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել Անդրանիկի ջոկատում: 1918 թ-ին  վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս:
1919 թ-ին մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Կոստանդնուպոլիս:
1919–20 թթ-ին Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել երիտթուրքերի դատավարությունը. հայերի տեղահանության ու ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային հեռակա դատապարտել են մահվան:
Շահան Նաթալիի նախաձեռնությամբ ստեղծվել է «Նեմեսիս» ահաբեկչական գործողության ծրագիրը, որը կարճ ժամանակամիջոցում իրագործել են Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թոռլաքյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը:
Որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթից՝ Թեհլերյանը որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921 թ-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը: Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա,  մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայոց Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի  դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912–15 թթ-ին Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա  հանցավոր լռության համար:
Ազատվելուց որոշ ժամանակ անց Թեհլերյանը մեկնել է Հարավսլավիա` Բելգրադ, ապա` ԱՄՆ` Սան Ֆրանցիսկո:
Երևանում դրվել է Թեհլերյանի կիսանդրին, Սան Ֆրանցիսկոյում` մահարձանը:
loading...

Նմանատիպ նյութեր