Image default
Հասարակություն

«Մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան». Լևոն Մկրտչյան

29090Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը տոնում է իր հիմնադրման 75-րդ տարեդարձը, որի առթիվ կազմակերպված տոնական հանդիսությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ և շրջանավարտներ: Շնորհավորելով դպրոցի 75 ամյա հոբելյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Դպրոցը հիմնադրվել է հեռավոր 1941 թվականին. այն կրում է  արցախյան ազատամարտիկ Ռուբեն Եղոյանի անունը, և հիմա մեր կողքին են ապրիլյան պատերազմի մասնակից այս դպրոցի շրջանավարտներ. սա որոշակի կնիք է թողնում յուրաքանչյուրիս գիտակցության վրա»: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ 75, 100 և ավել տարիների պատմություն ունեցող մեր կրթական հաստատություններն են հենց ամուր պահում կապն անցյալի, ներկայի և ապագայի միջև: «Հայաստանի անկախության բանալին կրթական համակարգի մեջ է. մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան: Հատկապես հիմա` նոր դարաշրջանում, երբ տեղեկատվական հոսքերն անընդհատ են, երբ գիտելիք ձեռք բերելը հեշտացել է նաև դպրոցի պատերից դուրս, երբ 3-4 տարեկան երեխայի համար գիտելիքը հասու է տարբեր աղբյուրներից, դպրոցի հիմնական դերակատարությունն է օգնել երեխային` վաղվա քաղաքացուն, զատել առաջնայինը` երկրորդայինից, առանձնացնել հիմնականը` սկզբունքայինը, իր տեսակի նկատմամբ հավատ և հպարտություն ունենալու, իրենից հետո իր շարունակությունը տեսնելու գործում: Սրանք շատ կարևոր հասկացություններ են, որոնք ուսուցչից պահանջում են հստակ, հաստատակամ գիտակցություն, որ ինքը նաև դաստիարակող է` անկախ դասավանդած առարկայից: Նա պետք է հասկանա, որ կատարում է շատ կարևոր մի խնդիր` կրթում է մի սերունդ, որը շարունակելու է կառուցել վաղվա մեր անկախ Հայաստանը»,-նշել է նա:

Զուգահեռներ տանելով նշվող Թարգմանչաց տոնի հետ` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է. «Մի անգամ արդեն մեր ժողովուրդը հերոսացել է. մենք կարողացել ենք մեր պատմության ընթացքում տիեզերական ուսմունքը, քրիստոնեական արժեհամակարգը ոչ միայն առաջինն ընդունել, այլ բովանդակությամբ և ձևով դարձնել ազգային: Մեր տեսակը չի կարող շարունակվել, եթե համընթաց չգնա աշխարհի փոփոխություններին, եթե այն կապկի ուրիշների ձևաչափը: Եթե մենք կարծում ենք, որ արժե ունենանք մեր ուրույն ձեռագիրը, մեր տեսակի դարակը` համաշխարհային քաղաքակրթական ընտանիքում, ուրեմն պետք է կարողանանք մեր կրթական համակարգում այս երկու սկզբունքն ամրագրել` ամենաառաջավոր չափորոշիչներով, նորագույն տեխնոլոգիաներով զինված լինելով` միշտ հիշենք, որ դա անում ենք Հայաստանում. ուրիշ ոչ մի տեղ Արմավիրի թիվ1 դպրոց չկա»:
Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագրերով խրախուսվել են դպրոցի տնօրենն ու մի խումբ ուսուցիչներ, իսկ դպրոցը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

loading...

Կարդացեք նաև

Կիթառներով երեկո սփյուռքահայ առաջնորդների հետ

Սուսի Միսակյան

Ծնողները երեխայի գլխացավի պատճառն են

«Չենք լռելու», որ մեր տղերքը ծառայեն հանգիստ.

admin