Image default
Զարմանազան

Ալերգիա ցրտից

Բժիշկները երկար ժամանակ հրաժարվում էին ընդունել ցրտի նկատմամբ ալերգիան: Չէ՞ որ ցուրտն ինքնին ալերգածին չէ: Ուրեմն ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ցուրտ եղանակին այնպիսի բնորոշ երեևույթներ են ի հայտ գալիս, ինչպիսիք են հարբուխը, հազը, արցունքոտությունն ու մաշկի վրա կարմիր բծերի առաջացումը: Իսկ տաք եղանակին ամեն ինչ կարգին է: Մասնագետների մեծ մասը ենթադրում է, որ օրգանիզմի նման արձագանքը ցրտին պայմանավորված է ջերմաստիճանի իջեցման հետ սպիտակուցների «վարքագծով», դրանց մեծ մասը ձուլվում է` ստեղծելով  կույտեր: Իմունային համակարգն էլ իր հերթին այդ կույտերն օտարածին գոյացություններ է համարում ու սկսում ակտիվ պայքարել դրանց դեմ, ինչի հետևանքով մարդու մեջ անհանգստությունների ու անհարմարությունների մի ամբողջ փունջ է ստացվում: Ջերմության ազդեցությամբ սպիտակուցների խմբերը նախնական վիճակ են ձեռք բերում, հետևաբար իմունային համակարգն էլ այլևս ստիպված չէ պայքարել, ու թվում է, թե  խնդիրները վերացել են, առողջացել եք:

Ցրտով պայմանավորված եղնջատենդ. սրա ժամանակ առաջին հերթին տուժում են ականջները, դեմքը, ձեռքերը, շուրթերը, հետո միայն` մարմնի մնացած մասերը: Առաջանում է կարմրություն ու քոր: Սրացումներ են լինում աշնանը, ձմռանն ու վաղ գարնանը: Այն կարող է զգացնել տալ նաև ամռանը, երբ սառը ջրի հետ գործ ունենաք:

Կեղծալերգիկ քթաըմպանաբորբ. փողոցում կտրուկ հարբուխ է սկսվում կամ էլ գրիպի նման փակվում է քիթը:

Կեղծալերգիկ կոնյուկտիվիտ. բնորոշ է արցունքակալումը, կոպերի կարմրությունն ու լույսի նկատմամբ գերզգայնությունը:

Օդերևութաբանական հեյլիտ, շրթունքների եզրաշերտը բորբոքվում է, դառնում չոր ու թեփոտում է:

Ցրտային միգրեն. քամուց կարծես տրաքում են ճակատն ու քունքերը: Առաջանում է գլխացավ, որը տաքությունից անցնում է:  Ցրտի նկատմամբ ամենատարածված մաշկային  հակազդեցությունը ցրտային եղնջատենդն է: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ  այս ալերգիայից ավելի  հաճախ տառապում են կանայք (դեպքերի 70%-ը): Հիմնականում ալերգիան առաջին անգամ 25-30 տարեկանում է սկսվում ու  գրեթե միշտ` վարակիչ հիվանդություններից հետո: Սկզբում ախտահարվում են քամուց չպաշտպանված մարմնամասերը (դեմքը, ձեռքերը, ականջներն ու շուրթերը), իսկ հետո, ժամանակի ընթացքում նաև` մնացած հատվածները: Ցրտից մաշկը սկսում է քոր գալ, ապա կոշտ գոյացություններ են ի հայտ գալիս, որոնք լինում են վարդագույն կամ սպիտակավուն գույնի: Սակայն չշփոթեք ցրտից առաջացած եղնջատենդը ցրտի նկատմամբ օրգանիզմի բնական արձագանքի հետ: Վերջին դեպքում կարմրությունն ու քորը 20-30 րոպեից անցնում է: Սակայն,  եթե տհաճ զգացումները մի քանի ժամ չեն անհետանում (մինչև 2 օր), ապա դա արդեն ցրտային ալերգիա է: Ծանր դեպքերում դիտվում է թուլություն, դող, ընդհանուր թուլություն, զարկերակային ճնշման իջեցում, գլխացավ, գլխապտույտ, շնչարգելություն,  սրտխփոց: Որոշ դեպքերում սրտխառնուք է լինում ու ցավ որովայնի շրջանում: Ընդ որում, հաճախ այդ ախտանշաններն ի հայտ են գալիս ոչ անմիջապես, այլ այն ժամանակ, երբ գտնվում եք տաք սենյակում ու  արդեն տաքացել եք: Եթե հիվանդությունը ժառանգական բնույթ չունի, ապա առանց հատուկ բուժման էլ 6-7 տարի հետո կանցնի: Իսկ ժամանակին որակյալ մասնագետի նշանակած բուժումն էլ կբարելավի վիճակը:

Ներկայումս կան մեթոդներ, որոնց շնորհիվ   կարելի է ոչ միայն նվազեցնել օրգանիզմի զգայունությունը ցրտի, ջերմաստիճանային ներգործության նկատմամբ, այլև կարճ ժամանակահատվածում  ընդմիշտ ձերբազատվել այդ տհաճությունից:

Սակայն երբեմն ցրտի  նկատմամբ ալերգիան ինչ-որ հիվանդության հետևանք է լինում: Շատ հաճախ ցրտային եղնջատենդը լյամբլիոզի (ճիճվային), թունավորման ու նյարդավեգետատիվ թերֆունկցիայի հետևանքով է առաջանում: Ուստի առաջին իսկ դեպքից հետո հարկավոր է պարզել դրա հիմնական պատճառը: Իսկ ստուգել կարելի է նույնիսկ տնային պայմաններում: Դրա համար հարկավոր է  Դունկատ-թեսթ կատարել. մի փոքր կտոր սառույցը դնել դաստակին կամ նախաբազկի հատվածում ու թողնել20 րոպե: Եթե սառչելու պահին առաջանում է քոր ու ցան, ապա դա խոսում է այն մասին, որ ցրտի  նկատմամբ ալերգիա ունեք, իսկ եթե ոչ մի հետևանք չի  մնում, ապա  ձեր ալերգիան ինչ-որ հիվանդության  դրսևորում է, որը կարելի է ախտորոշել  լաբորատոր հետազոտությամբ:

Ինչպե՞ս կարելի է պայքարել ցրտից առաջացած ալերգիայի դեմ

Կրկին նշենք, որ հիմնականում նման ալերգիայով տառապում են 21-60 տարեկան կանայք: Հիվանդների  բազմակողմանի հետազոտությամբ պարզվում է, որ առկա են մարսողական տրակտի, լեղամուղ օրգանների, լյարդի կամ էլ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, կամ նույնիսկ հնարավոր է, որ ալերգիան պայմանվորված լինի աղիքային կամ լյարդի մակաբույծներով: Ալերգիաների բուժման ավանդական մեթոդներն այս դեպքում նվազ արդյունավետ են: Իսկ հակահիստամինային դեղամիջոցներն էլ կարճատև ազդեցություն են ունենում, հաճախ էլ ոչ բոլորին են օգնում: Իսկ մեծերի` տաք հագնվելու, դեմքը քսուքով կամ էլ սագաճարպով պատելու խորհուրդներն էլ շատ հաճախ անարձագանք են մնում: Եղնջատենդը կարող է առաջանալ ինչպես զրոյից բարձր ջերմաստիճանում, այնպես էլ բարձր խոնավության և ուժեղ քամու ազդեցությամբ: Աչքաթող անելու դեպքում այն կարող է խորանալ: Այս դեպքում, քանի որ տաք երկրներ տեղափոխվելու առաջարկ-խորհուրդը մի փոքր անլուրջ է, պետք առաջնորդվել «մարդու ճակատագիրը սեփական ձեռքերում է» կարգախոսով:

Ցանկացած մարդ ի զորու է սովորեցնել, վարժեցնել օրգանիզմը ցրտին:

Նախ պետք է հետազոտվել ալերգաբանի մոտ: Բժիշկը կարող է ճիշտ սննդակարգ առաջարկել, ինչն այս դեպքում ևս շատ կարևոր է օրգանիզմը կարգի բերելու համար: Եվ ամենահարմարն ու մատչելին` կոփեք օրգանիզմը սառը-տաք ցնցուղով: Հետո ձեռքերը 30 վայրկյան պահեք սկզբում սառը, ապա հնարավորինս տաք ջրի մեջ: Կրկնեք այդ  գործողությունը 2-3 անգամ ու ավարտեք սառը ջրով: Տեղային կոփումից անցեք ընդհանուր կոփման: Դրա համար ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազեցրեք` հասցնելով 10 աստիճանի: Ցրտից ալերգիան այնքան էլ անլուրջ բան չէ, ինչպես թվում է: Տհաճ ախտանշաններն էլ մի անտեսեք: Միշտ էլ հիշեք, որ ցանկացած հիվանդության դեմ կարելի է պայքարել:

armernpharm.am

 

loading...

Կարդացեք նաև

Մոտոցիկլները շղթայվել են (վիդեո)

admin

Տեղանուններ: Ինչու են այդպես կոչվել

admin

Ինչը երբեք չեն ների կենդանակերպի նշանները

admin