Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այս օրն է ծնվել Ալեքսանդր Դյուման

Ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյուման (Դյումա – հայր) ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչներից է: Նա ստեղծել է ռոմանտիկ
հերոսների մի ողջ պատկերասրահ: Նրա արկածային վեպերին բնորոշ են լարված ու գրավիչ սյուժեն և սրընթաց գործողությունները:
Ալեքսանդր Դյուման որբացել է 4 տարեկանում, մանկությունն անցել է չքավորության ու կարիքի մեջ. նախ գրագիր է աշխատել նոտարի, իսկ 1822 թ-ին Փարիզ տեղափոխվելուց հետո` Օռլեանի դքսի գրասենյակներում: Նա իր կրթությունը լրացրել է ընթերցանությամբ:
Դյուման հռչակվել է «Հենրիխ III-ը և իր արքունիքը» (1829 թ.), «Քրիստինա» (1830 թ.), «Անտոնիոս» (1831 թ.), «Նեյլի աշտարակը» (1832 թ.) պիեսներով, որոնք նշանակալի երևույթ էին ռոմանտիկական թատրոնի պատմության մեջ:
Դյումայի ամենասիրված ստեղծագործություններից է «Երեք հրացանակիրներ» (1844 թ.) վեպը: Վեպի գլխավոր հերոսը՝ դ’Արտանյանը, Գասկոնիայից է: Նա հպարտ է, խիզախ, հաջողակ ու հանդուգն, հայրենասեր ու ընկերասեր, հավատարիմ իր ընկերներին և սիրած էակին՝ Կոստանցային: Հանուն հայրենիքի և իր թագավորի՝ նա բազմաթիվ սխրագործություններ է կատարում: Դ’Արտանյանի ընկերները՝ Աթոսը, Պորտոսը և Արամիսը, նույնպես ազնիվ, խիզախ ու ըմբոստ մարդիկ են:
Հրացանակիրների քաջագործությունները շարունակվում են «Քսան տարի անց» (1845 թ.) և «Վիկոնտ դը Բրաժելոն» (1848–50 թթ.) վեպերում: Անվախ ու ճարպիկ դ’Արտանյանը, սնափառ ու բարեհոգի Պորտոսը, խորամանկ ու գաղտնապահ Արամիսը, մեծահոգի ու խորաթափանց Աթոսը, առաջնորդվելով «Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» նշանաբանով, հաղթահարում են ամեն արգելք ու խոչնդոտ և հաղթում բոլոր թշնամիներին:
Հետաքրքրաշարժ և գրավիչ են նաև Դյումայի «Թագուհի Մարգո» (1845 թ.), «Կոմս Մոնտե Քրիստո» (1845–46 թթ.), «Տասը տարի անց» (1848–50 թթ.) և այլ վեպեր, որոնց հերոսներն աչքի են ընկնում հնարամտությամբ ու անձնազոհությամբ, մեծահոգությամբ ու նվիրվածությամբ:
Դյուման իր վեպերում փառաբանել է Ֆրանսիան, նրա հրաշալի ժողովրդին. նա համակրանքով էր լցված նաև այլ ժողովուրդների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր պայքարում էին իրենց ազատության և անկախության համար:
Դյումայի գործերի մեծ մասը էկրանավորվել է («Երեք հրացանակիրներ», «Կոմսուհի դը Մոնսորո», «Կոմս Մոնտե Քրիստո» և այլն):
Դյումայի գործերի զգալի մասը թարգմանվել է նաև հայերեն:
Վեպեր է գրել նաև Դյումայի որդին` Ալեքսանդր Դյումա-որդին (1824–95 թթ.): Նա ճանաչվել է «Կամելիազարդ տիկինը» (1842 թ.) վեպով, որի հիման վրա Ջուզեպպե Վերդին գրել է «Տրավիատա» օպերան: Դյումա-որդին նամակագրական կապ է ունեցել Գաբրիել Սունդուկյանի հետ և բարձր է գնահատել նրա «Պեպո» դրաման:

loading...

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ դրամատուրգՎիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է

admin

Այսօր Վեհափառի ծննդյան օրն է

Այսօր Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է

admin