<

Արցախյան շարժման հիմնական պատճառները և սկիզբը

10363743_10204846144021453_4568860118347191414_nԱրցախի հայությունը ոգեշնչված «վերակառուցման»  քաղաքականությամբ, կրկին բարձրացրեց դեռևս 1920-ական թվականներից ծխացող Ղարաբաղյան հիմնախնդիրը: Լեռնային Ղարաբաղը Մայր  Հայաստանից  կտրելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը տասնամյակներ շարունակ հետապնդել է մի նպատակ` ունենալ Արցախ առանց հայ բնակչության: Երկրամասից հայ բնակչության արտահոսքն արագացնելու նպատակով արհեստականորեն  արգելակում էր մարզի սոցիալ-տնտեսական   զարգացման ընթացքը: Դա առանձնապես արտահայտվել էր բարձր որակավորման մասնագետ կադրերին աշխատանքով չապահովելու հարցում: Հայաստանում կրթություն ստացած մասնագետները մարզում աշխատելու ոչ մի հնարավորություն չունեին:  Հայ բնակչության արտագաղթին ուղղակի նպաստել է դպրոցներում տարրական պայմանների բացակայությունը: Ադրբեջանի հայկական դպրոցներում արգելվում էր հայոց  պատմության դասավանդումը: Դրան հակառակ, Ստեփանակերտի մակավարժական ինստիտուտում Ադրբեջանի պատմության դասավանդումը  պարտադիր էր: 60-ական թթ-ից մինչև 1988թ. մարզում փակվել է 46 դպրոց, որոնց թվում  2 միջնակարգ, 17 ութամյա և 27 տարրական:

70 տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը  հնարավոր և անհնարին միջոցներով մարզը մղել է փակուղի, նրա հայ բնակչությանը  քաշել ստրկական  ու գաղութարարական լծի տակ: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ազգային իրավունքները ոտնահարելու և նրա նկատմամբ խտրական քաղաքականություն կիրառելու իմաստը Արցախը հայաթափ անելու և մարզը ադրբեջանականացնելու մեջ էր:

Մարզի հայ բնակչության տարրական իրավունքների ամեն մի պաշտպանություն գնահատվում էր որպես   ազգայնականության արտահայտություն: Երկրամասը զրկված էր ամեն տեսակ ինքնուրույնությունից: Այդ ամենը հանգեցրել է ԼՂԻՄ հայազգի բնակչության մեծամասնության համար անտանելի պայմանների ստեղծմանը և համապատասխանաբար հայերի զանգվածային արտագաղթին:

Արցախահայությունը  իր մարդկային ու ազգային արժանապատվությունը  հետագա  ոտնահարումից փրկելու, իր հողն ու պատիվը պաշտպանելու, մայր հայրենիքի հետ միավորվելու համար բացահայտ պայքարի ելավ: Այլ ելք չկար, քանի որ  ստեղծվել    էր    մի   այնպիսի  վիճակ,  երբ  Արցախը  կամ  պետք    է արժանանար Նախիջևանի   ճակատագրին և լրիվ հայթափվեր, կամ էլ կենաց ու մահու կռիվ մղեր իր բնօրրանը, մարդկային իրավունքները և պատիվը պաշտպանելու համար:

Արցախահայությունն ընտրեց երկրորդ ուղին և  աշխարհին ցույց տվեց իր անկոտրում կամքը: Արցախցիներն  իրենց պայքարը սկսեցին ստորագրահավաքով:

1987թ. վերջերին Ղարաբաղում լուրեր տարածվեցին, թե ստորագրություններ են հավաքում` Մոսկվա ուղարկելու համար, որպեսզի Ղարաբաղը միացնեն Հայաստանին: Ստեփանակերտում խոսում էին, որ այդ գործն արդեն սկսված է, և առաջինը հադրութցիներն են իրենց ստորագրությունները դրել նամակի տակ: Շուտով այդ ալիքը տարածվեց Ղարաբաղով մեկ, և բոլորը` մեծ թե փոքր, առանց երկմտելու ստորագրում էին, համոզված, որ իրենց ստորագրությամբ  է պայմանավորված Ղարաբաղի ճակատագիրը: Սկսված ազատագրական պայքարի ալիքն ընդգրկեց ամբողջ Արցախը: Բոլորն անհամբեր սպասում էին բաղձալի լուրի, սակայն Կրեմլը շարունակում էր համառորեն լռել:

Քանի որ Մոսկվան շարունակում էր լռել, նոր պատվիրակություն ուղարկելը դարձավ օրախնդիր: Պատվիրակությունը Երևանից Մոսկվա մեկնեց 1988թ. հունվարի 5-ին ԽՍՀՄ ԳԽ-ի պատգամավոր Վազգեն Բալայանի գլխավորությամբ: Նա Մոսկվա տարավ 260 ստորագրությամբ հանրագիր և մարզի տնտեսությանը,  պատմությանն ու մշակույթին վերաբերվող 84 փաստաթուղթ: Մոսկվայում պատվիրակության գործունեությունը ղեկավարում էին Զորի Բալայանն ու Իգոր Մուրադյանը: Պատվիրակությանը հունվարի 8-ին ընդունում է ԽՍՀՄ  Գերագույն խորհրդի նախագայության նախագահի առաջին տեղակալ,  ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Պ. Դեմիչևը, որին  և հանձնվում են տարված փաստաթղթերն ու հանրագիրը: Նրա հետ քննարկվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու հարցը: Պ. Դեմիչևը պատասխանում է, թե իբր խորհրդային իշխանությունները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հարցով և կստեղծվի Գերագույն խորհրդի հանձնաժողով` հարցը հանգամանորեն ուսումնասիրելու համար: Նա նաև նշում է, որ «խորհրդային կառավարությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջը չի համարում ազգայնական, առավել ևս հակախորհրդային: Այն բոլոր միջոցները ձեռք կառնի`  այդ  հարցը բարձրացնող անձանց դեմ տեղական իշխանությունների  անօրինական ձեռնարկումները խափանելու համար»:

Մարզի բնակչության զանգվածային ելույթները  նախապատրաստելու համար 1988թ.  հունվարի  կեսերին Ասկերանի  Նորագյուղ  գյուղում   հրավիրվեց  այդ շրջանի կոլտնտեսությունների և գյուխորհուրդների 40 նախագահների մասնակցությամբ գաղտնի   ժողով,     որը   կարևոր     նշանակություն   ունեցավ       արցախահայության արժմանը նոր թափ հաղորդելու համար: Դա ոգևորեց շատերին և խթանեց պայքարի հետագա ծավալումը: Բացի այդ «Ասկերանի շրջանի բնակչության կազմակերպվածությունը խիստ կարևոր էր Ստեփանակերտում հնարավոր ձեռնարկմանն աջակցելու համար»:

Սկսված ազատագրական պայքարի ալիքն ընդգրկեց ամբողջ Արցախը: Բոլորն անհամբեր սպասում էին բաղձալի լուրի, սակայն Մոսկվան շարունակում էր լռել: Արցախցիներն ստիպված Վաչե Սարուխանյանի ուղեկցությամբ Մոսկվա ուղարկեցին նոր պատվիրակություն: Այն Երևանից Մոսկվա մեկնեց  փետրվարի 8-ին և երկու օր անց ընդունվեց ԽՄԿԿ կենտկոմի ազգային հարաբերությունների սեկտորի վարիչ Վ. Միխայլովի կողմից: Հայաստանի պետանվտանգության կոմիտեի մի զեկուցագրից երևում է,  որ Մոսկվայում Արցախի պատվիրակությանը և նրանց համախոհներին «հասկացրել են, որ պետք է նախ դիմել մարզային խորհրդին և կարողանալ որոշում ընդունել տալ ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու մասին և այն ուղարկել ըստ ատյանների»: Այս հարցադրման բովանդակությունը մտորումների տեղիք է տալիս: Մոսկվան կամ կամենում էր այդ ուղիով լուծել հարցը, կամ էլ ձգտում էր այդ կերպ խճճել հարցը, դրա լուծումը ձգձգել և հանել օրակարգից:

1987թ. դեկտեմբերից մինչև 1988թ. փետրվարն ընկած ժամանակաշրջանում չորս անգամ պատվիրակություն մեկնեց Մոսկվա, որոնց ընդունեցին  կուսակցական և պետական մարմինների ղեկավարները, լսեցին ու լռեցին: Փետրվարի սկզբից Արցախում շարժումը գլխավորում էին Արկադի Մանուչարովը, Ռոբերտ Քոչարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Համլետ Գրիգորյանը, Մաքսիմ Միրզոյանը, Վասիլի Աթաջանյանը, Մուրադ Պետրոսյանը, Վարդան Հակոբյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը և ուրիշներ: Նրանց կոչերով մարզի բոլոր ձեռնարկություններում, կոլտնտեսություններում, ուսումնական հաստատություններում և մշակույթի օջախներում տեղի էին ունենում ժողովներ, գյուղական, ավանային, քաղաքային և շրջանային խորհուրդների նստաշրջաններ, որտեղ քննարկվում էին ԼՂԻՄ-ը Հայաստանի  հետ վերամիավորելու հարցը: Այդ որոշումները պաշտպանեցին Ստեփանակերտի կուսակցության քաղկոմի, Մարտակերտի,  Ասկերանի, Հադրութի և Մարտունու կուսակցության շրջկոմների բյուրոներն ու պլենումները:

Մոսկվան և Բաքուն օրեցօր ուժեղացնում էին շարժման դեմ ճնշումը: Փետրվարի 14-ին  Ստեփանակերտ  տեղափոխվեց  12  միավորից  բաղկացած  տանկային  մի շարասյուն: Փետրվարի 15-ին ԼՂԻՄ կուսմարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովը հանդիպելով շարժման ակտիվիստների հետ` ընթերցում է Մոսկվայից ստացած մի փաստաթուղթ, որտեղ «Ղարաբաղյան շարժման առաջնորդները ճանաչվում են որպես էքստրեմիստներ և խստագույն կերպով պիտի պատժվեն»:

Շարժումը գլխատելու համար կազմվում է «էքստրեմիստների» ցուցակ, որի մեջ մտնում էին 27 հոգի: Նրանց նկատմամբ կիրառվում են  տարբեր բնույթի պատիժներ: Ելույթ   ունենալով    ԼՂԻՄ      մարզկոմի բյուրոյում` Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ռ. Ասադովը հայտարարում է,  թե «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած ժամանակ ներխուժել Ղարաբաղ և կազմակերպել սպանդ»:  Փետրվարի 15-ին  գիշերվա  ժամը 1-ին Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար Զավեն Մովսիսյանն այդ մասին հաղորդում է մարզի բոլոր խոշոր ձեռնարկությունների ղեկավարներին:

1988թ. փետրվարի 16-ին մինչև մարտի  2-ը ցուցարարներից շատերը օր ու գիշեր  «մնում էին հրապարակում, որտեղ վրաններ էին սարքել, խարույկներ էին վառում: Գյուղերից ցուցարարների համար փայտ, հաց, մթերք էին բերում»: Քանի որ շարժումն ընթանում էր տարերայնորեն, և չկար ընդհանուր, ղեկավարություն, ուստի հրամայական պահանջ դարձավ ունենալ ղեկավար մարմին; Ստեղծվում է նախաձեռնող խումբ, որը ղեկավարում էր Արկադի Մանուչարովը: Շարժումը ղեկավարող խմբի շտաբ է ընտրվում «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունը:

Այդ օրերին ստեփանակերտի հիմնարկ-ձեռնարկությունների և Լենինի անվան հրապարակում հավաքվածների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Արկադի Մանուչարովի գլխավորությամբ հանդիպում է Բ. Կևորկովի հետ և նրանից պահանջում կանգնել ժողովրդական պայքարի գլուխ: Բ. Կևորկովը կտրուկ հրաժարվում է և պատվիրակություններից պահանջում ցուցարարներին համոզել  վերադառնալ իրենց տներն ու գյուղերը: Փետրվարի 15-ին Հադրութում տեղի ունեցած շրջանային համընդհանուր ցույցը շրջկոմի բյուրոյից պահանջում է դիմել ԽՄԿԿ  կենտկոմ և պահանջել  ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանի կազմից ու վերամիավորվել Հայաստանի հետ: Համանման ցույցեր էին տեղի ունենում նաև մարզի մյուս շրջաններում: Մարզի մյուս կուսշրջկոմները, բացի Շուշիից, փետրվարի 16-ին հեռագրեր են ուղարկում ԽՄԿԿ կենտկոմ և խնդրում հանձնաժողով ուղարկել Լեռնային Ղարաբաղ` տեղում հարցը վճռելու համար:

Փետրվարի 19-20-ը  անց են կացվում ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդների նստաշրջաններ, որտեղ պահանջվում է հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան և որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու մասին:

Այսպիսով, ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջը դարձել  էր  համաժողովրդական: Մարզխորհրդի գործկոմի նախագահ Վ. Օսիպովին փետրվարի 19-ի երեկոյան տեղեկացվում է, որ մարզխորհրդի 67 պատգամավորներ պահանջում են փետրվարի 20-ին հրավիրել մարզխորհրդի արտահերթ     նստաշրջան:     Վ.    Օսիպովը   կտրուկ    մերժում   է   այդ     պահանջը: Ղարաբաղյան շարժման դեմն առնելու և մարզային  խորհրդի նստաշրջանի անցկացումը խոչընդոտելու  նպատակով փետրվարի 20-ին Ստեփանակերտ են ժամանում Ադրբեջանի  կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը, Կենտկոմի բյուրոյի անդամները և ԽՄԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի հրահանգիչ Վիկոր Յաշինը: Հանրապետության ղեկավարներն ու Մոսկվայի ներկայացուցիչն արդեն համոզվել էին, որ խաղաղ խոսքով անհնար է կասեցնել  աղետը, և կարգադրեցին փակել մարզի շրջանները Ստեփանակերտին կապող ճանապարհները, որպեսզի պատգամավորները քաղաք հասնելու հնարավորություն չունենան, և  մարզխորհրդի նախաշրջանը տապալվի: Սակայն նրանք տեղ են հասնում Լեռնային ճանապարհներով և կածաններով: Պատգամավորներին Ստեփանակերտ հասցնելու գործում կարևոր դեր են խաղում հատկապես նախաձեռնող խմբի և նրա շրջանային ենթախմբերի անդամները: Առանձնապես ակտիվ էր Ռազմիկ Պետրոսյանի խումբը:

Մարզխորհրդի  արտահերթ  նստաշրջանը սկսվեց երեկոյան ժամը 20անց 20 րոպեին, երբ հայտնի դարձավ, որ մարզխորհրդի 149 պատգամավորներից ներկայացել են 110-ը: Մարզխորհրդի  արտահերթ նստաշրջանին հրաժարվեցին մասնակցել ադրբեջանցի պատգամավորները: Նստաշրջանը խանգարելու իշխանությունների բոլոր փորձերը ձախողվում են:

1988թ. փետրվարի 20-ի օրվա վերջին Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակում և նրան հարակից փողցներում հավաքված արցախցիների թիվը հասել էր ավելի քան 50 հազարի: Նրանք շրջապատել էին ԼՂԻՄ մարզխորհրդի շենքը  և անհամբեր սպասում էին նստաշրջանի որոշմանը: Նստաշրջանում ելույթ ունեցած բոլոր 44 պատգամավորները միանշանակ արտահայտեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու անհրաժեշտության օգտին: Ի վերջո նստաշրջանն ընդունում է հետևյալ պատմական  որոշումը. «Լսելով և քննարկելով ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ խորհրդի պատգամավորների ելույթները «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ՂՍՀ-ի կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջև միջնորդելու մասին»`  նստաշրջանը որոշում է.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին` խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն  խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորն ըմբռման զարգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին ու լուծել «ԼՂԻՄ-ը»  Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ  հանձնելու հարցը,  միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու  հարցի դրական լուծմանը»:

 Նստաշրջանը կայացավ, և փետրվարի 21-ին մարզային ռադիոն  և «Խորհրդային Ղարաբաղ» թերթը որոշումը դարձրին հանրության սեփականություն: Մարզի Լենինի անվան հրապարակում հավաքված ցուցարարները ցնծությամբ են ընդունում այդ որոշումը, շնորհավորում էին միմյանց` հարցը համարելով լուծված, արհամարհելով այն փաստը, որ մարզգործկոմի նախագահ  Վ. Օսիպովը կնիքը թաքցրել էր և չէր ուզում տալ: Սակայն մի կնիք չէր կարող անվավեր համարել ժողովրդի կամքի արտահայտությունը:

 Հայաստանում արցախահայության  հետ համերաշխության մեծ ալիք սկսվեց: Երևանում և այլ քաղաքներում սկսեցին տեղի ունենալ երկրի պատմության մեջ առաջին բազմամարդ հանրահավաքները, որոնց մասնակիցների թիվը հասնում էր հարյուր հազարների: Փետրվարի 20-ին  Թատերական հրապարակում հավաքված հազարավոր միտինգավորներ ընդունեցին «Ղարաբաղը այսօր կամ երբեք» կարգախոսը: Փետրվարի 21-ին Իգոր Մուրադյանը հրապարակում հավաքվածներին հայտնեց ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանի ընդունած որոշման մասին, իսկ երեկոյան ստացվեցին «Խորհրդային Ղարաբաղ» և  «Սովետսկի Կարաբախ»  թերթերի այդ օրվա համարները, որոնք ձեռքից ձեռք էին անցնում:  Հանրահավաքի մասնակիցները կոչ էին անում դիմել համընդհանուր գործադուլի և կենտրոնական իշխանություններից պահանջել առանց ուշացնելու իրագործել արցախահայության արդարացի ու սահմանադրական  պահանջը:

1988թ.փետրվարի 20-ի  ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը նոր փուլ նշանավորեց հայ ժողովրդի ազատագրական  պայքարի պատմության մեջ:

Բաժինը վարում է Գոհար Զալինյանը

трафик на сайт купить
loading...

Related posts