Image default
Հասարակություն

Բարոյական ներգրավվածությունն է հիացնում

Ֆրանսահայ փիլիոսոփա և գրականագետ Ժիրայր Մալխասյանը օրերս «Ինքնագիր» գրական ակումբի նախաձեռնությամբ Ուտոպիանայի գրասենյակում ներկայացրեց «Բարոյական փիլիսոփայությունն ու գրականությունը» դասախոսությունը, որի նպատակն էր «վերջին քսան տարիներե ի վեր զարգացող փիլիսոփայական աշխատանքը ու վեճերը ներկայացնել՝ գրականութեան արժևորման մասին բարոյական կամ քաղաքական հղացումներու ու հարցադրումներու մշակման մեջ»:

Ժիրայր Մալխասյանը ծնվել է Իտալիայում, թեև ծնողները Թուրքիայից են: Հայրը Ֆաթսա քաղաքից է, ում ընտանիքի անդամները մահացել են ցեղասպանության ժամանակ, իսկ ինքը փոքր տարիքում տարվել է Ֆրանսիա: Մայրը թրքախոս շրջանից է՝ Աֆիոն-Կարահիսարից: Մայրական կողմի հարազատները Հունաստանից են եկել Խամսա, մեծամասամբ հույն են և հետագայում են տեղափոխվել Փարիզ: Առաջին անգամ երկրաշարժից հետո է Հայաստան եկել. «Երկրաշարժից 6-7 օր հետո Փարիզեն մարդասիրական խմբով եկած էի և հենց Գյումրի իջա. քանդված երկիր մը տեսա»: Այժմ, ինչպես անկեղծացավ, ավելի աշխույժ քաղաքի տպավորություն է ստանում Երևանից: Համաձայնեց, որ պետական մակարդակով ամեն ինչ արվում է Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման համար, սակայն չժխտեց, որ այն ավելի շատ ինստիտուցիոնալ բնույթի է, իսկ միջին մակարդակը՝ գործնական, առևտրական, մշակութային, բավարար զարգացած չէ: Պատճառներից մեկն էլ գուցե այն է, որ հայ ժողովրդի երկու մասերի մոտեցումներն են տարբեր: Օրինակ՝ «Սփյուռքահայ մը, երբ այստեղ կուգա, կփորձե ինքնություն մը փնտրել, արմատներ՝ արժեքներու, լեզվի գծով: Քաղաքական տեսանկյունեն սփյուռքահայու մը համար հիմնական հարցը ցեղասպանության ճանաչումն է: Ուղղագրության խնդիրն ալ կդառնա գրեթե էական նամանավանդ սփյուռքյան քանի մը մտավորականներու համար, որ կուզեն դասական ուղղագրության վերադառնանք նույնիսկ արևելահայերենու մեջ: Սփյուռքը և Հայաստանը տարբեր մոտեցումներ ունին, որոնք չեն հեշտացներ հարաբերություններու սերտացումը»,-մանրամասնեց զրուցակիցս:

Անդրադառնալով մշակութային կյանքին՝ նշեց, որ Ֆրանսիայում արվեստը օժանդակություն է ստանում կառավարությունից: Մյուս կողմից էլ արվեստագետի ազատության հարգանքն է առկա, այսինքն` քաղաքական ճնշման բացակայությունը, ինչը նպաստում է, որ Իտալիայից, Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից շատ արվեստագետներ հաստատվեն Ֆրանսիայում: Սակայն հումանիտար գիտությունների ոլորտում ինչպես ամենուր, այնպես էլ Ֆրանսիայում, և ուսանողների, և մասնագետների թիվը քչանում է: Ժիրայր Մալխասյանը դժվարացավ զուգահեռներ անցկացնել հայաստանյան իրականության հետ, քանի որ Ֆրանսիայի նման երկրում մշակույթը շատ զարգացած է: Թեև ցավով փաստեց, որ Ֆրանսիայում կարծես թե մեծ հետաքրքրվածություն չկա հայ գրականության հանդեպ: Ֆրանսիական համալսարաններում, օրինակ, մինչ այսօր 20-րդ դարի կամ ժամանակակից հայ գրականության ամբիոն չկա: Նշեց, որ վերջին 20 տարվա ընթացքում միայն Գրիգոր Պըլտյանն է գրականության դասախոսություններ կարդում, ով, սակայն, պայմանագրով է աշխատում: Հետո էլ երկու երկրների մշակույթը կամրջողները՝ թարգմանիչներն են քիչ: Նկատեց, որ Հայաստանում գրքի հարկային տոկոսները շատ բարձր են, գրեթե 20 տոկոս. «Նորմալ երկրի մը մեջ պետք է ավելի քիչ ըլլա, որովհետև գիրքը բացառիկ ապրանք է՝ մշակութային բացառություն, սովորական ապրանք չէ: Հրատարակիչներն ալ պետք է համոզվին, որ եթե կուզեն ստեղծագործիչ,  ուժեղ գրականություն մը զարգացնել, պետք է ավելի անկախ ըլլան պետպատվերներեն, ֆինանսավորումներեն»: Այսինքն՝ պետք է անկախ գրական շրջանառություն ստեղծվի: Անդրադարձավ այն հարցին, որ այստեղ գրականությամբ հետաքրքրվողներն էլ քիչ են, երաժշտությունը գրեթե չկա. «Ամենահեշտ դուրս տանող մասնագիտությունն է, քանի որ լեզվին պետքը չկա: Տաղանդները հենց որ կրնան, դուրս կերթան»:

Սակայն իմ զրուցակիցը բարձր գնահատեց հայ արվեստագետների բարոյական ներգրավվածությունը այն պարագայում, երբ պետությունը չի օգնում, մեկենասներ չկան, ֆինանսական հովանավորություն չկա, «Այդ է, որ կհիացնե ինձի. չնայած մշակույթի խեղճ վիճակին՝ դեռ հավատացող մարդիկ կշարունակեն գրականությունը պաշտպանել, և ոչ միայն պաշտպանել, այլև զարգացնել»:

 

 

Զրուցեց` Նարե Հովհաննիսյանը

loading...

Կարդացեք նաև

«Նպաստենք քիմիայի զարգացմանը Հայաստանում»

Սուսի Միսակյան

1975 թվականի այս օրը մահացավ Մինաս Ավետիսյանը

admin

“Forgive me for not forgetting me” (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար)

Սուսի Միսակյան