Image default
Հոգևոր անկյուն

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Մինչև այսօր մեր հասարակության մեջ Նժդեհի ուսմունքի, հատկապես ցեղակրոնության վերաբերյալ գոյություն ունեն թյուր պատկերացումներ: Դրանց անհեթեթությունը ցույց տալու համար ցանկացանք գրել այս համեստ ակնարկը:
Քանի որ Նժդեհը տասնամյակներ շարունակ հայրենիքում փակի տակ եղած հեղինակ է եղել, նրա աշխատություններն ու մտքերը նենգափոխել, սխալ են ներկայացրել նաև մերօրյա Հայաստանում: Խոսքը հատկապես վերաբերում է ցեղակրոնությունը քրիստոնեությանը հակադրելու անհեթեթությանը, որին 1980-90-ական թվականներին հասան ոմանք՝ նրա մտքերը ամբողջությունից կտրելու եւ կամայական կերպով մեկնաբանելու ճանապարհով: Նշված խեղաթյուրումների համար «հիմք» են ընդունել նրա երկու աշխատությունները՝ «Ցեղակրօն ուխտեր և ցեղակրօնութեան հաւատամքը» (1933 թ.) և «Մեր յեղափոխութեան արարիչը» դամբանականը, որը նա խոսել է Քրիստափոր Միքայելյանի շիրմին (1924 թ.):
Կուզենայի նախևառաջ խոսել «ցեղակրօն» բառի իմաստի մասին: Պետք է նշել, որ կան «ցեղակրօն» բառի տարաբնույթ մեկնություններ և բացատրություններ: Ներկայացնենք դրանցից երկուսը:
Ինչպես մեկնաբանում է Մուշեղ Լալայանը. «Ապրել Ցեղի արժեքներով ու բարոյականով, դրանք կենսաձև դարձնել մեզ համար կնշանակի կրել իր մեջ ցեղը, լինել ցեղակիր-ցեղակրոն: Այստեղից էլ մեր կարծիքով, Նժդեհի կողմից ցեղ և կրոն գոյականների միացումով «ցեղ-ա-կրօն» բառի ընտրությունը (կրոն բառի արմատը կրելն է):
Իսկապես, հայերենում մենք հանդիպում ենք բազում նման բառերի, որոնք կիրառվում են այդ իմաստով, նշենք դրանցից մի քանիսը՝ խստակրոն, մաքրակրոն, կուսակրոն և այլն, որոնք, իհարկե, չեն կարող նշանակել և չեն կարող ընկալվել որպես խիստ կրոն, մաքրության կրոն, կուսության կրոն և այլն:
Նժդեհի «Ցեղակրօն ուխտեր և ցեղակրօնութեան հաւատամքը» առաջին աշխատությունից վկայակոչում են դրա՝ իրենց կողմից խմբագրված և մկրատված տարբերակը և հայտարարում, թե Նժդեհը քրիստոնեության փոխարեն նոր կրոն է ստեղծել: Մեջբերենք ցեղակրոնության անհրաժեշտությունը հիմնավորող վերը նշված աշխատության այն հատվածները, որոնց միտումնավոր աղճատումով են առաջացել վերոհիշյալ հետևությունները. «Ցեղակրօնի համար չկայ աւելի մեծ վատութիւն, քան հոգևոր խզումը սերունդների միջև: Նորահաս սերունդը կտրուե՞ց անցնող կամ անցած սերունդներէն – նա էապես կտրւում է մինչ այդ գոյութիւն ունեցող ցեղի արժէքներէն ու սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն»:
Ոչ մի կասկած չկա, որ սերունդների միջև հոգևոր խզումը աշխարհի ամենավատ բանը համարող Նժդեհը, որը ցեղակրոն ուխտերի համար ավելի «մեծ վատութիւն» չի տեսնում, քան կտրվելը «ցեղի սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն», չէր կարող նոր կրոն հիմնել: Այնուհետև Նժդեհը «Ցեղակրօնութիւնն իբրև յաղթանակի զօրոյթ» աշխատության մեջ գրում է, որ ցեղը «ժամանակների վկան է, յաւիտենական հայը, Աստծոյ գործակիցը»: Այստեղ ևս բացահայտ է, որ նա ոչ մի կրոն չի ստեղծում, այլ ցեղը բարձրացնելով հասցնում է Աստծուն՝ այն հռչակելով «Աստուծոյ գործակից»:
Յուրաքանչյուր կրոնի նկատմամբ ցանկացած վերաբերմունք կարելի է պարզել նրա հիմնադրի մասին ասված խոսքերից: Նժդեհը Քրիստոսին ընդունում է որպես Ամենազօր Աստուածամարդ: «Սիրում է նա, – ասում է Նժդեհը, – ո՛վ ուժեղ է, ո՛վ հոգու առատութիւն ունի, ում ուժի բաժակը լցուած է հորդելու աստիճան: Քրիստոս սիրում էր, որովհետև ուժեղ էր… Նա ամենակարողն է, ամենազօր, մենք առնուազն կարող և հզօր պիտի լինենք, որպէսզի կարողանանք սիրել և զոհաբերուել» (Գ. Նժդեհ, Հատընտիր, էջ 66):
Կրոնաբարոյական զույգ առաքելությունները՝ սերը և զոհաբերությունը, Նժդեհը կապում է ուժականության հետ՝ հիմնվելով հոգեբարոյական այն պարզ ճշմարտության վրա, ըստ որի` սերն ու զոհաբերությունը, նույնիսկ իրենց նախնական դրսևորումներով, պահանջում են ուժի, եռանդի արտահոսք, կորով, կենսատու վերաբերմունք, հոգու ջերմություն: Եթե Քրիստոսն ամենազոր է և ամենակարող, ուրեմն, դժվար չէ կռահել, որ նրա սիրելու կարողությունն անհամեմատելի է, այսինքն` բացարձակ է, և կատարյալ, իդեալական օրինակ համայն քրիստոնյաների համար: Նժդեհը ոչ միայն ընդունում է Քրիստոսին որպես Աստծո, որպես Փրկչի, Ուսուցչի և Առաջնորդի, այլև յուրահատուկ կերպով է մեկնաբանում նրա մեծությունը. «Նազովրեցու մեծութիւնը նրա մէջ չէ, որ մի քանի փաստեր թողեց, այլ որ զգայապաշտ մարդկութեանը նոր իդէալներ տուաւ և մի այլ աշխարհի կարօտով հոգիները վառեց…» (Գ. Նժդեհ, Ցեղի ոգու շարժը, էջ 152):
Պատահական չէ, որ Նժդեհն իսկական քրիստոնյա է համարում նրան. «ում մէջ մի քիչ քրիստոսութիւն կայ, մի կայծ ամենազօր Աստուածամարդու հոգուց… Քրիստոնեան նա չէ, ով քրիստոնէութեան վարդապետութեան տարրերը սխալ է հասկացել, ընկել նախապաշարմունքների ցանցի մէջ եւ տկարացել կորչելու աստիճան» (Գ. Նժդեհ, Հատընտիր, էջ 66):
Փարատելու համար այն անհիմն կասկածները բոլոր նրանց մեջ, ովքեր, թերևս թյուրըմբռնման պատճառով, Նժդեհին մեղադրում են նոր կրոն ստեղծելու, քրիստոնեությունը մերժելու կամ դեպի հեթանոսություն վերադառնալու կոչերի մեջ մեջբերենք Գ. Նժդեհի մտքերից մի քանիսը, որոնցով նա արտահայտիչ և պարզ ձևով ներկայացրել է իր վերաբերմունքն Աստծու, քրիստոնեության և հավատքի հանդեպ ընդհանրապես, որոնք այսօր էլ շատ արդիական են. «Առողջ հոգեվիճակ չէ՛ անկրօնութիւնը: Մարդը միշտ էլ նա՛խ հեռանում է իր նմաններից և ապա Աստծուց: Ո՛վ հեռանում է կրօնից՝ անձնասպանօրէն կտրում է իր հոգևոր զարկերակը: Իր Արարչի դէմ գործողը չպիտի քաշուի գործել և իր նմանների դէմ: Կրօնը – իմաստասիրօրեն առնուած – միայն արարածի և Արարչի յարաբերութիւն չէ՛, այլև` մարդու և մարդու, անհատի և հաւաքականութեան, անձի և ճշմարտութեան յարաբերութիւն: Կոյր պատահականութեան ծնունդ չէ՛ տիեզերքը, և ես միակ չեմ տիեզերական անսահմանութեան մէջ – այդ սփոփարար հաւատքն է մեզ տալիս կրօնը: Կրօնաշունչ է ընդհանրապէս կեանքի մասին իդէալիստական ըմբռնում ունեցող ամէն մարդ: Նա, ո՛վ ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաև իր պարտականութիւնը` հանդէպ գերագոյն իրականութեանց – ազգ, հայրենիք, պետութիւն: Ուզու՞մ էք խորապէս ճանաչել մէկին` խօսեցրէք նրան Աստուծոյ մասին, և նա իր պաշտանքի կամ անհաւատութեան միջոցաւ պիտի մատնէ իւր հոգևոր հասակը: Անաստուա՞ծ ես, ասել է` զուրկ ես սրբութեան նուիրումից, պարտականութեան զգացումից, ասել է` վաղ թէ ուշ պիտի դավաճանես նմաններիդ:

Մարդկութեան թշնամի է ամէն գիտնական, երբ թութակում է. «Գիտութիւնը ո՛չ կրօն ունի, ո՛չ էլ հայրենիք»: Մեր երկրագնդի վրայ անհայրենիք, անցեղ, անաստուած է մարդկային տկարութիւնը, ստորութիւնը միայն:
Գիտութիւն, կրօն. սրանք թշնամիներ չեն, այլ զինակիցներ, որոնցից մէկը գործում է մտքի, միւսը` սրտի միջոցով: Չարութիւն է շնչում ամէն անկրօն: Մարդկային անհատը միայն ա՛յն չափով է ընկերային, ինչ չափով, որ դա կրօնաշունչ է: Կրօնապէս տկարացա՞ւ մարդկութիւնը – ահա՛ այլևս երկինք չունի նա. փլաւ նրա յոյսերի աշխարհը. այսօր այնտեղ էլ մահն է գործում իր դէմ… Չկայ մշակոյթ առանց կրօնականութեան զգացումի: Ցամաքում են նրա ստեղծագործ խանդի աղբիւրները, հէնց որ դա դառնում է նիւթապաշտ»:
Նժդեհը այսպես է գրում հայի քրիստոնեական հավատի մասին. «Հեթանոս հայի քաջութիւնը չտկարացաւ նաև քրիստոնէական Հայաստանում: Սխրագործելու իր տենչանքին զուգահեռ` դա ընդունեց արտայայտման մի նոր ձև ևս` նահատակութիւն կամաւոր, որն իր խորքում ոչ այլ ինչ է, բայց եթէ` գիտակցական մահուամբ քաջաբար անմահանալու ձգտումը»:
Բաց նամակ ուղարկելով Մայքլ Առլենին` Նժդեհը գրում է. «Բաներ կան, որոնք յաւիտենական պաշտելի են – Աստուած, Հայրենիք, Մայր – որոնց մասին մարդ արարածը, եթէ հոգեպէս խաթարուած չէ, չի կարող առանց կրօնական յարգանքի խօսել»: Այս նամակում ևս տեսնում ենք Նժդեհի այն մեծ սերը, որ նա ունի դեպի իր հավատի սրբությունները:
Անդրադառնալով Նժդեհի հիմնած ցեղակրոն շարժումներից մեկին` տարոնականությանը, պարտավոր ենք մեջբերել իր իսկ տողերը. «Ի՞նչ է նշանակում, երբ Հայ Եկեղեցին սրբացնում է Մամիկոնեան ոգին, այդ ոգու կրողներին: Արդեօք դա միայն երախտագիտութեան տուրք է, թէ՞ նաև խորագոյն մտահոգութիւն հայրենիքի ապագայի հանդէպ: Սրբացնելով ու յաւերժացնելով Մամիկոնեանների ուխտը` եկեղեցին մեր ժողովրդին տուած է ինքնապաշտպանութեան զէնքերից ամենահատուն ու յաղթականը – «մահ գիտեցեալը»: Հէնց ա՛յդ է տարօնականութիւնը»(Գ. Նժդեհ, Հատընտիր, էջ 342-343):
Նժդեհի մոտ ցեղի ոգու գաղափարը անքակտելիորեն միացած է Քրիստոսի ավանդած արժեքների հետ. «Նազովրեցին կուսուցանէր, թէ մարդուս մէջ ապրող հոգին աւելին արժի, քան ողջ աշխարհը (Գ.Նժդեհ, Հատընտիր, «Որդիների պայքարը հայրերի դէմ», էջ 92): Այստեղ Նժդեհը կամա թե՞ ակամա մեջբերում է Հովհաննու Ավետարանի Զ:64-ը:
«Ոգու ժողովուրդ ենք եւ այդ իսկ պատճառով այն բոլոր անհարազատ հայ հոգու համար: Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը և հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետւողներէն առաջինը եղաւ հայը» (Գ.Նժդեհ, Ցեղի յաւիտենական զէնքը,):

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…


ՍՄԲԱՏ սարկավագ ԽԱՆՎԵԼՅԱՆ

loading...

Կարդացեք նաև

ՇՈՂԱ՜, ՇՈՂԱ՜, ԲԱՐԻ՜ ԱՐԵՎ, ՀԻՎԱՆԴ ԵՄ…

admin

ԵԹԵ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՍ, ԱՊԱ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՍ…

Կրոնի դերը ժամանակակից հասարակության մեջ

admin