Image default
Մշակույթ

«Գրական տապան 2014» միջազգային փառատոնն իր հարկի տակ կմիավորի հայ և օտարազգի գրողներին

22ed0b79852a92389b641b32dbf1a3b7

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում կմեկնարկի «Գրական տապան 2014» միջազգային փառատոնը: Բացման արարողության ընթացքում տեղի կունենա նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:

Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:

Հայ գրչակիցների ընկերակցությամբ՝ փառատոնի արտասահմանցի մասնակիցները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում, մասնագիտական քննարկումներ կունենան և վարպետաց դասընթացներ կանցկացնեն երևանյան բուհերում:

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նախատեսված են նաև մարզային այցելություններ՝ Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Տաթև:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան դահլիճում բրիտանացի հանրահայտ գրող Մեգ Ռոզոֆը կհանդիպի ուսանողների հետ ու կանցկացնի վարպետության դաս «Քրիեյթիվ ռայթինգ» թեմայով. հանդիպումը կանցկացվի անգլերեն լեզվով:

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին, Երևանի Կամերային թատրոնում իր ընթերցողների հետ կհանդիպի լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին, ով այս տարի Հայաստան է եկել հատուկ ծրագրով. սեպտեմբերի 27-ին Երևանի Ռոյալ Թուլիփ Գրանդ հյուրանոցում (նախկին` Գոլդեն Թուլիփ) Վիշնևսկին կմասնակցի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին, աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:

Նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:

«Գրական տապան» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:

«Գրական տապան 2014» միջազգային փառատոն ծրագիր:

Փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ litark.am,facebook.com/litarkfanpage:

loading...

Կարդացեք նաև

Հայկական առաջին ֆիլմը

admin

Բրեթ Փիթթը կազատի կոլումբիական ռազմագերիներին

«Հարրի Փոթերը» ամենաշահութաբեր ֆիլմերի եռյակում է