Image default
Մշակույթ

Գ. Սունդուկյանի անվան թատրոնը հանդես է եկել շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում

Ս. թ. մայիսի 16-ին և 17-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մեծագույն հաջողությամբ հանդես է եկել շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում՝ «Ջոն արքա» ներկայացումով:
Եվ այդ առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին սունդուկյանցիները կներկայացնեն իրենց հաջողություններն ու տպավորությունները հեղինակավոր և դեռևս շեքսպիրյան ժամանակների ավանդույթներն առ այսօր սրբորեն և խստագույնս պահպանող «Գլոբուս» թատրոնից:
Ըստ փառատոնի տնօրինության առաջադրած պայմանների՝ «Գլոբուսի» բեմում բեմադրություններն ընթացել են բացառապես բնական լուսավորության ներքո, առանց բեմական ձևավորման, պարտադիր 2 ժամ 10 րոպե տևողությամբ, երաժշտության կենդանի կատարումով և մասնակից երկրի մայրենի լեզվով /հանդիսատեսին տրամադրվել է միայն պիեսի համառոտագրությունը` անգլերենով/: Կազմակերպիչների կողմից սահմանափակվել է նաև դերասանական կազմը. ելնելով թատրոնի բեմական հնարավորություններից «Ջոն արքայի» 24 կերպարների փոխարեն «Գլոբուսում» հանդես են եկել 10-ը դերասան և 3 երաժիշտ /երաժշտությունը գրվել է հատուկ այս ներկայացման համար և օգտագործվել են ազգային նվագարաններ. կլարնետ, դուդուկ, զուռնա, շվի, դհոլ/:
Հիշեցնենք, որ փառատոնի կազմկոմիտեն աշխարհի ավելի քան 200 երկրների թատրոններից ընտրել է 37 լավագույներին, այդ թվում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին: Ի դեպ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի տեղեկացմամբ «Ջոն արքան» Շեքսպիրի օրերից ի վեր՝ «Գլոբուս» թատրոնում մինչ այս երբևէ չէր ներկայացվել: Հատկանշական է նաև, որ Հայաստանի մասնակցությունը բարձր է գնահատվել փառատոնի տնօրինության կողմից: Տնօրեն Թոմ Բըրդի և գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլի հավաստմամբ սունդուկյանցիների խաղը եղել է անզուգական, իսկ պիեսի լուծումները՝ հետաքրքիր ու գտնված: Սունդուկյանցիների «Ջոն Արքային» բազմիցս անդրադարձել է նաև լոնդոնյան մամուլը:
Իսկ հայ թատերասեր հանրության համար «Ջոն Արքայի» երևանյան առաջնախաղը դեռ առջևում է:
ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին մասնակցում են. ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյսանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին տնօրեն Ստեփան Դավթյանը, բեմադրիչ Տիգրան Գասպարյանը, դերասաններ՝ Արմեն Մարությանը /Ջոն Արքա/, Տիգրան Ներսիսյանը, Ալլա Վարդանյանը, Նելլի Խերանյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լիանա Արեստակյանը, Գնել Ուլիխանյանը, Դավիթ Գասպարյանը, Արմեն Մարգարյանը, Արամ Հովհաննիսյանը, երաժիշտներ՝ Արտակ Ասատրյանը, Խոսրով Մնացականյանը, Մհեր Մնացականյանը:

loading...

Կարդացեք նաև

«Գայթակղված և լքված»

admin

Իր մահկանացուն կնքեց Արմեն Հովհաննիսյանը

Այսօր Ռոբերտ ամիրխանյանի ծննդյան օրն է

admin