Image default
Մշակույթ

Ես ուզում եմ մարդկանց երջանիկ տեսնել

Օգոստոսի 17-ին «Հասարակություն առանց բռնության» հկ-ում ցուցադրվել էր Ռոբերտ Դավիդյանի «Հայ ակտիվիստներն հիմա» ֆիլմը : Այն 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված հասարակական շարժումների մասին է: Ֆիլմում 2008 թվականը որակվում է որպես «զարթոնքի նոր ժամանակահատված», որը փոխեց մարդկանց մտածողությունը` նրանց դարձնելով ավելի նախաձեռնող և փոփոխություններ կատարող: Ֆիլմում խոսվում է կոռուպացված պետական համակարգի և այն մարդկանց մասին, ովքեր փորձում են վեր լինել օրենքից: Կարծիք է հնչում, որ մարդիկ չեն պայքարում, որովհետև կարծում են` օրենքում չեն կարող փոփոխություն կատարել, որովհետև շատ հաճախ կաշառքը միակ ճանապարհն է լինում իրենց երեխաների ապագան կառուցելու համար: Սակայն երբ մարդիկ չեն զգում, որ իրենք այս երկրի քաղաքացի են, և նրանց ձայնը հարգված չէ, ուղղակի ուզում են փախչել Հայաստանից: Ռեժիսորն անդրադարձել է նաև բնապահպանական, առողջապահական խնդիրներին առնչվող «Մի քայլիր Թեղուտի վրայով», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Չ’ծխել» և այլ շարժումների: Ինչպես ակտիվիստներն են պատմում` կառավարությունը տեղեկություն չունի և տեղեկատվություն չի տրամադրում հանրային առողջության մասին` հաճախ թույլ տալով «հանքարդյունաբերողներին» իրենց գործունեությունը շարունակել առանց բնապահպանական փորձաքննության: «18-20 տարեկան երիտասարդները մահանում են բանակում, և նրանց սպանողներին երբեք չեն բանտարկում»,-ահա մյուս խնդիրը, որի մասին խոսվում է ֆիլմում: Իսկ կանանց հիմնախնդիրների, ընտանեկան և սեռական բռնության, գենդերային անհավասարության, կենդանիների մասսայական ոչնչացման հետ կապված հիմնահարցերը ներկայացնում են «Ո’չ ընտանեկան բռնությանը», «ՄԻԱՎ»-ով մահացածների հիշատակին, հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված, ինչպես նաև «Դելֆինարիում»ի կառուցումը դադարեցնելուն ուղղված և այլ ակցիաների կազմակերպիչները, ովքեր մարդկանց կոչ են անում միասին լինել, պայքարել համառորեն ու եռանդուն կերպով, քանի որ ժողովրդավարության հիմքը իրենց առօրյային առնչվող որոշումների կայացմանը միասին մասնակցելն է:

«Հասարակություն առանց բռնության» հկ-ի ծրագրերի համակարգող Աննա Նիկողասյանը պատմում է, որ ֆիլմի ընտրությունն ամենևին էլ պատահական չէր. «Այն վերաբերում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը և հայ ակտիվիստների տարաբնույթ շարժումներին մեր երկրում: Մենք այսպիսով փորձում ենք քաջալերել երիտասարդներին, որ ավելի ակտիվ լինեն»: Հասարակական ակտիվիզմը որակելով որպես պայքար հասարակության մեջ տիրող անարդարության և մարդկանց իրավունքների ոտնահարման դեմ` Աննան նկատեց, որ այդ ոլորտում բավականին մեծ առաջընթաց կա: Կանանց իրավունքների պաշտպանության ինստիտուտը ևս աստիճանաբար աճ է գրանցում: Սակայն հկ-ների ավելի ակտիվ գործունեությանը խոչընդոտում են կարծրատիպերը, մարդկանց մտածելակերպը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կամ ավելի բարձր օղակներում գտնվող անձանց քննադատական վերաբերմունքը:

Ցուցադրությանը ներկա էր նաև ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ Դավիդյանը: «1995 թվականից եկել եմ Հայաստան և շատ ընկերներ եմ այստեղ ձեռք բերել: Նրանցից ոմանք ասել են, որ իրենք այստեղ երջանիկ չեն և ոչ մի հույս չունեն երջանիկ լինելու: Հույս չունենալը ամենավատ բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Ես մտածեցի, որ կարող եմ օգնել իմ ընկերներին` ոգեշնչելով նրանց դառնալ ակտիվիստ: Ուզում եմ, որ ժողովրդավարական պետություն ստեղծվի, որ նրանք ոգեշնչվեն, և հույս առաջանա: Ես ուզում եմ մարդկանց երջանիկ տեսնել»,-մեզ հետ հարցազրույցում նշեց Ռ. Դավիդյանը: Հայազգի ռեժիսորը հավատում է, որ հասարակական շարժումները մեծ հեռանկարներ ունեն Հայաստանում, թեև շատ երիտասարդ են: Նկատել է, որ այստեղ ակտիվիստները հաճախ պայքարում են կառավարության դեմ` ընդունելով, որ այն ուժեղ է: Ռեժիսորի դիտարկմամբ` կառավարությունը չի կարող ճնշել և բռնություն կիրառել մարդկանց հանդեպ, եթե ակտիվիստները հանգստություն պահպանեն և միայն խոսքի ու գաղափարների միջոցով գործեն: Նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանում կգործի այն ժամանակ, երբ օրենդիր մարմինը կառավարությունից և նախագահից առկախ որոշումներ կկայացնի` որպես առանձին մարմին: Համոզված է, որ հասարակական գիտակցության վրա նման ֆիլմերի ունեցած ամենամեծ ազդեցությունը ոգեշնչում առաջացնելն է և գաղափարներ հաղորդելը այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են որևէ փոփոխություն կատարել հասարակության մեջ: «Եթե ցանկանում եք, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական երկիր, պետք է ակտիվ լինեք ու պայքարեք ժողովրդավար երկրի համար»,-ավելացրեց Ռոբերտ Դավիդյանը` բոլորին կոչ անելով միանալ Ֆեյսբուքում գործող «Հայ ակտիվիստները հիմա» խմբին:

Նարե Հովհաննիսյան

loading...

Կարդացեք նաև

Շիրվանզադեն Բրիտանական Թատրոնում

Սուսի Միսակյան

Դիսնեյը չինական «Սպիտակաձյունիկ» է նկարում

Սուսի Միսակյան

Օսկար-2012 . Նոմինանտներն արդեն հայտնի են

admin