Image default
Հասարակություն

Երկրապահի մենախոսությունը

ekm-building_0Ծնվեցի մի երկրում, ուր դարեր շարունակ խոսել են հաղթանակների մասին եւ դարեր շարունակ պարտվել: Այն ժողովուրդը, որ ինձ շունչ ու հոգի տվեց, զորավարներ ծնող ժողովուրդ էր: Ծնում էր զորավարներ ու նվիրում  այլ ժողովուրդների: Այդ ժողովուրդներն էլ բանակներ ծնող ժովովուրդներ էին: Պարտվող ժողովրդի ծնած Զորավարները մեծ հաղթանակներ պարգեւեցին բանակներ ծնող ժողովուրդներին: Գեորգի Խան անունով մի հայորդի Հնդկաստանն ազատագրեց անգլիացի գաղութատերերից եւ ասաց` վայելիր քո անկախությունը, իմ հնդիկ բարեկամ: Մյուրատ անունով մի հայորդի մեծն Բոնապարտի աջ ձեռքը դարձավ եւ հանդգնեց թագավորել այլ երկրում: Ծով չունեցող երկիրը ծովակալներ պարգեւեց Ռուսաստանին: Թագավոր չունեցող երկիրը թագավորներ պարգեւեց Բյուզանդիային: Բռնադատված երկրի ծնած զորավարները պատմություն էին կերտում աշխարհի համար, իսկ Անդանիկ անունով զորավարը, որ խենթություն ունեցավ զորավարել իր երկրում, մնաց մենակ: Մնաց` անբանակ: Անբանակ Անդրանիկ Օզանյանի հաղթանակներն ընդամենը հայ ժողովրդի արժանապատվությունը փրկելու հուսահատ փորձեր էին: Եվ ողբերգությունը, որ այդ հանճարեղ, անբանակ եւ ուրեմն` չկայացած, Զորավարի ամբողջ կյանքի ուղեկիցն էր, տարավ նրան անզորք Զորավարների երկրից:
Տխուր է, բայց փաստ, որ ծնվեցի Անդրանիկ Զորավարի ողբերգությունից:
Ես Երկրապահ եմ: Իմ անունը ես չեմ գնել պատմությունից, այն ես վաստակել եմ կյանքով: Ես դափնեպսակ չեմ ուզում իմ ժողովրդից: Ամենագեղեցիկ դափնեպսակը` հաղթանակը, ինքս եմ պարգեւել նրան: Ես ուզում եմ, որպեսզի իմ ժողովուրդն ինձ գնահատի ու հասկանա: Դա հենց ժողովրդին է պետք: Ես ուզում եմ քերել «անբանակ Զորավարների երկիր» անեծք-հայոյանքն իմ ժողովրդի ճակատագրից: Ուզում եմ, որ բոլորս` առեւտրական, պոետ, քարագործ, թե քաղաքագետ, ուսանենք Անդրանիկ Զորավարի ողբերգությունը:
Ինձ խեթ աչքով մի նայիր, իմ ընդդիմություն-բարեկամ, ես պաշտպանում եմ այն պետությունը, որն այդքան հանդուրժող է քո հանդեպ: Վաղը, եթե խոհեմություն եւ քաջություն ունենան, արժանանալու այս երկիրը ղեկավարելու պատվին, ես եմ քեզ պարզճակատ անելու: Ուզո՞ւմ ես, պարզ կասեմ` այս պետությունը քեզ ավելի է գնահատում, քան ինձ: Ինձ տվել է արյուն թափելու եւ լռելու, իսկ քեզ` իրեն հայհոյելու եւ իշխանության տիրանալու իրավունք: Իմ երազները պատերազմական  մղձավանջերն են, քոնը` թագավորական ճոճաթոռը:
Իմ մեջ ոստիկան մի փնտրիր, իմ իշխանություն-բարեկամ, պետության հանդեպ իմ սերն իշխանությանը նվիրվածություն մի կարծիր: Ես իմ ուժը գիտեմ, իմ սերը գիտեմ եւ գիտեմ այն դաշտը, ուր իմ ուժն ու սերը օգտագործելու են: Ես Երկրապահ եմ, չգնահատված լինելու փաստն իմ մեջ չարության չի վերածվում: Իշխանավորների եւ ընդդիմադիրների ունեցվածքին աչք չունեմ: Ես իմ ապրելու ձեւն ունեմ, դուք` ձերը:

Ես ծնվեցի մի երկրում, ուր պարտվում, բայց խոսում են հաղթանակների մասին: Իմ որդին կծնվի մի երկրում, ուր հաղթում եւ պահպանում են այդ հաղթանակները:

loading...

Կարդացեք նաև

Երրորդ համ՝ գինու և ուտեստի «ամուսնությունից»

admin

«Չենք լռելու», որ մեր տղերքը ծառայեն հանգիստ.

admin

Անհավատարիմ ամուսնուն սեռական կտտանքների են ենթարկել