Image default
Մշակույթ

Համաշխարհային արվեստի գանձերից. «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում»

 

f95katolikՏարիներ առաջ՝ 1990 թվականին, Հայաստանի Ալ. Մյասնիկյանի անվան հանրային (այժմ՝ Ազգային) գրադարանից հափշտակվեց մի կտավ։ Այսօր այդ մասին շատերն այլեւս չեն հիշում։ Մեծադիր այդ կտավը, որ պատկանում էր Հովհաննես Այվազովսկու վրձնին, այդպես էլ չհայտնաբերվեց։
Հափշտակված կտավի մասին վերհուշը, սակայն, բոլորովին այլ պատճառ ունի. այն Այվազովսկու նվերն էր Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին։
Հայտնի է, որ 1895թ. Մկրտիչ Խրիմյանը Պետերբուրգից Էջմիածին վերադարձի ճանապարհին Այվազովսկու հրավերով ացելել է Թեոդոսիա։ Մեկշաբաթյա այս այցի ընթացքում է, որ կաթողիկոսին հյուրընկալելով իր տանը, նկարիչը ստեղծել է Հայրիկին պատկերող կտավը՝ «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում»։ Այն այժմ ցուցադրվում է Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու տուն-թանգարանում։
Հայտնի է նաեւ, որ Հովհաննես Այվազովսկին կաթողիկոսին է նվիրել մեկ այլ գործ։ Այս մասին է փաստում Խրիմյան Հայրիկի կոնդակներից մեկը, որ ժամանակին տպագրվել է պաշտոնական ամսագիր «Արարատում»։ Թեոդոսիա այցից ամիսներ անց Խրիմյանն այդ կոնդակով շնորհակալություն է հայտնել նկարչին՝ հյուրընկալության եւ Էջմիածնի նորակառույց թանգարանին արված նվիրատվության համար, նշելով, որ այն «հասել է մեզ անեղծ եւ ապահով»։
Թե հատկապես ինչ նկար էր Այվազովսկին նվիրել Էջմիածնի թանգարանին, քիչ բան էր հայտնի։ Ասենք, որ Խրիմյանի կոնդակում նկարագրվում է նաեւ նկարի բովանդակությունը, որից պարզ է դառնում, որ նկարը աշխարհի արարչագործության թեմայով է։
Վերջերս Խրիմյանին ընծայված նկարի պատմությանը հանդիպեցի 1897թ. Պետերբուրգում լույս տեսած «Արաքս» հանդեսում։ Հայալեզու այս հանդեսում կա նաեւ նկարի վերատպությունը՝ «Տիեզերք» անվամբ։ Ցույց տալով վերատպությունը արվեստաբան Շահեն Խաչատրյանին՝ պարզվեց, որ այն ավելի քան 20 տարի առաջ հանրային գրադարանից հափշտակված Այվազովսկու կտավն է, որ շրջանակից բարբարոսաբար առանձնացրել էին կտրելու միջոցով։ Նույնը հաստատեց նաեւ Ազգային գրադարանի աշխատակիցը։
Ընդ որում՝ 1864թ. ստեղծված այդ կտավի վերատպությունը տեղ չի գտել խորհրդային շրջանի եւ ոչ մի ալբոմում։ Այն կարելի է հանդիպել միայն 1901-ին՝ կրկին Պետերբուրգում հրատարակված «Այվազովսկին եւ նրա ստեղծագործությունը» հատորում։ Միակ տարբերությունը՝ «Արաքսում» այն կոչվում է «Տիեզերք», իսկ ռուսական հրատարակության մեջ կտավը հիշատակված է նաեւ «Աշխարհի արարչագործություն» անվամբ։ Պատկերը նույնն է. հրեշտակներով շրջապատված Արարիչը սլանում է երկնակամարով։
«Այս նշանավոր հույժ մեծ դիրքով պատկերը պատկառելի նկարիչը նվիրել է Սբ Էջմիածնի թանգարանին՝ ի հիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մկրտիչ Ա.-ի նորան արած այցելությանը Թեոդոսիայում»,- գրում է «Արաքսը»։
Իսկ ինչպե՞ս էր Խրիմյանին ընծայված կտավը հայտնվել հանրային գրադարանում։ Հայտնի է, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո Մայր Աթոռում պահվող ձեռագրերն ու թանգարանային շատ նմուշներ պետականացվել են։ Դրանք հետագայում տեղափոխվեցին Երեւան։ Այվազովսկու այս գործը ժամանակին հանձնվել է Մատենադարանին։
Սակայն մինչ Մատենադարանի շենքի կառուցումը՝ 1950-ականների վերջերը, բազմաթիվ ձեռագրերի հետ այս կտավը եւս ի պահ է տրվել հանրային գրադարանին։ Հետագայում՝ Մատենադարանի շենքի կառուցումից հետո, կտավը իր մեծ չափերի պատճառով (ըստ Շ.Խաչատրյանի՝ ավելի քան 200×300 սմ) շարունակել է փակցված մնալ այսօրվա Ազգային գրադարանի հին մասնաշենքի երկրորդ հարկի սրահներից մեկում։
Այվազովսկու այս կտավի մասին «Արաքսը» հետաքրքիր տեղեկություն է հաղորդում։ Հանդեսը նշում է, որ երբ այն 1894թ. ցուցադրվել է Պետերբուրգում, աշխույժ քննարկման նյութ է դարձել այն, որ նկարիչը ճիշտ չի պատկերել մոլորակների եւ Երկրի դիրքը։
Հակառակ այս վեճերի՝ Գլազենապ անունով անվանի մի աստղագետ, հափշտակված կտավով, համեստաբար բացականչել է. «Իրոք որ մենք՝ աստղաբաշխներս, այլ կերպ ենք պատկերացնում տիեզերքը, քան այն, ինչ ներկայացված է սույն պատկերում։ Բայց այն, ինչ գիտության մեջ համարվում է ենթադրություն, նկարչի հանճարը ավելի ճիշտ վճռում է իր երեւակայության ուժով»։
Այսօր Մայր Աթոռի թանգարաններում պահվում են Այվազովսկու մի քանի ծովանկարներ։ Խրիմյանին նվիրած Այվազովսկու կտավի տեղը անհայտ է։

 

ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

loading...

Կարդացեք նաև

Ողբերգական սեր Օպերայի բեմում

admin

«Շատ սարսափելի ֆիլմ»-ի շարունակությունը

admin

Ես ուզում եմ մարդկանց երջանիկ տեսնել

admin