Image default
Հասարակություն

Ուզում ենք, որ Տաիշան շարունակի գրել

Ֆեյսբուքում հայտարարություն կարդացի, որ օգոստոսի 3-ին Նարեկացի արվեստի միությունում հանդիպում է լինելու ժամանակակից գրող Տաիշա Աբելարի հետ: Գնացի՝ չիմանալով՝ հայ գրող է, թե ոչ: Չէի կարդացել այդ հեղինակին: 15 րոպե շուտ գնացի, 15 րոպե էլ սպասեցի, մինչև հանդիպումը սկսվեց: «Ինչպես գիտեք, ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը ժամանակակից հեղինակներից մեկի հետ Նարեկացի արվեստի միությունում հանդիպում ենք կազմակերպում: Այս անգամ մեր հյուրն է Տաիշա Աբելարը»,-ներկայացրեց Նանոր Պետրոսյանը: Գրողը հայ էր, հայտնի, պարզապես ես չէի ճանաչում: Մոտեցավ Տաիշան, բարևեց ու ասաց, որ պատմվածքներ կկարդա «Տղա հավանելու վերջը» գրքից: Ու հանկարծ հիշեցի, որ գրքի շնորհանդեսի հրավերը ստացել էի ֆեյսբուքով: Չէի գնացել շնորհանդեսին ու չեմ հիշում՝ ինչու: Կարդաց «Տղա հավանելու վերջը» և «200 դրամանոց ընտրություն» պատմվածքները: Գրքի մնացած պատմվածքներն ու «Երազ» շարքից ստեղծագործություններն էլ ես կարդացի տանը, հանդիպումից հետո 6 օրվա ընթացքում: Ու կարդացի ոչ մի շնչում, ինչպես բոլորն են ասում: Կարդացի դանդաղ՝ վայելելով համարձակ աղջկա յուրաքանչյուր տողի վայրի քաղցրությունը: Ու կարդալուց հետո հասկացա, որ Տաիշայի դեպքում, իհարկե, տեղին, բայց փոքր-ինչ «դասականոտ» էին բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի խոսքերը. «Տաիշան ասելիք ունի: Գուցե և մեր գրականության համար Տաիշայի լեզուն նորություն չէ, բայց նորություն է ասելիքի մատուցման ձևը: Իր զայրույթի հետ ես էլ զայրանում էի, ուրախության հետ՝ ուրախանում: Գիրքը ինձ փուլ առ փուլ տանում էր այն բոլոր վայրվերումների միջով, որոնք կատարվում էին պատմվածքների մեջ:

Ինձ ապշեցնում է Տաիշայի կիրառած գրական հնարանքը: Ինքը հասու է այդ հնարանքներին, որով կարողանում է իր ասելիքը պայծառորեն ներկայացնել»: Հասկացա նաև, թե ինչքան ճիշտ էր Նանոր Պետրոսյանը, երբ ասում էր. «Մենք կասկածի տակ ենք դնում Տաիշային, որ ինքը լինի: Ես կասկածում եմ նրա վրա, որովհետև ուզում եմ, որ Տաիշան շարունակի գրել»: Նախքան տպագրվելը Տաիշան իր ստեղծագործությունները http://taisha48.livejournal.com բլոգում է տեղադրել. «Նախկինում գրողը պետք է ամսագրում տպագրվեր և տպագրվելուց հետո ընթերցողից արձագանք ստանար: Պարզ է, երբ հարնայնացվում ես, քեզ համար հետաքրքրիր են դառնում արձագանքները, ուզում ես իմանալ՝ քեզ համար ես գրում, թե ոչ: Մինչև համացանցի առկայությունը միգուցե գրողներն իրենց ստեղծագործություննեը պետք է տանեին գրողների միություն: Ես դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ ունեցել: Կար բլոգը, որի շնորհիվ ես իմ ընթերցողների հետ անմիջական կապ ունեի, որոնք կարդում էին, մեկնաբանում էին: Այն ինձ հնարավորություն էր տալիս, որպեսզի հետեի, թե ինչքան շատ են ինձ կարդում: Ես դրանից  շատ լիցքեր էի ստանում: Այդ առումով բլոգն իմ կյանքում շատ կարևոր դեր է խաղացել: Ես դրանով հայտնի դարձա: Ճիշտ է, բլոգով սկսեցի, բայց այդ պատմվածքները պետք է ամբողջացնես, տպագրես, քանի որ մեր դարում տպագիր գիրքը դեռ արժեք է»: Ու այդ գրքում ես ամենաշատն այս տողերն եմ կարդում. «Ես միշտ էլ կարող էի նախընտրել գործողությունների ցանկացած ընթացք ու կողքից դիտել դրան հաջորդող դեպքերը: Սակայն ես գերադասել էի լինել նույն գործողության գլխավոր հերոսն ու ինձ պարտադրել սրտիս ամեն մի ծալքով իրականություն որակելու երազներս: Դա հետևանքով սրտս պարբերաբար մորթվում էր»: Իսկ գիրքը փակելուց և մի կողմ դնելուց հետո մտքիս մեջ դեռ երկար կրկնվում է Տաիշայի վերջին գրառումը. «Ես ցանկանում եմ, որ մահն ինձ գտնի սեր անելիս»:

 

 

Նարե Հովհաննիսյան

loading...

Կարդացեք նաև

2015 թվականին թղթե փողեր չեն լինի

Սուսի Միսակյան

Ինչպես գովազդը փոխեց կանանց սովորությունները

admin

Աշխարհն առանց սովի

admin