Image default
Հասարակություն

«Ռեալ»-ի իսկական երկրպագուն պետք է հենց «Բարսա»-ին երկրպագի

patrasti3

«Սա պատմական հնարավորություն է և մենք պետք է օգտագործենք այն» – կատալոնյան «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան, կատալոնացիների նորընծա ավագ Չավիի խոսքերն են՝ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրի մասին:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2013/2014 մրցաշրջանն իսկապես պատմական կարելի է համարել: Նախ՝ միշտ չէ,  որ չեմպիոնական մրցավազքի ինտրիգը շարունակվում է մինչև վերջին տուրը, բացի այդ վերջին տասնամյակում երկրի չեմպիոնի տիտղոսը բաժին էր ընկնում բացառապես միայն «Բարսելոնա»-ին (2005, 2006, 2009, 2010, 2011, 2013) և «արքայական» ակումբին (2007, 2008, 2012): Մայիսի 17-ը կարող է վճռորոշ լինել այդ, այսպես ասած, «ավանդույթի» խախտման գործում:

Սերուցքայիններին և կապտանռնագույններին այս տարի «մենաշնորհից» զրկել կարող է «Ատլետիկոն»,  որը Լա Լիգայում վերջին անգամ հաղթել է դեռևս նախորդ դարում՝ 1996 թվականին: Մադրիդյան ակումբն այս մրցաշրջանում հնարավորություն ունի նաև առաջին անգամ դառնալու Չեմպիոնների Լիգայի հաղթող:

Վերջին՝ 38-րդ տուրին ընդառաջ Իսպանիայում առաջատար եռյակի պատկերն այսպիսին է.

Ատլետիկո Մադրիդ              գոլեր.      76:25                 միավորներ.           89

Բարսելոնա                          գոլեր.       99:32                 միավորներ.          86

Ռեալ Մադրիդ                      գոլեր.       101:37               միավորներ.          84

 

Թեպետ ասում են, որ սպորտն ազգություններ չի ճանաչում, այնուամենայնիվ, հայ երկրպագուների շրջանում «Ատլետիկո»-ի հաղթարշավը ոչ միանշանակ ընդունվեց, իսկ որոշ հանդիպումներ հայկական հեռուստաընկերությունները հրաժարվեցին հեռարձակել՝ հաշվի առնելով ակումբի հովանավորին:

Ստեղծված դրությունում ու՞մ են երկրպագելու «Ռեալ»-ի հայ երկրպագուները վերջին տուրում և ու՞մ՝ «Բարսա»-ի երկրպագուները Չ/Լ եզրափակչում («Ռեալ» – «Ատլետիկո», մայիսի 25, Լիսաբոն, «Էստադիո դա Լուժ»):

Ֆուտբոլասեր, կապտանռնագույնների նվիրյալ երկրպագու Խորեն Թևանյանն, ինչպես ինքն է նշում, «միանշանակ «Ռեալ»-ի կողմից կլինի».

-Կարող ենք պատմական իրադարձության ականատես լինել՝ դեցիմային («Ռեալ»-ի 10-րդ Չ/Լ գավաթին), չնայած, որ այս մրցաշրջանի «Ատլետիկո»-ն չափազանց համակրելի թիմ է, անկախ իր հովանավորից: Անձամբ ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում նման բաների: Բայց կարծրատիպերն այնպես են, որ կարող ես խաղարկել նաև այդ լարի վրա: Դա էլ մեզ՝ հայերիս համար է պատմական: Չնայած, «Ռեալ»-ի իսկական երկրպագուն պետք է հենց «Բարսա»-ին երկրպագի, որովհետև իրենց պատմական թշնամին հենց «Ատլետիկո»-ն է:

«Ռեալ Մադրիդ» ֆեյսբուքյան էջի համահիմնադիր Գևորգ Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ մադրիդիստը նախ և առաջ հայրենասեր է.

-Ինչքան էլ «Բարսա» չսիրեմ, բայց ես նաև հայրենասեր եմ ու իմ ազգայինը վեր է ամեն ինչից, ես կնախընտրեմ «Բարսելոնա»-ին: Ինչքան էլ ինձ քննադատեն, ինձ համար միևնույն է:

ArmSport.am կայքի լրագրող, «Բարսելոնա»-ի մեծ երկրպագու Արման Առաքելյանի կարծիքով «այստեղ հայ լինելը չափանիշ չէ», թեպետ իր նյութերի համար այնպիսի նկարներ է ընտրում, որտեղ «Ատլետիկո»-ի խաղաշապիկների գրությունը չի երևում, իսկ մայիսի 24-ին հենց նրանց էլ կերկրպագի:

-Mes que un club Barca. կատալոնա-մադրիդյան դիմակայությունն, ամեն դեպքում, վերերկրյա է… հարգում եմ «Ռեալ»-ին «Ատլետիկո»-ից շատ, բայց… կա «Բարսա»: Ինձ համար պարտություններ ու հաղթանակներ չկան, ինձ համար կա հավերժ mes que un club,- նշեց Արմանը, միաժամանակ ավելացնելով, որ, երբ նյութ գրի, կընտրի այնպիսի նկար, որտեղ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները մեջքով կլինեն կամ էլ կսպասի մինչ խաղի ավարտը. «Օրինակ մարզաշապիկները փոխանակելուց»:

RealMadrid.am կայքի համահիմնադիրներից Ռոբերտ Մարկոսյանի սպասելիքներն ի նպաստ հարազատ ակումբի են – «Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղից ոչ-ոքի է ակնկալում.

-Եթե «Ատլետիկո»-ն հաղթեց, ինչը շատ ավելի հավանական է, ավելի հանգիստ կմոտենա Չ/Լ եզրափակչին… ինչը «Ռեալ»-ի շանսերն ավելի կմեծացնի: «Բարսա»-ից սպասելիքներս քիչ են:

Barca.am կայքի գլխավոր խմբագիրը իրավիճակին նայում է որպես մարզասեր և որպես կատալոնցիների երկրպագու, Վահե Աղաջանյանը եվրոպական ակումբային գլխավոր եզրափակչում կերկրպագի «Ատլետիկո»-ին:

-Անիմաստ եմ համարում «Ատլետիկո»-ի հովանավորի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը: Ես սպորտին վերաբերվում եմ որպես սպորտ, այլ ոչ թե քաղաքականություն: Նույն կերպ կարող էր «Ադրբեջան»-ը հովանավորել «Բարսա»-ին կամ «Ռեալ»-ին, ի՞նչ է, միթե՞ մենք կամ «Ռեալ»-ի երկրպագուները դադարելու էինք երկրպագել մեր սիրելի թիմին:

 

Այն, որ մայսի 17-ին և 24-ին կայանալիք խաղերից հետո ֆուտբոլային կրքերը Պիրենեյան թերակղզում կբորբոքվեն ավելին, քան երբևէ, պարզ է ֆուտբոլից քիչ, թե շատ հասկացող ցանկացածի, բայց, ինչպես ընդունված է ասել սպորտում՝ թող հաղթի ուժեղագույնը:

Իսկ հայ երկրպագուներիս մնում է միայն զերծ մնալ իսպանական ծայրահեղություններից և մեր ողջ էներգիան պահել մեր Ազգային հավաքականին՝ Ալժիրի հետ առաջիկայում կայանալիք ընկերական խաղում սատարելու համար:

 

                                                                                                                                                                                                                                                                                       Իրինա Հախունց

 Աղբյուրը՝ http://normitq.am/ancudardz/sport/2125-reali-iskakan-erkrpaguner

loading...

Կարդացեք նաև

Հիշատակություն Ղազարու Հարության

admin

2015 թվականին թղթե փողեր չեն լինի

Սուսի Միսակյան

1997թ. սեպտեմբերի 5-ին մահացավ Մայր Թերեզան

admin