<

Ռոբերտ Էլիբեկյան`«Ամենակարևորը մարդկային հարաբերություններն են»

Հեշտությամբ անել այն, ինչ ուրիշների համար դժվար է, տաղանդ է. անել այն, ինչ տաղանդի համար անհնարին է, հանճար է: Ամիելի այս խոսքերով կարելի է բնութագրել ժամանակակից հայ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին:  Ժամանակն ու Էլիբեկյանը տարօրինակ կապվածություն ունեն. և´ պայքարում են իրար դեմ, և´  սնում են իրար:

 

-Պարո´ն  Էլիբեկյան, ե՞րբ  և  որտե՞ղ  եք  սովորել:

-Նախ ասեմ, որ ծնվել  և մեծացել  եմ Թիֆլիսում: Այնտեղ էլ փորձեցի  շարունակել  ուսումս: Դիմեցի  Թիֆլիսի գեղարվեստի ինստիտուտ, սակայն չընդունվեցի: Եղբայրս` Հենրի Էլիբեկյանը, այդ տարիներին գտնվում էր Երևանում: Ես էլ քաջ ծանոթ լինելով երևանյան անցուդարձին` որոշեցի ուժերս փորձել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Բախտը ժպտաց ինձ, և ես ընդունվեցի:

-Ինչպիսի՞ն  էին  Ձեր ուսանողական տարիները:

-Ուսանողական կյանքս հագեցած է եղել բազում հետաքրքիր իրադարձություններով: Նոր էի ընդունվել ինստիտուտ, երբ Ռուդոլֆ Խաչատրյանը ինձ տարավ Երվանդ Քոչարի արվեստանոց: Այդ ծանոթությունն ինձ համար մեծ դեր է ունեցել, քանի որ  ինստիտուտին զուգահեռ ոչ պակաս կյանքի դասեր է ինձ  տվել Երվանդ Քոչարը: Ամեն օր դասերից հետո գնում էի արվեստանոց,կարգի բերում այն և սպասում վարպետի գալուն: Այդ տարիներին հաճախ էին կազմակերպվում ցուցահանդեսներ, որտեղ ամենաճիշտ ու պարզ խոսքը պատկանում էր Քոչարին:

-Մեզ հայտնի է, որ Էդուարդ Խարազյանը և Արա Շիրազը Ձեր ուսանողական ընկերներն են: Գիտենք նաև, որ այդ ընկերությունը շարունակվում է մինչ օրս: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:

-Ինչպես ասել է Անտուան դը Սենտ Էկզյուպերին`«ամենակարևորը մարդկային հարաբերություններն են»: Ես միշտ շրջապատված եմ եղել լավ ընկերներով: Իմ լավագույն ուսանողական ընկերներից է նաև կինոռեժիսոր Ջուլիետ Կաժոյանը, ով ներկայումս զբաղված է ինձ նվիրված ֆիլմի նկարահանումներով:

-Ի՞նչ տարբերություն  եք տեսնում Ձեր ժամանակի և ներկայիս ուսանողների միջև:

-Ներկայումս երիտասարդները ստեղծագործելու համար ունեն բազմաթիվ հնարավորություններ`թուղթ, մատիտ, գուաշ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է նկարչին: Իսկ իմ ժամանակ հնարավորություններն ավելի սահմանափակ էին, սակայն մենք հոգևոր սնունդ ենք ստացել այնպիսի մեծություններից, ինչպիսիք են` Հրաչյա Ներսիսյանը, Երվանդ Քոչարը, Կոստանդ Զարյանը և այլք:

-ՈՒնեցե՞լ եք արդյոք նվիրական երազանք, որն  իրականացել է:

-Ինչպես ասում էր Քոչարը` «Պետք է բարձրանաս գագաթը, եթե չես կարող հասնել գագաթին,  փորձիր  գոնե  կեսին հասնել, այլապես  անդունդը  կընկնես»: Ես այսօր հասել եմ իմ երազանքին: Բազմաթիվ  երիտասարդներ  գալիս են իմ ցուցադրություններին,  և  դա ինձ համար  ավելին  է,  քան երազանքը:

-Արվեստի  մեջ  հիասթափության  պահեր  ունեցե՞լ եք:

-Դե իհարկե, ունեցել եմ, սակայն  ես գտնում եմ, որ յուաքանչյուր մարդ պետք է ուժեղ լինի թե´ հոգեպես և թե´ ֆիզիկապես ու  կարողանա  իր  մեջ ուժ  գտնելով` հաղթահարել ամեն տեսակի փորձություններ: Այդ տարիներին շատ ուսանողներ հիասթափության  պատճառով  կոտրվեցին,  և մենք կորցրինք շատ տաղանդավոր նկարիչների:

– Իսկ երբևէ մտածե՞լ եք` եթե չդառնայիք նկարիչ, ի՞նչ  մասնագիտություն կընտրեիք:

-Այո´, մտածել եմ և մինչ այսօր էլ մտածում եմ, սակայն տարիների փորձն ինձ ցույց է տվել, որ նկարչությունն  ամբողջովին  իմն  է:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Սեդրակյանը

трафик на сайт купить
loading...

Related posts