Image default
Հասարակություն

Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները’ հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր, Նախագահի նստավայրում:

Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել.

գրականության և հրապարակախոսության ոլորտում’ Մովսես Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին «Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար,

երաժշտության ոլորտում’ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին’ «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում’ Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին (բեմադրության հեղինակ), ՀՀ վաստակավոր նկարիչ, թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանին (ներկայացման նկարչական ձևավորման և զգեստների հեղինակ), Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին և Գրիգոր Գաբրիելյանին (դերասաններ)’ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Դվոյանին’ «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակների հարգելի՛ դափնեկիրներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Պետական մրցանակների կարևորությունն ու արժեքը մեծ են մեր երկրի և հասարակության համար: Եվ մեր մրցանակակիրներն էլ մեր ժողովրդի ամենավառ անհատականություններից են, ովքեր արժանի են հասարակական գնահատանքի ու մեծարման: Այդ պատճառով է, որ մենք որոշել ենք այսուհետ մրցանակների հանձնման արարողությունը կատարել ավելի մեծ շուքով’ ընդգծելու համար պետության վերաբերմունքը նրանց ու նրանց գործի հանդեպ:

Ուրախ եմ այն իրողությամբ, որ այս տարի առաջին անգամ պետական մրցանակ է շնորհվել նաև ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում: Այս անվանակարգի բացակայությունը, կարծում եմ, սխալ էր, իսկ շտկումը’ տեղին: Մեր գիտնականները պետք է իմանան, որ երկիրն ու ժողովուրդը ուշադիր են իրենց և իրենց վաստակի նկատմամբ: Հայաստանը եղել է և պետք է շարունակի լինել գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների երկիր: Այս առումով մենք զարգացման այլընտրանք չունենք: Իմ համոզմունքն է, որ հետ մնացող Հայաստան, հատկապես գիտության և կրթության ոլորտներում, պարզապես չի կարող լինել:

Շնորհավորում եմ դափնեկիրներին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:

Համոզված եմ, որ նման մակարդակի արվեստագետներն ու գիտնականները գիտակցում են այս մրցանակի լրջությունն ու պատասխանատվությունը: Մենք մեր հերթին գիտենք, որ պետական մրցանակի արժանի գործերը մեկ օրում չեն ծնվում: Դրանցից յուրաքանչյուրի թիկունքում մի ամբողջ ստեղծագործական կյանք է’ որոնումներով ու անքուն գիշերներով, անկումներով ու վերելքներով: Հաջողությունը ոչ միայն աստվածատուր տաղանդի, այլև մեծ նվիրումի ու հսկայական աշխատանքի պտուղ է:

Շնորհակալություն եմ հայտնում հանձնաժողովների անդամներին, որոնք կատարել են մեծ ծավալի աշխատանք և բարդ ընտրություն: Ցավում եմ, որ կան անվանակարգեր, որտեղ այս տարի մենք չունենք դափնեկիրներ: Մյուս կողմից ողջունում եմ որդեգրված չափանիշներին հավատարիմ մնալու սկզբունքը և բարձր նշաձողի պահպանումը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն ու անսպառ եռանդ, որպեսզի նոր ու հետաքրքիր գործերով հարստացնեք ձեր և մեր մշակույթը, ձեր և մեր գիտությունը: Հավատացեք, որ դա մեր ժողովրդի համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի:

Շնորհակալություն:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

loading...

Կարդացեք նաև

Հիրոսիմա ու Նագասակի. 72 տարի

admin

Բազմաթիվ ծրագրեր կան իրականացնելու․ Նոր Նորք վարչական շրջանը առաջին հորիզոնականում է

admin

Mail Online ամենաճանաչված ամսագիր.NYTimes-ը այդ փաստը չի ընդունում