Ամսագիր.am
Image default
Մշակույթ

ԳարՍու.«Ես քեզ հրավիրում եմ, չէ…կանչում եմ իմ Թատրոն»

Ես

Մի անհայտ, բայց երևի ինչ որ պահի հայտնի դառնալու ճակատագրով դատապարտված մեկն ասեց.  ” Տղերք, անցյալը խմբագրելը շանտղություն ա”:  Ես էլ շատ հավատալով նրան, անխմբագիր անցյալովս ներկայանում եմ, ապրում, սերունդ ունենում, ծառ տնկում, ու մեռնում:

Մի 28 տարի առաջ որոշեցի ծնվել: Ձմեռ էր ու անբնական ցուրտ: Մերըս մի տասը տարի առաջ ասեց, որ հենց էդ օրվանից աշխարհի բողոքավորն եմ էղել: Մերերը ու մայրերը չեն սխալվում…

Իմ Թատրոնը

Թատրոնը հանդիպման վայր է…
Թատրոնում հանդիպում ես քեզ, ու քո միջի բոլոր «ԵՍ»-երին…
Թատրոնում սիրում-ատում-սիրում ես քեզ, ու քո միջի բոլոր «Ես»-երին.  դրանում քեզ կօգնեն թատերագիրը, բեմադրիչը, արտիստը և բոլոր նրանք, ովքեր մանկաբարձում են այն անկեղծ զրույցը, որը կոչվում է… ներկայացում:
Դրանում քեզ կօգնես դու, եթե ընդունես, որ հանդիսատես լինելը դեռ չի նշանակում լինել միայն դիտող-դատավոր:
Ես քեզ հրավիրում եմ… չէ, կանչում եմ իմ Թատրոն, ինչպես ամենակարևորն ասելու պահանջ ունեցող ընկերդ քեզ կսպասի… հիվանդանոցում` անշարժ պառկած…(Հատված «Իմ թատրոնը» մանիֆեստից)

Իմ գույները

Դե իմ արածը նկարել չի: Կամ գուցե էդ ա նկարելը, չգիտեմ: Մի էրկու բան ունեմ թղթի վրա, մի քանիսն էլ համակարգչով: Բայց անգամ ուղիղ գիծ գծել չգիտեմ: Ուղիղ գծերից վախենալու չափ զզվում եմ:

Մի գործի մասին ասեմ. Դեղին Մարդ գրքիս հետ էի, աշխատում էի: Լույսերն անջատվեցին: Կատաղեցի, քանի որ համակարգչով էի գրում, իսկ թղթով շարունակել չէի կարող, քանի որ կեսն արդեն համակարգչում էր: Մի խոսքով. վերցրի մոմ վառեցի, մի մեծ թուղթ ճարեցի (Կինս, Հերմինե Մոնսը նկարչուհի ա… նաև :Ճ), Մոնսի մատիտներից բռնագրավվեցի ու նկարեցի դեղին մարդ:

 

Իմ հավատը

Կասկածում եմ հավատիս ու հավատում կասկածներիս:

 

Սիրում եմ

Ջահել ժամանակ սիրում էի, որ սիրելու ընթացքում մոռանամ մենակության մասին:

Հետո, երբ ավելի ջահելացա ու սիրեցի նաև մենակությունս, սիրեցի, որ չմոռանամ մենությունս…

Վերջին սիրո խոստովանությունս լսել ա աղջիկս, ու լուռ նայել աչքերիս: Սա եղավ ծննդատանը, 6 ամիս առաջ :Ճ Ու հետո, Մոնսի գրկում, երևի պատմել ա, որ « մա, բա իմացա՞ր, էս ԳարՍուն…” ու մնացածը…

Սիրո խնդիրը` սրտի ու ուղեղի ժամանակ առ ժամանակ չփոխատեղվելն ա: Ես սիրում եմ էդպես:

 

«Քնած չղջիկի վերելքը»

Առաջին գրքիկս ա, այսինքն, համ գիրք ա համ չէ : Մի գործ ա, արձակ պոեմ-ծաղկեփունջ: Սկզբնական մտահղացումը պիտի լիներ կինոկադր: 2009-ին, ՆՓԱԿ-ում, մեկ կադր րոպե կարճ ֆիլմերի փառատոնին էի ուզում մասնակցել` Քնած չղջիկի վերելքը մեկ րոպեանոց կադրով.  կադրը չստացվեց նկարել, դառավ էն` ինչ կա:  Պոմի շնորհանդեսը մեկ քառակուսի մետր թատերական փառատոնին եղավ, 2009-ին, էլի ՆՓԱԿ-ում` Գագիկ Ղազարէի հիմնադրմամբ ու նախագահությամբ (փառատոնների մասին է խոսքը):

Անկեղծ` ես չէի հասկանում ի՞նչ ա էդ պոեմը: Ներկայացման պիես, կինոսցենար… ու նախաբանը հենց էդ էր: «…սա չգիտեմ, պոեմ է, թե ուրիշ բան: Սա կարող էր լինել մեկ կադրանոց ֆիլմ, մի քառակուսի մետրանոց բեմով ներկայացում…» և այլն:

Զղջում եմ

Ի՞նչի համար զղջամ, ի՞նչ կփոխվի դրանից: Ոչ մի բան: Զղջում եմ, որ ցեղասպանվել եմ, զղջում եմ, որ բազմիցս խաբվել եմ գերտերություններից, զղջում եմ, որ ինձ դարեր շարունակ անտեր եմ զգացել, այսինքն` զղջացել եմ…հիմա` ուզում եմ հասկանալ, որ էլ ոչ ցեղասպանվեմ, ոչ էլ զղջամ էլ :

Երազում եմ

Քար տաշելուց (այսինքն` սովորելուց) երազում եմ թատրոնիս հետ, թատրոնում` գրականությանս հետ, գրելուց` կինոյիս հետ: Ու էս բոլորը, ու էլի ինչ որ բաներ երազվում են ընտանիքումս:

Վերջում

Եզրափակում չկա: Հերթական հորինվածքներից մեկն ա, քնաբեր դեղի պես մի բան: Եզրափակում ենք, որ հանգիստ քնենք, որ հանգիստ երազենք: Եթե դու ուզում ես հանգիստ քնես, քնի, ես չեմ ուզում ու երևի չեմ էլ կարող… Ամեն օր, իմ առաջին ատամը հանելու ընթացքի մեջ եմ: Ամեն օր լինդ պիտի ծակենք, ատամ պիտի հանենք: Հերիք ա անատամ հաչացողի պիտակը: Վերջո՞ւմ.

– Բա~րև, Կյանքս, ես քեզ սիրում եմ…

loading...

Կարդացեք նաև

Կադրեր «Մթնշաղ» («Twilight»/«Сумерки») ֆիմի նոր մասից

Սուսի Միսակյան

Ջենիֆեր Լոուրենսն ու Խավիեր Բարդեմը կնկարահանվեն Դարեն Արոնոֆսկու նոր ֆիլմում

admin

1948 թվականի այս օրը ինքնասպան եղավ Արշիլ Գորկին

admin