Ամսագիր.am
Image default
Արժե ճանաչել

«Նկարչությունը միայն հաճույք չէ». Լիլիթ Մայիլյան

«Լիլիթ Մայիլյանի ստեղծագործական աշխատանքները իրենց բնույթով բազմաժանր են, բազմաոճ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ չի դրսևորվել նրա աշխատանքների կաղապարը: Սակայն դա թերևս չի լինի որսալ միանգամից, քանզի Լիլիթի արվեստի ձևերն ու գույները արտահայտվում են իրենց ընթացիկ զարգացման, այլ ոչ թե ստաբիլ, ավարտուն սահմանումների մեջ»:

Աննա Գալստյան (արվեստաբան)

Երեկ Նարեկացի Արվեստի միությունում կայացավ Լիլիթ Մայիլյանի ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Մաան Կումար Ծոուդարին իր մի քանի աշխատանքներով: Լիլիթ Մայիլյանի աշխատանքները վերջերս գնահատվել էր նաև Թեհրանում: Թե ինչ առաքելությամբ էր այնտեղ նկարչուհին պարզեցինք հարցազրույցի ընթացում:

-Թեհրանից 200 կիլոմետր հետու Չալուսում էինք, Կասպիս ծովի ափին: Գնացել էինք ասորական հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմի շնորհանդեսին. աշխատակազմն էր հրավիրել` համայնքի կողմից: Վերադարձել ենք հիացած ու նոր տպավորություններով, որը հաստատ կարտահայտվի իմ գործերում:

-Որն էր  ամենազգալի տարբերությունը մեր և նրանց նկարչության մեջ:

-Շատ եմ հավանում նրանց մոտեցումը նկարչությանը, մի բան, որ մեզ մոտ չկա: Նախ ասեմ, որ ամբողջ քաղաքի շենքերը նկարազարդված էին հետաքրքիր զարդանախշերով և բոլորը նույն ձեռագրով, առանց ավելորդությունների, առանց ճչացող գույների: Ինձ ցցնցել են ցուցասրահները.  Շահի համալիրում ենք եղել, տեսել ենք նրա հավաքածուները, որոնք նվիրել էին հայտնի նկարիչներ: Նկարչությունը շատ հարգի է այնտեղ, հատկապես դեկորատիվ արվեստը:

Եթե արվեստը չունի հայրենիք, ապա արվեստագետը պիտի ունենա: Քո հայրենիքը կ՞ա քո աշխատանքներում:

-Ձգտում եմ, որ դա երևա, չգիտեմ որքանով է ստացվում, բայց շատ եմ ցանկանում, որ զգացվի իմ արմատները` գույներից, քսվածքներից: Հայկական դպրոց շատ է տարբերվում ամբողջ աշխարհում և  միշտ դրսում գտնում է իր ուրույն տեղը: Եվրոպայում հայկական դպրոցը ավելի է գնահատվում, քան ռուսականը կամ վրացականը:

Ունես համարձակություն դուրս գալ ավանդական ոճի սահմաններից ու ստեղծել քոնը:

-Ավանդական և ավանգարդ ոճերի հետևորդները երկու բանակ են, որոնք դեռ ժամանակի ընթացում կգտնեն իրենց տեղերը: Ես շատ եմ ուզում ապստրակտ նկարչությունը ներկայացնել հայկական ձևով: Մենք ունեցել ենք, ճիշտ է, Արշիլ Գորկի, որը անհասանելի բևեռ է, սակայն կարծում եմ, ես էլ կգտնեմ իմ հանդիսատեսին, որը կգնահատի իմ գործերը:

_Պատվերներ ընդունո՞ւմ ես: Եվ ինչպես ես վերաբերվում պատվերներին:

_Պատվերներից աշխատում եմ զերծ մնալ, հատկապես, երբ պատվիրատուն շրջանակներ է դնում: Հատկապես արտանկարի պատվերներ եմ ունենում: Պատճենահանել եմ նաև Սուրենյանցի նկարը, որը հիմա Տեխասում է, դա երկրորդ դեպքն էր, որ պատճենահանվել է այդ նկարը: Շատ գոհ էր պատվիրատուն, սակայն դա քրտնաջան, պատասխանատու աշխատանք է:

-Ի՞նչ խորհուրդ ես տալիս սկսնակ նկարիչներին:

-Ուզում եմ իմանան, որ նկարչությունը հաճույք չէ  միայն, քրտնաջան աշխատանք է: Շատ դժվարություններ կան այս ճանապարհին:

Երկու աղջիկ ունես: Խորհուրդ կտա՞ս նրանց դառնալ նկարչուհի:

– Փոքր աղջիկս` Էլինան, շատ է սիրում նկարչությունը, ամբողջ օր նկարում է սպասումով, թե ես երբ պետք նրա համար մեծ կտավ գնեմ: Եթե օգնող ունենան դժվար չի լինի, բայց կարևոր չէ, որ նկարչուհի դառնան, կարևորը ծանոթ լինեն արվեստին, էսթետիկ, հարմոնիկ զարգացում ունենան:

« Լիլիթ Մայիլյանի արվեստը օրգանական ձևերի մի շտեմարան է, որտեղ խաչվում են մոդեռն արվեստն ու ռեալիզմը, սիմվոլիզմն ու նատուրալիզմը: Եվ այն հետաքրքրիր նոր ձևեր կարող է ստանալ ապագայում…», – սա արվեստաբան Աննա Գալստյանի կարծիքն է:

 

 

Դուք կարող եք կարծիք ձևավորել Լիլիթ Մայիլյանի ստեղծագործությունների մասին մինչ հուլիսի 17-ը այցելելով Նարեկացի արվեստի միություն:

 

Սուսի Միսակյան

 

 

 

loading...

Կարդացեք նաև

«Ֆիզիկական ոչ մի խոչընդոտ ի զորու չէ կասեցնել նպատակներիդ իրագործումը» Արտակ Բեգլարյան

admin

Ռոբերտ Էլիբեկյան`«Ամենակարևորը մարդկային հարաբերություններն են»

admin

Զարբաբ Յան. «Իմ ընթերցողը կարող է լինել յուրաքանչյուրը»

admin