Արսեն Գրիգորյանը այն երգիչներից է ում գործունեությունը չի սահմանափակվում տեսահոլավակներ ու ալբոմներ թողարկելով: Երգիչը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ, հաճախ կարելի է տեսնել նրան երիտասարդների կողքին, որպես քաջալերող և աջակցող: Իսկ նրա երգերը մաքուր ակունքներից բխող կաթիլներ են, որոնք միտում ամեն հայի տանել դեպի իր արմատները:
– Դուք ձեզ համարո՞ ւմ եք հայակական շոու – բիզնեսի ներկայացուցիչ, չէ՞-որ ամեն դեպքում շատ եք առանձնանում ձեր ոճով:
– Առաջին հերթին ես երգիչ եմ, ով փորձում է իր անձը միջոց դարձնելով ծառայել հայ մաքրամաքուր երգին: Ես երգում եմ այն երգերը, որոնք իրենց մեջ հայի տեսակը պահելու ուժ ունեն` դա լինի կատակերգ, հայրենասիրական թե լիրիկական: Իսկ ինչ վերաբերում է ոճով շատ առանձնանալուն. ապա ասեմ, որ դա հատուկ արված չէ. իմ ոճը իմ ներաշխարհից, իմ մտքից ու ապրելակերպից է բխում: Իսկ շոու-բիզնեսի ներկայացուցիչ եմ թե ոչ , կթողնեմ ձեր և ընթերցողի հայեցողությանը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ժողովրդական, ազգագրական երգերի ժամանակակից մեկնաբանումներին:
– Ես ինքս էլ, որոշ երգերի ժամանակակից շունչ եմ տալիս, այդ ամենին դեմ չեմ, որովհետև ժամանակները փոխվում են , ժամանակի հետ փոխվում է նաև մեր հագուստը, կարևորը էությունը չփոխվի: Դեմ չեմ ջինս հագնելուն, կարևորը մեր ներսը, հոգին ջինսոտ չլինի : Նույնն էլ երգն է: Սակայն այս ամենով պիտի զբաղվեն այն մարդիկ, ովքեր այդ միջավայրից են, ովքեր հասկանում են թե ինչ է նշանակում հայկական հնչերանգ (ինտոնացիա) , հայկական ձայներանգ (տեմբր) և որ ամենակարևորն է` ինչ է նշանակում առհասարակ հայերեն: Այս մարդիկ պետք է զգուշությամբ վերաբերվեն հայ երգին, որ ամեն ինչ չկորչի, որ հայերենի շեշտադրությունը փոփոխության չենթարկվի: Պետք է ճանաչեն հայ ազգային երգն իր բոլոր ճյուղերով: Պետք է գիտակցեն այն, որ այդ երգերն ավելի արժեքավոր ու թանկ են, քան յուրաքանչյուրս, պետք է գիտակցեն , որ երգն ավելի երկար է ապրում քան մենք: Մենք պարտավոր ենք նպաստել հայ երգի պահպանմանն ու կամուրջ հանդիսանալ այդ երգերի փոխանցման համար:
– Երգչի առաքելությունը միայն երգելը չէ: Խոսենք ձեր հասարակական ակտիվ գործունեության մասին:
– Երգից բացի իմ մնացած գործունեությունը ոչ թե հասարակական գործունեություն է, այլ հասարակական վերաբերմունք: Իմ ապրելաձևն է այդպես, իմ քաղաքացիական և մարդկային վերաբերմունքն ունեմ հասարակության նկատմամբ: Յուրաքանչյուրս, չգրված օրենքներով պարտավորություններ ունենք: Ընդամեը մի քանի տարի է, որ մեր պետությունը ոտքի է կանգնել, և բնական է, որ որոշակի սոցիալական և այլ խնդիրներ կարող ենք ունենալ: Ամեն մեկս մեր դերը պիտի ունենանք մեր հասարակության խնդիրների լուծման և պետականության կայացման հարցում:
-Երգը արդեն իսկ պատգամ է, ի՞նչ եք ձգտում փոխանցել երգերի միջոցով:
– Եթե խոսքը ազգային երգի մասին է, ապա ոչ թե երգը պիտի ծառայեցնենք ինչ որ նպատակի , այլ այն արդեն նպատակ է , որին պիտի ծառայենք : Մեր երգի մեջ մի ուժ կա, որը մեզ սովորեցնում է ամեն ինչ հայերեն անել. հայրենիքը սիրելը, ծնողասիրությունը և այլն: Դարերի խորքից եկող, մեր մշակույթի կարևոր մաս կազմող հայ երգը պիտի պահպանենք և փոխանցենք մեր զավակներին: Մեր երգը մեր նկարագիրն է` մեր անցյալն է, մեր ներկան և մեր ապագան: Մենք կգանք ու կգնանք, բայց հայ երգը միշտ կապրի :
-Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների մասնակցությունը հասարակական մշակութային կյանքում:
– Մենք ունենք հրաշալի շնորհալի երիտասարդություն, ովքեր իրենց դրական և ազգանվեր մասնակցությունն են ունենում մեր հասարակական, մշակութային կյանքում: Այլ հարց է , թե հեռուստատեսությունը, մամուլը, մեր երիտասարդության որ «հատվածին» է անդրադառնում : Այսօր ավելի շատ պրոպագանդվում են այն երիտասարդները, ովքեր դրամից ու հովանավորից բացի ուրիշ ոչինչ չունեն ( այս դեպքում կարևոր չէ շնորհքով են թե ոչ): Սա մի խնդիր է, որը բոլորինս է, որովհետև այս նույն ապաշնորհ և անտաղանդ երիտասարդներին սատարելով , եթերի և այլ հնարավորություններ տալով , մենք ինքներս մասնակից ենք դառնում նրանց պատուհաս դարձնելու մեր և մեր պետության գլխին: Իսկ շնորհալի երիտասարդները, ովքեր զբաղվում են լուրջ գործով և ուզում են նվիրյալ լինել մեր մշակույթին` նրանց նկատմամբ չգիտես ինչու անուշադիր ենք : Արժեքային համակարգի մեծ խնդիր ունենք:
– Դուք ունենք նաև սաներ, ի՞նչ կարևոր խորհուրդ եք փոխանցում նրանց:
-Իմ դպրոցի, իմ սաների միջոցով փորձում եմ հավատարիմ մնալ վարպետիս` երջանկահիշատակ Հովհաննես Բադալյանի պատգամին : Երիտասարդներին փոխանցում եմ այն ամենն, ինչ ես ժառանգել, սովորել եմ մեր մեծ վարպետներից` Հովհաննես Բադալյանից և հայ երգի հայրիկ` Հայրիկ Մուրադյանից: Փորձում եմ, նրանց իբրև երգիչների դաստիարակել այնպես, որ նրանք երգի մեջ կարևորեն խոսքի իշխանությունը: Նրանք գիտակցում են, որ ծառայելով հայ երգին, ոչ միայն պահում ու պահպանում են մեր գանձերը, այլև նրանց միջոցով գալիք սերնդին ճանաչել են տալիս իրենց արմատները: Քանզի հայ երգն ինքնին արդեն պատմություն է, որն իր մեջ ամփոփում է մի մեծ ժողովրդի մի մեծ պատմություն:
Հարցազրույցը` Սուսի Միսակյանի