Բազմազավակ մայրերի իրավունքների պաշտպանը
Մարգարիտա Հովսեփյանը «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է:
Հասարակական կազմակերպություններ այսօր շատ կան, սակայն հատկապես այս ՀԿ-ն ու նրա նախագահը գրավեց մեր ուշադրությունը:
Կազմակերպության նախագահ Մարգարիտա Հովսեփյանն ինքը հինգ որդիների մայր է ու կյանքում հանդիպած բազմապիսի դժվարություններից հետո հասկացել է, որ պետությունը բազմազավակ մայրերին հարգում է, բայց չի աջակցում:
Լինելով իրավաբան նա կարողացել է քիչ թե շատ լուծում տալ իր խնդիրներին, սակայն կան այնպիսիք, ում «ձայնը վերևներին չի հասնում»:
Մի քանի ամսվա կյանք ունեցող հկ-ն արդեն ունի բազմաթիվ կյանքի կոչված ծրագրեր: Դիմում են բազմազավակ մայրերը բազմապիսի խնդիրներով, որոնք ուսումնասիրելով Մարգարիտա Հովսեփյանը առաջարկում է լուծման եղանակներ կամ բարձրաձայնում առկա խնդիրների մասին:
Տիկին Մարգարիտայի հետ այցելեցինք իր կազմակերպության անդամներից մեկին` Աննա Հակոբյանին, ով այսօր մեկն է այն բազմազավակ մայրերից, ում պետությունը ոչ մի կերպ չի աջակցում:
Աննայի ամուսինը երեք զավակների հետ մենակ թողնելով նրան մեկնել է արտասահման լուր չտալով իր գտնվելու վայրի մասին: Լքված ընտանիքը ապրելով բարեկամների տանը, նկուղներում , մի կերպ գոյատևել է, մինչև Աննան հանդիպել է ներկայիս ամուսնուն` Հովհաննես Հարությունյանին, որի կինը չդիմանալով սոցիալական սուղ պայմաններին հեռացել էր, ամուսնուն թողնելով երեք աղջիկների հետ, որոնցից փոքրը` Անին , ընդհամենը երեք ամսական էր:
Աննան իր զավակաների հետ տեղափոխվել է Հարությունի բնակարան, նրա աղջիկների համար դառնալով մայր` խնամել ու հոգ է տարել չտարբերելով սեփական երեխաներից:
Առաջին հայացքից համերաշխ ու երջանիկ ընտանիքը ունի բազմաթիվ հոգսեր: Ամուսինը ` Հարությունը, ունի հաշմանդամության կարգ.սրտի արատի պատճառով նրան հակացուցված է որևէ ֆիզիկական աշխատանաք:
Ընտանիքն ապրում էր Աննայի համեստ վաստակով, սակայն վրա հասավ անսպասելի հիվանդությունը` նրա մոտ ախտորոշվեց ստամոքսի խոց և աշխատելը դարձավ անհնար:
Հինգ դպրոցական երեխաներ, երկու սենյականոց չսեփականաշնորված մի տուն, որտեղ պայմանները սոսկալի են. առնետներ, կաթող
տանիք և … Այս ամենի հետ այս համերաշխ ընտանիքը չի ընկճվում. « Ես շոր ու կոշիկ չեմ ուզում, ես մուրացկան չեմ, ես ուզում եմ առողջությունս վերականգնեմ, որ երեխեքիս տիրություն անեմ».- ասում է Աննան:
Տիկին Մարգարիտան հույս ունի, որ պետությունը գոնե զեղչերով կօգնի բժշակական միջամտության իրականացմանը, իսկ մնացած գումարը…
Այս աշխարհում դեռ կան բարեացակամ մարդիկ, ովքեր գոնե չնչին դրամական օգնություն կտրամադրեն այս ընտանիքին: Կապնվեք մեզ հետ, եթե այս մանուկների ճակատագիրը փրկելու ելքեր ունեք:
Նրանք հինգ անչափահասներ են, խելացի, առողջ երեխաներ, որոնց կարիքը կարող է դրդել ամեն ինչի…