Մոնրեալում հայերը բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի. քաղաքապետը հանդես կգա հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ

7

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել․ ցույցի մասնակիցները Կանադային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիան, գրում է տեղական CTV News-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, սպասվում է, որ այսօր Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը հանդես կգա հակամարտության վերաբերյան հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։