Universal Studios-ը հայտարարել է «Կոշկավոր կատու 2» մուլտֆիլմի թողարկման ամսաթիվը

7

Universal Studios-ը և DreamWorks Animation-ը հայտարարել են «Կոշկավոր կատու» մուլտֆիլմի երկրորդ մասի թողարկման ամսաթիվը, հայտնում է Deadline-ը:

2011 թվականին ներկայացված մուլտֆիլմի երկրորդ մասը կկոչվի «Կոշկավոր կատու. վերջին ցանկությունը». այն էկրան կբարձրանա 2022 թվականի սեպտեմբերի 23-ին:

Նախագծի ռեժիսերն է Ջոել Քրոուֆորդը, իսկ պրոդյուսերը՝ Մարկ Սվիֆթը: Նշենք՝ երկու կինոգործիչները միասին աշխատել են 2020 թվականին թողարկված «Կրուդսները. բնակարանամուտի խնջույք» (Croods: Housewarming) անիմացիոն ֆիլմի վրա:

Ըստ Deadline-ի՝ «կոշկավոր» հմայիչ և համարձակ կատվին կրկին հնչյունավորելու է «Օսկար»-ի հավակնորդ Անտոնիո Բանդերասը:

Նշվում է՝ այս մուլտֆիլմում գլխավոր հերոսը կորցրել է իր 9 կյանքերից 8-ը: Վերջիններս վերականգնելու համար կատուն սկսում է վտանգավոր ճանապարհորդություն՝ գտնելու առասպելական «վերջին ցանկությունը»: