Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 830 միլիոն եվրո նվիրատվություն են հավաքել

5

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշալոն ասել է, որ 830 միլիոն եվրոյի նվիրատվություն է հավաքվել Նոտր Դամ տաճարի վերականգնման համար, որը վնասվել էր 2019-ին տեղի ունեցած ավերիչ հրդեհից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հավաքվել է 830 միլիոն եվրո նվիրատվություն, բացարձակապես աննախադեպ գումար: Բնականաբար, ես այս ֆոնդի ճիշտ եւ թափանցիկ օգտագործման երաշխավորն եմ»,- ասել է Բաշալոն՝ պատասխանելով սենատում տրված հարցերին:

Նախարարը նշել է, որ հավաքված գումարը թույլ կտա սկսել տաճարի վերականգնումը:

Մշակույթի նախարարության ղեկավարը հավաստիացրել է, որ Նոտր Դամը կբացվի 2024 թվականին:

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենամեծ հրդեհը տեղի ունեցավ 2019 թվականի ապրիլի 15-ին: Փլվեց տաճարի սրածայր աշտարակը, հրդեհ բռնկվեց հիմնասյուներում: Հրդեհը ոչնչացրեց տանիքի հազվագյուտ փայտե շրջանակը, որը պատրաստված էր 800 տարվա կաղնեփայտե սյուներից՝ յուրաքանչյուրը պատրաստված մեկ ծառի բնից: