«Հրապարակ». Օրենքի ճակատագիրն անհայտ է. ի՞նչ են խոսել նախագահն ու նախարարը

7

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին անհայտ է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի հետագա ճակատագիրը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն 2 օր ուշացումով է օրենքն ուղարկել ՀՀ նախագահի հաստատմանը։ Իրավական ընթացակարգերի պահպանման դեպքում նախագահն այն նորից հետ պիտի ուղարկի ԱԺ։ Սակայն ապրիլի 2-ին նախագիծը ստացած Արմեն Սարգսյանը դեռ քայլ չի անում՝ ո՛չ ԱԺ է ուղարկել, ո՛չ ՍԴ է դիմել՝ աչք փակելով ուշացման վրա:

Նախարարը թեեւ հյուրընկալվել էր Արմեն Սարգսյանին, սակայն երեկ վստահեցրեց, որ այդ հարցը չեն քննարկել։ Օրենքի ճակատագրի վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ իրավական ճանապարհով լուծում կստանա։ Ի՞նչ նկատի ունեք։ «Իրավական ճանապարհ, նկատի ունեմ՝ օրենքի շրջանակներում»։

Դիտարկմանը, որ օրենքով՝ ուշացման դեպքում պետք է այն հետ ուղարկվի, եւ սկսեն զրոյից, ասաց․ «Այդ հարցին ես ի զորու չեմ պատասխանել»։ Իսկ նախագահն ի՞նչ է ասել՝ ստորագրելո՞ւ է, հե՞տ է ուղարկելու, թե՞ ՍԴ է դիմելու։ «Այդ թեմայով չենք խոսել, աշխատանքային քննարկում է եղել՝ մեր ոլորտի հետ կապված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում