Որոնք են տագնապային խանգարումների մասին հուշող հիմնական ախտանշանները

6

Տագնապային խանգարումները բավական տարածված են և հանդիպում են շատ ավելի հաճախ, քան շատերն են կարծում, սակայն քչերին է հայտնի, թե ինչ դերսևորումներ կարող են ունենալ նման խանգարումներն ու որ ախտանշաններն են հուշում անհապաղ մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին։

Գիտնականները ենթադրում են, որ տագնապային խանգարումները կարող են զարգանալ ինչպես գենետիկ գործոնների, այնպես էլ արտաքին միջավայրի ազդեցության հետևանքով։ Այս խնդիրը հստակ ախտորոշելը երբեմն բավական բարդ է լինում, սակայն այնուամենայնիվ մասնագետներն առանձնացնում են մի շարք ախտանշաններ, որոնք ընդհանուր են լինում տանգապային խանգարումների տարբեր տեսակների մեծ մասի համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։

Չափազանց մեծ անհանգստություն

Ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ պատճառներով անհանգստանալը բնական երևույթ է, սակայն ընդհանրացված տագնապային խանգարում ունեցող մարդկանց համար նման անհանգստությունը կարող է մշտական բնույթ կրել։ Նման դեպքերում մարդիկ անհանգստանում են առողջական, ֆինանսական կամ ընտանեկան խնդիրների պատճառով անգամ այն դեպքերում, երբ անհանգստության լուրջ պատճառ իրականում չկա։ Ընդ որում՝ նման դեպքերում անհանգստությունը սովորաբար չի հաջողվում վերահսկողության տակ պահել։

Քնի հետ կապված խնդիրներ

Հասուն մարդկանց հանգստի համար սովորաբար հարկավոր է քնել օրական 7-9 ժամ, մինչդեռ տագնապային խանգարումները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա՝ թույլ չտալով ինչպես հարկն է հանգստանալ։ Եթե նկատվում են քնի խանգարումներ, մասնավորապես՝ քուն մտնելու գործընթացի հետ կապված խնդիրներ կամ գիշերվա ընթացքում պարբերաբար ընդհատվող քուն, ապա հարկավոր է անպայման ուշադրությունն դարձնել հոգեկան առողջությանն ու անհրաժեշտության դեպքում բուժզննում անցնել։

Անտրամաբանական վախ

Եթե վախը դառնում է անհաղթահարելի, կլանող ու իրական վտանգին անհամաչափ, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել մասնագետի հետ։ Նման իռացիոնալ վախը տագնապային խանգարման ամենավառ ախտանշաններից մեկն է, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Մկանային լարվածություն

Տագնապային խանգարումները հաճախ են ուղեկցվում մշտական մկանային լարվածությամբ, օրինակ՝ ծնոտի կամ բռունցքների սեղմվածությամբ, ուստի նման խնդրի առկայությունը չի կարելի անտեսել։ Այս ախտանշանը կարող է այնքան կայուն ու տարածված լինել, որ մարդը կարող է անգամ երկար տարիներ չնկատել այն՝ շարունակելով բնականոն կյանք վարել ու անտեսելով առկա խանգարումը։

Մարսելախանգարում

Տագնապային խանգարումներով հիվանդները շատ հաճախ են գանգատվում նաև մարսողական համակարգի հետ կապված խնդիրներից, այդ թվում՝ սրտխառնոցից, փորլուծությունից, մարսողության խանգարումից և այլն։ Եթե նման խնդիրների առկայությունը պայմանավորված չէ որևէ այլ պատճառով, ապա հարկավոր է դիտարկել այս խանգարումների հավանականությունն ու դիմել համապատասխան մասնագետին։

Վախ սոցիալական ակտիվությունից

Տագնապային խանգարումների առկայության դեպքում մարդկանց հաճախ թվում է, թե հանրային վայրերում մարդիկ ուշադիր զննում են իրենց ու նկատում անգամ ամենաչնչին թերությունները, ուստի նրանք հաճախ են խուսափում սոցիալական ակտիվությունից։ Նման դեպքերում նրանք կարող են կարմրել ու դողալ։ Բացի այդ, կարող են նկատվել այնպիսի դրսևորումներ, ինչպիսին են սրտխառնոցը, առատ քրտնարտադրությունն ու դժվարացած խոսքը։

Խուճապային գրոհներ

Խուճապային գրոհը բավական տարածված խնդիր է, որը բնորոշվում է անկառավարելի վախի ու անօգնակարության զգացմամբ։ Նման գրոհները կարող են ուղեկցվել բավական լուրջ ֆիզիկական ախտանշաններով, այդ թվում շնչառական խնդիրներով, սրտխփոցով, ձեռքերի թմրածությամբ կամ ծակծկոցով, առատ քրտնարտադրությամբ, թուլությամբ ու գլխապտույտներով, ինչը հաճախ լուրջ վախի պատճառ է դառնում։ Սա բացատրվում է նրանով, որ մշտական հոգեկան լարվածության դեպքում մարդու օրգանիզմում բարձրանում է կորտիզոլ ու ադրենալին հորմոնների մակարդակը, ինչն էլ նման դրսևորումներ է ունենում։

Պերֆեկցիոնիզմ

Հավանական տագնապային խանգարման ախտանշան կարող է լինել նաև պերֆեկցիոնիզմն ու անդադար ինքնաքննադատությունն անգամ ամենաչնչին սխալի դեպքում։ Այս ախտանշանը հատկապես բնորոշ է Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը (ՕԿԽ), ուստի դրա առկայությունը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում տագնապային խանգարումներով, սակայն դրանց առկայությունը, այնուամենայնիվ, հուշում է անհապաղ մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ և բուժզննում անցնել անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru